Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՂՋԻԿՍ ԽԱՂԱՂ ԵՎ ՈՒԺԵՂ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՊԻՏԻ ԱՊՐԻ



fbt

fbt

Անդրանիկ Մանուկյանն իր սրտի մասնագիտության՝ կավագործության հետ «հանդիպեց» ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո: Այսօր Անդրանիկն ունի իր կավագործական արվեստանոցը, և նրա պատրաստած զարդերը, սպասքն ու հուշանվերները վաճառվում են Հայաստանի տարբեր մարզերում:

 

-Անդրանի՛կ, եկեք մեր զրույցն սկսենք Ձեր ծննդավայր Դաշտավանից: Շե՞ն գյուղ է, ինչո՞վ են մարդիկ զբաղվում, ինչպե՞ս են ապրում:

-Դաշտավանը մեծ գյուղ է, գրեթե կպած է մայրաքաղաքին: Գյուղացիների զգալի մասը Երևանում է աշխատում, բայց դա չի նշանակում, որ դաշտավանցիները այգեգործությամբ ու անասնապահությամբ չեն զբաղվում: Օրինակ՝ իմ ընտանիքը միշտ էլ անասուններ է պահել՝ կովեր, ցլեր, հավեր: Նաև՝ բանջարանոց ունենք: Ի դեպ, դա ծնողներիս ապրուստի միակ միջոցը չէ. հայրս ֆիզկուլտուրա է դասավանդում դպրոցում, մայրս էլ բարձրագույն կրթություն ունի, մաթեմատիկայի մասնագետ է: Ես փոքր տարիքից տեսել եմ, թե ինչպես են հայրս ու մայրս առավոտից իրիկուն աշխատում, միշտ աշխատանքի գովք եմ լսել: Աշխատասիրությունն իմ արյան մեջ է:

-Դուք Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն եք ավարտել, բայց այսօր լիովին հրաժարվել եք մասնագիտությունից:

-Հայրս նաև կարատեի մարզիչ էր ու ինձ էլ էր մարզում: Բացի դրանից, ես սիրում էի դասավանդել, սովորեցնել: Հիմա էլ եմ սիրում: Բնականաբար, պիտի ընտրեի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը, որ հորս պես դառնայի սպորտի ուսուցիչ: Աշխատանքային կենսագրությունս սկսել եմ ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության ամբիոնում: Զուգահեռ աշխատել եմ մանկապարտեզում՝ որպես ֆիզդաստիարակ:

-Դասախոս և մանկապարտեզի ֆիզդաստիարա՞կ…

-Այո՛, որտեղ սրտամոտ աշխատանք կա, ես այնտեղ եմ՝ առանց բարդույթի, առանց պաշտոնները իրար հետ համեմատելու: Ծնողներիցս եմ սովորել: Մի օր էլ հասկացա, որ չեմ ուզում Երևանում աշխատել: Երևի այդ մղումը բանակից մնաց. ուզում էի մոտ լինել սահմանին: Երբ ծանոթացա «Դասավանդիր Հայաստան» ծրագրին, թողեցի աշխատանքս ինստիտուտում, գնացի Տավուշի մարզ՝ Մովսես սահմանամերձ գյուղում ֆիզկուլտուրա դասավանդելու:

-Բանակին շատ հպանցիկ անդրադարձաք:

-Երբ առաջին անգամ հայրս բացատրում էր, թե ինչ է Հայրենիքը, ասաց, որ Հայրենիքը պետք է պաշտպանել: Պետք է մարզվել, կոփվել, ուժեղանալ, գնալ բանակ, կրակել սովորել ու կանգնել Հայրենիքի սահմանին: Հայրս այս ամենը պատմում էր առանց պաթոսի, առանց ճռճռան բառերի, ու ես մանկուց բանակում ծառայելը ընկալում էի որպես տղամարդու առաջնային պարտականություններից մեկը, որը չի վիճարկվում: Ժամանակը եկավ, գնացի բանակ: Ու Հայրենիքը պաշտպանելու պարտականությունս կատարելու համար ներդրեցի ամբողջ ուժերս: Անկեղծ ասած՝ ես ոչ մի գործում գլուխ չեմ պահել, բանակում՝ առավել ևս: Ծառայել եմ սահմանային զորամասում, որտեղ դիրքեր էինք բարձրանում ոտքով, քանի որ կտրուկ զառիվեր ճանապարհը մեքենան չէր կարող հաղթահարել: Առավոտյան դուրս էինք գալիս զորամասից, որ կարողանանք մութը չընկած դիրքեր հասնել: Ձմռանը ձյունը հասնում էր մեր գոտկատեղին, բայց առանց վարանելու, ճեղքելով գնում էինք դիրքեր: Ես բանակից վերադարձել եմ բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով և «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով:

Բանակը հասունության լուրջ դպրոց է, բայց շատ բան կախված է սովորելու քո պատրաստակամությունից ու ջանքից, ինչպես նաև քեզ բաժին ընկած սպաների կերպարից: Ես դա հասկացա, երբ փոխվեց մեր գումարտակի հրամանատարը, ու նախկինում անհաղթահարելի թվացող շատ խնդիրներ լուծվեցին: Բանակը իմ կյանքում շրջադարձային սկիզբ էր: Սահմանային ծառայությունը, մարտական հերթապահությունից մնացած հիշողություններն էին պատճառը, որ ես թողեցի աշխատանքս Երևանում և գնացի սահմանամերձ Տավուշ: Այնտեղ էլ ծանոթացա կավագործության վարպետների հետ:

