Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ



ՍԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԶրույց մշակույթի վաստակավոր գործիչ ԱՇՈՒՂ ՌԱԶՄԱՐԻ հետ

 

-Սիրելի՛ Աշուղ, Ձեր հայրենասիրական և լիրիկական երգերը մեծ լսարան ունեն: Որտեղի՞ց եք բերում հայոց ռազմի երգերի հրե ոգին ու սիրերգերի քնքուշ հևքը:

-Ես ծնվել եմ Թալինի շրջանի Իրինդ գյուղում, որտեղ քաղցրաձայն մամիկներն ու ծերունիները մշտապես քթի տակ դնդնում էին Սասնո բարբառով: Ես այդ երգերի տակ եմ մեծացել: Անկեղծ կլինեմ ու չեմ ասի, որ մանկուց պաշտել եմ աշուղական արվեստն ու գեղջկական մեղեդիները, բայց դրանք հոսել են երակներիս միջով, մնացել են հոգուս ամենանվիրական անկյունում… Պատանության տարիներին ես տարված էի Վլադիմիր Վիսոցկու երգերով և ուզում էի դերասան դառնալ: Նույնիսկ կիթառ նվագել սովորեցի, ընդգրկվեցի մի ներկայացման մեջ ու արժանացա տաղանդաշատ դերասան Ստեփան Հարությունյանի բարձր գնահատականին: Սակայն զինծառայությունից հետո կյանքն ինձ տարավ իր կանխորոշած ճանապարհով:

-Զինծառայությունը Ձեր նոր ճանապարհի ընտրության մեջ դեր ունե՞ր:

-Զինծառայությունը ստիպում է, որ արագ հասունանաս, դառնաս իրատես, ազատվես անպտուղ երազանքներից: Ես ծառայել եմ ԽՍՀՄ բանակում ու լավ զինվոր եմ եղել: Զորակոչվելուց 6 ամիս անց «Ավագի» կոչում ստացա: Իմ 7 հոգանոց անձնակազմով աշխատում էի աղյուսի արտադրամասում: Շատ ծանր աշխատանք էր, բայց մենք պլանը կատարում էինք 250 տոկոսով, այսինքն՝ գերակատարում էինք: Տղաները եռանդով էին աշխատում, որովհետև ես կարողանում էի խանդավառել նրանց իմ հոգատարությամբ, քաղցր խոսքով, եղբայրական վերաբերմունքով: Արդյունավետ աշխատանքի համար մենք ստանում էինք հավելյալ աշխատավարձ: Հիշում եմ՝ բանակից տուն վերադարձա 5 հազար ռուբլին գրպանումս: Կարող էի այդ գումարը վատնել զվարճանքների ու վայելքների վրա, բայց գյուղի տղա էի, զրկանք տեսած ու գիտեի արդար վաստակի հարգը: Մենք 6 երեխա էինք, հայրս կաշվից դուրս էր գալիս, որ անհոգ մանկություն ապահովի մեզ համար:

-Բանակում ի՞նչ վայելք ու զվարճանք…

-Այդ տարիներին Ռուսաստանում տարածված էին «Ով սիրուն, սիրուն» և «Մանուշակ էիր՝ պարտեզում բացված» երգերը: Ես կիթառ գնեցի և սկսեցի զորամասում նվագել ու երգել: Իմ կատարումները շատ դուր եկան հրամանատարներիս, ու նրանք ինձ հնարավորություն տվեցին երեկոյան ելույթ ունենալ ոչ միայն զորամասի ակումբում, այլև քաղաքի պարահրապարակներում…

-Իսկ ինչպե՞ս դարձաք Նովոսիբիրսկի Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանի ուսանող…

-Ընտանիքիս օգնելու համար ես զբաղվել եմ արտագնա աշխատանքով: Ցերեկներն աշխատում էի, գիշերները երգում էի ռեստորանում: Հերթական կատարումից հետո ինձ մոտեցավ մի աղջիկ ու խորհուրդ տվեց սովորել երաժշտական ուսումնարանում, կատարելագործել երգեցողությունս: Առաջարկն ինձ դուր եկավ:

Մեր ընտանիքում կրթությունը, գիտելիքը շատ հարգված էր: Ու ես էլ եղբայրներիս ու քույրերիս նման շատ լավ էի սովորում: Առանց որևէ դժվարության ընդունվեցի Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական երգի բաժինը ու ավարտեցի կարմիր դիպլոմով:

Ես մանկուց բանաստեղծություններ էի գրում, որոնք տպագրվում էին մամուլում: Մի օր այդ բանաստեղծություններից մեկը սկսեցի քթիս տակ դնդնալ, և ծնվեց իմ երգերի գլուխգործոցը: 18 տարեկան էի այդ ժամանակ: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես երգը կարճ ժամանակամիջոցում տարածվեց, դարձավ հայտնի, սկսեց հնչել հեղինակավոր բեմերից, խնջույքների ժամանակ… Ինձ նկատեցին ու խրախուսեցին այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ռուբեն Մաթևոսյանը, Նորայր Մնացականյանը: Իմ երգերն ընդգրկվեցին Թովմաս Պողոսյանի, Սահակ Սահակյանի, Մրոյի, Ասոյի, Ձախ Հարութի և այլոց երգացանկում:

