ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է
Հայաստանի նորօրյա պատմության մեջ զինված ուժերում հոգևորականների ներկայության առաջին օրինակը եղել է 1918-1920 թվականներին, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Ե Սուրենյանցը «Զինվորական քահանաների համար» վերնագրով հրահանգ է իջեցրել Հայաստանի Առաջին Հանրապետության զինված ուժերում հոգևոր խորհրդատուներ նշանակելու վերաբերյալ: Հայաստանի խորհրդայնացման շրջանում խաթարվեց այդ ավանդույթը: Զինծառայողների հոգևոր դաստիարակության կարևորությունը գիտակցելով՝ 1997 թ. նոյեմբերի 13-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը: 2000 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց հուշագիր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր ծառայության վերաբերյալ (ներկայումս՝ Հոգևոր առաջնորդություն), որով կանոնակարգվեց հոգևորականների գործունեությունը ՀՀ զինված ուժերում:
Սկզբնապես կառույցը կոչվել է Բանակի Հոգևոր ծառայություն:
2012 թ. հունվարի 29-ին, Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Աշոտ Բ Երկաթ Բագրատունի (914-928 թթ.) թագավորի խաչը հռչակվել է Հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն։ Հրաշագործ խաչի կրկնօրինակը, որի կենտրոնում զետեղված է Քրիստոսի խաչափայտի մասունքը, օծվել, հանձնվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությանը և պաշտպանության նախարարությանը: 2017 թ. ՀՀ զինված ուժերում պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել և կիրառության մեջ են մտել Աշոտ Երկաթ խաչ-կրծքանշանները: ՀՀ զինված ուժերի զորամիավորումներին և կայազորներին նվիրաբերվել են բարեխոս սրբերի պատկերներով խաչվառներ։
Կատարված աշխատանքները
27 տարի է, ինչ ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը իր հոգեխնամ առաքելությունն է իրականացնում ՀՀ զինված ուժերում: Անցնող տարիների ընթացքում Հոգևոր առաջնորդությունը կատարելագործվել է՝ շարունակական վերապատրաստումների, նոր ծրագրերի և մեթոդների կիրառմամբ, և այսօր գնդերեցները, կիրառելով ձեռք բերված գիտելիքները և փորձը, իրենց օգտակարությունն են բերում ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում:
Գնդերեցները նպաստում են զինծառայողների հոգևոր ու բարոյական դաստիարակությանը, քրիստոնեության տեսանկյունից ցույց են տալիս նրանց զինվորական ծառայության արժեքն ու վեհությունը՝ բարձրացնելով նրանց կարգապահության մակարդակը և մարտական ոգին։ Իրենց ամենօրյա գործունեությամբ գնդերեցները զինծառայողներին զերծ են պահում քայքայիչ գաղափարախոսություններից, արատավոր փողոցային բարքերից և վնասակար սովորություններից։ Նրանք նպաստում են զինծառայողների ներքին խաղաղությանը, համերաշխությանը, հանդուրժողականությանը, փոխզորակցությանը, կարգապահությանը, մարտունակ ոգու կայացմանն ու պահպանմանը։ Հոգևոր առաջնորդությունը, սերտորեն համագործակցելով ԶՈՒ այլ կառույցների հետ, նպաստում է բանակում քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը:
ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը համագործակցում է ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության, Կանզասի Ազգային գվարդիայի հոգևոր ծառայության հետ և մասնակցում է բանակային հոգևոր առաջնորդների միջազգային ամենամյա համաժողովներին։
Ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով գնդերեցները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցնում են երկշաբաթյա դասընթաց և ստանում գնդերեցության հավաստագիր: ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը համագործակցում է նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ, ինչի շրջանակում կազմակերպվում են սեմինարներ, զինծառայողներին բաժանվում են Աստվածաշնչի ձայնասփռման աուդիոսարքեր, տպագրված Աստվածաշունչ մատյաններ և Նոր Կտակարաններ:
Զորամասերում գնդերեցները ձեռք բերված գիտելիքները և փորձը կիրառելով՝ զինծառայողների համար կազմակերպում են ուսուցողական դասընթացներ, զրույցներ, որտեղ ներկայացնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը, պատմությունը, բացատրում Աստվածաշունչը և պատասխանում նրանց հուզող հարցերին: Ազգային-եկեղեցական տոներին անցկացվում են տարաբնույթ թեմատիկ միջոցառումներ, ուխտագնացություններ, արշավներ, այցելություններ թանգարաններ: Իրականացվում են նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված կամ զոհված հայորդիների ընտանիքներին հոգևոր ու սոցիալական աջակցության բազմաբնույթ աշխատանքներ:
Առաջնորդության հովանու ներքո գործող եկեղեցիները
ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության հոգևոր խնամքի ներքո գործում են մի շարք եկեղեցիներ, մատուռներ, որոնցից երկուսն ունեն պատմական նշանակություն, իսկ մնացածը նորակառույց են: ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության առաջնորդանիստն է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 2019 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հանձնվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությանը։ Եկեղեցին կառուցվել է 1695 թ. և եղել է իր ժամանակի կարևոր հոգևոր-կրթական կենտրոններից մեկը: Ներկայումս ընթանում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։
ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության համար խորհրդանշական դեր ունի Եղեգիսի պատմական Զորաց եկեղեցին, որը կառուցել է Սյունյաց Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոս Օրբելյանը 1303 թվականին` որպես զինվորական եկեղեցի։ Ձիավորները մարտի մեկնելուց առաջ այստեղ օրհնություն են ստացել, որից էլ եկեղեցին ստացել է իր «Զորաց» անունը։ 2021 թ. Զորաց եկեղեցու նմանությամբ կառուցվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի Սրբոց Վարդանանց բաց խորան եկեղեցին: 2022 թ. հուլիսի 17-ին օծվել է Գյումրու N զորամասի Սուրբ Թադեոս եկեղեցին: 2023 թ. մայիսի 8-ին ԵԿՄ վարչության բակում օծվել է Սուրբ Ղևոնդ Երեց եկեղեցին:
Մատուռներ կան հոսպիտալներում և մեծ զորամասերում, որտեղ գնդերեցները պարբերաբար Սուրբ Պատարագներ են մատուցում: Երբեմն Սուրբ Պատարագներ են մատուցվում նաև «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի մատուռում։ Եկեղեցիներում կամ մատուռներում կատարվում են նաև հոգեհանգստյան արարողություններ, տնօրհնեքներ, զինծառայողների մկրտություններ և այլ օրհնության կարգեր:
Հոգևորականների մասնակցությունն ու դերակատարությունը վերջին մարտական գործողությունների ընթացքում
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մշտապես իր անմիջական աջակցությունն է բերել Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը վերականգնելու կամ պահպանելու գործին: Հայ եկեղեցու հոգևորականները եղել են կամավորական ջոկատների և կազմավորված զինված ուժերի հետ։
Ինչպես 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների, այնպես էլ 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Սփյուռքի և Հայաստանի թեմերի բազմաթիվ հոգևորականներ, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, համալրեցին գնդերեցների շարքերը։ Հոգևոր առաջնորդությունը ևս ունեցավ կորուստներ, զոհվեցին Հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը և Ռուստամ սարկավագ Պողոսյանը, մինչ այժմ անհետ կորած է Տեր Մկրտիչ աբեղա Կարապետյանը, վիրավորում ստացավ Հրայր սարկավագ Լալայանը:
Ծառայելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում՝ գնդերեցները իրենց անձնակազմի հետ են ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ մարտական գործողությունների ժամանակ։ Հոգևոր առաջնորդությունը, արդեն որպես ՀՀ զինված ուժերի կայացած մի կառույց, շարունակում է իր նվիրական առաքելությունը՝ Աստծո խոսքը քարոզելու իր կոչմանը հավատարիմ:
ԱՐԹՈՒՐ սարկավագ ԱՐԱՄՅԱՆ
Խորագիր՝ #37 (1550) 12.11.2024 - 18.11.2024, Հոգևոր-մշակութային