-Ձեր սպասելիքներն իրականացա՞ն սահմանամերձ Մովսես գյուղում: Այն, ինչ չէիք գտնում Երևանում, Տավուշում գտա՞ք:

-Ավելի քան գտա: Մովսեսում ամեն ինչ ուրիշ էր՝ մարդիկ, մարդկային փոխհարաբերությունները: Այնտեղ մտերմությունը, գթասրտությունը, միմյանց օգնելը, հյուրասիրությունը, միասնությունը, անկեղծությունը հատուկ էին յուրաքանչյուրին, իսկ երեխաները լի էին գեղեցիկ երազանքներով, սպունգի պես ներծծում էին այն, ինչ տալիս էիր, լիներ գիտելիք, թե սովորական խրատ: Այնտեղ մարդը մարդու հետ զրուցում էր, մարդիկ լսում էին իրար: Կյանքի ռիթմը դանդաղ էր, բայց լի: Մի տեսակ՝ մանրամասն էիր ապրում, ոչ թե հպանցիկ: Ես աշխատում էի խանդավառված: Ազգային պարերի խմբակ ունեի, ֆոտոլրագրության… Մենք Մովսես գյուղի դպրոցում գրադարան հիմնեցինք, կավագործության խմբակ բացեցինք…

ԱՂՋԻԿՍ ԽԱՂԱՂ ԵՎ ՈՒԺԵՂ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՊԻՏԻ ԱՊՐԻ-Դուք ի՞նչ կապ ունեք ազգային պարերի, կավագործության կամ ֆոտոլրագրության հետ:

-Սրանք մասնագիտություններ են, որ ես սիրել ու սովորել էի: Ժամանակին պարել էի Գագիկ Գինոսյանի խմբում ու կարող էի իմ փորձը փոխանցել երեխաներին, նույնը վերաբերում է ֆոտոլրագրությանը: Իսկ կավագործությամբ սկսեցի հետաքրքրվել այն պահից, երբ «Կայթ» մշակութային հիմնադրամը մեր դպրոցի երկու աշակերտների կավագործություն սովորելու հնարավորություն տվեց: Ես հասկացա, որ դա իմ սրտի մասնագիտությունն է: Բառերով չես նկարագրի այն հոգեկան վայելքը, խաղաղությունը, ներքին հրճվանքը, որ ես զգում եմ կավի հետ աշխատելիս: Մի օր էլ որոշեցի ավարտել իմ գործունեությունը Տավուշում և վերադառնալ ծննդավայր՝ Դաշտավան, հիմնել կավագործական արվեստանոց, սովորել ու աշխատել: Ես սովորել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստուդիաներում, «Արհեստի ու արվեստի կրթարանում» աշակերտել եմ հայ ու ճապոնացի վարպետների… Իմ պատրաստած սպասքը, ջնարակապատ զարդերը, հուշանվերները, մոմակալները մասնակցում էին ցուցահանդեսների, դրանք մրցունակ էին ու պահանջարկ ունեին:

-Ձեր կենսագրությունում գրված է, որ կավագործություն եք ուսուցանում ոչ միայն Ձեր ծննդավայրում, այլև Սևանում, Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Արարատի մարզի Դաշտավան գյուղից հասնում եք Տավուշի մարզի Բերդավան գյո՞ւղ…

-Այո՛, զրույցի սկզբում ասացի, որ շատ եմ սիրում ուսուցանել, ինչ գիտեմ, սովորեցնում եմ մյուսներին, հատկապես՝ երեխաներին: Իսկ Տավուշի հետ իմ կապը շատ ամուր է: Առհասարակ, սահմանամերձ տարածքների բնակիչներին օգնելը յուրաքանչյուրիս պարտականությունն է:

Կինս նույնպես կավագործության մասնագետ է, մենք հիմա միասին ենք աշխատում: Նոր տուն ենք գնել և այդ տանը արվեստանոց ենք բացել, որն անհամեմատ հարմարավետ է, քան մեր նախկին արվեստանոցը ու առավել արդյունավետ աշխատելու հնարավորություն է տալիս:

-Դուք կամավոր մասնակցել եք ապրիլյան մարտական գործողություններին և 44-օրյա պատերազմին: Արդեն զրույցն ավարտում ենք, բայց ոչինչ չեք պատմել այդ մասին:

-Իմ ընկերներից ոմանք չվերադարձան ճակատից… Պատերազմից հետո ուզում եմ մի քանի հոգու գործ անել, ավելի խիտ ապրել, լցնել ժամանակի ամեն մի վայրկյանը: Ասես՝ ուզում եմ արդարացնել իմ ապրելը…

Աղջիկս՝ Բիայնան, մի քանի օրից կծնվի: Ես անում եմ հնարավորը, որ նա խաղաղ, ուժեղ ու պաշտպանված Հայրենիքում ապրի:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1548) 23.10.2024 - 30.10.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


06/11/2024