-Ձեր կենսագրությունում նշված է, որ 2011 թվականին ձեռնադրվել եք աշուղ-վարպետ: Ես չգիտեի, որ հայերս աշուղ ձեռնադրելու ավանդույթ ունենք…

-Իհարկե, ունենք: Ես աշուղ-վարպետ ձեռնադրվելու համար 40 երգ էի ներկայացրել հանձնաժողովին, որի կազմում էին Շավիղ Գրիգորյանը, Դավիթ Հովհաննեսը, Աշուղ Անդրանիկ Ուջանցին… Նախկինում եղել են բազմաթիվ վարպետներ, որոնք չեն ձեռնադրվել, երաժշտական կրթություն չեն ստացել, ստեղծագործել են ինքնաբուխ, շրջել են գյուղից գյուղ ու երգել են մարդկանց համար: Նրանք, անշուշտ, տաղանդավոր էին, ու նրանց երգերն ապրում էին առանց նոտագրվելու, մարդկանց սրտերում:

ՍԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ-Աշուղական արվեստը տարածված է եղել Հայաստանում: Մորս գերդաստանին Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում մինչ օրս կոչում են Աշուղանց, որովհետև սերնդեսերունդ իմ հեռավոր նախնիները երգողներ, նվագողներ, ասացողներ են եղել՝ առանց երաժշտական կրթության, առանց մեծ բեմերի, իրենց արվեստը մատուցել են հասարակ ժողովրդին: Հիմա Դուք ունեք երաժշտական կրթություն, Ձեր երգերը նոտագրված են, նույնիսկ մեկտեղված են երկու գրքերում, ինչո՞ւ եք կոչվում աշուղ և ոչ կոմպոզիտոր-երգահան:

-Ես երգում եմ Սեր և Հայրենիք, և իմ ոճը մոտ է աշուղական արվեստին: Երգում եմ միանգամից, ինքնաբուխ ու առանձնապես չեմ տիրապետում երաժշտությանը՝ որպես գիտություն: Բացի դրանից, հայ աշուղ-վարպետաց ավանդույթները շարունակելը մեծ պատիվ է ինձ համար: Ի դեպ, ես իմ «Սասնա Ծռեր» համույթով կամ մենակ բազմիցս եղել եմ առաջնագծում, տարբեր դիրքերում երգել եմ մեր սահմանապահ զինվորների համար: Իմ հայրենասիրական երգերը ծնվել են առաջին հերթին Հայրենիքը պաշտպանելիս անմահացած ու սահման պահող քաջերի պարգևած ոգուց, հպարտությունից: Զուգահեռաբար տեսել եմ, թե ինչպես են խիզախ հայդուկներին ու ֆիդայիներին նվիրված երգերս խանդավառում դիրքապահ տղաներին, անբացատրելի ուժ եմ զգացել, երբ նրանք երգել են ինձ հետ, մանավանդ՝ մարտական գործողությունների ժամանակ:

-Մեր գունեղ բարբառները մեր հարստությունն են: Գյուղերում գրական լեզվի անցնելու մղում կա, մինչդեռ նախկինում մեր աշուղները հենց բարբառով են գովերգել իրենց հայրենիքը, ծննդավայրը, մորը, սիրեցյալին, մրցել են իրար հետ: Դուք նույնպես բարբառով գրված երգեր ունեք:

-Շատ տարիներ առաջ մասնակցեցի աշուղական երգի մրցույթի, հասա եզրափակիչ փուլ: Դա, իսկապես, հրաշալի էր: Պետք է խրախուսել աշուղական արվեստը, ժողովրդական ստեղծագործությունները, պետք է գնալ հեռավոր գյուղեր, հայտնաբերել ինքնուս երգահաններին: Շատ տաղանդավոր մարդիկ կան գյուղերում, որոնք իրենց դրսևորելու հնարավորություն չունեն…

-Վերջում պիտի խնդրեմ, որ չափածո «ուղերձ» հղեք մեր ժողովրդին՝ աշուղական արվեստի հանգով:

 

-Աշուղն էն է, որ կպատմե դարդն ու ցավը այս աշխարհի,

Քաղցր երգով, սիրո վերքով, լցնե սիրտը սիրահարի

Սարին թիկնած քարը գրկե, հավքերի հետ մտնի պարի,

Աշուղն էն է, որ կթողնե անմահ երգեր, գործեր բարի։

Աշուղն էն է, որ ապրել է ու գալիս է հին դարերից,

Երգով բերդեր է կառուցել, հիմքն ամփոփել ժեռ քարերից,

Ապագայի դեմքը պարզել, չի սարսափել երբեք մահից,

Աշուղն էն է՝ արցունք պոկե սիրահարի թուխ աչքերից։

Աշո՛ւղ Ռազմար, դու էլ հանկարծ մեյդան մտար կոտրած կառքով,

Տարիներդ վայելեցիր ու ճամփեցիր տեղին կարգով,

Սիրուհուն՝ սեր, անտերին՝ տեր, անճարին՝ ճար դարձար վարքով,

Ու ապրում ես ժողովրդից քեզ ընծայված համեստ փառքով։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Խորագիր՝ #36 (1549) 4.11.2024 - 11.11.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


21/11/2024