Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ



ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ «Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐԿինը հայ ժողովրդի կյանքում մշտապես ունեցել է իր պատվավոր տեղը, եղել է հարգված, սիրված ընտանիքում և հասարակության մեջ: Օրհասական պահերին հերոսաբար դիմակայել է դժվարություններին և արժանապատվությամբ պահպանել ազգային ոգին: Նրա մեջ է ամփոփված ազգի հարատևման բանալին:

Հայ կանայք իրենց փխրուն ուսերին կրել են հնարավորինն ու անհնարինը, սակայն հաստատուն կամքի և ջանքերի շնորհիվ հաղթահարել են բոլոր խոչընդոտները:

Լինելով մանկավարժ՝ սաներիս հոգում սերմանում եմ հայ կնոջ հույժ կարևոր դերը հայրենապաշտպանության վեհ գործում: Լիահույս եմ, որ սերմերն արձակելով իրենց ամուր ծիլերը, զինված ուժերի կուռ շարքերը գիտելիքներով զինված, անկոտրում կամքով կանանցով համալրելու խթան կհանդիսանան՝ նպաստելով բանակի մեծ առաջընթացին:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

 

***

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐՇատ կարևոր է, որ ոչ միայն տղամարդիկ ներգրավված լինեն հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, այլ նաև կանայք: Ծնունդով սահմանամերձ գյուղից եմ: Հիշում եմ՝ 90-ականներին հակառակորդի ստորաբաժանումներից մեկը, ճեղքելով մեր պաշտպանությունը, գիշերը մտնում է սահմանային գյուղերից մեկը: Խաղաղ բնակչությունը անհավասար մարտի է բռնվում նրանց հետ: Քնաթաթախ և շփոթված մարդիկ, այդ թվում կանայք, ինչպես կարողանում, դիմակայում են թշնամուն և հետ մղում։ Եթե հայ կինը կարողացել է առանց զինպատրաստություն անցնելու այդպես քաջաբար և անձնուրաց պայքարել, ապա ինչքան ինքնավստահ կդառնա այն սովորելուց հետո։

Երբ փոքր աղջնակ էի, ու հայրիկս դիրքերում էր լինում, երազում էի զենք ունենալ ու կարողանալ օգտագործել, որ մենք մեզ ավելի ապահով զգայինք։

Վերջերս իմացա, որ ընդունվել է կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը, և հոգուս խորքում շատ ուրախացա։ Օրվա հրամայականն է մարտունակ բանակը, որտեղ պետք է ներկա լինեն նաև մեր ազգի հզոր և ուժեղ կանայք։ Ի վերջո, կնոջ ներկայությունն ավելի պարտավորեցնող ու քաջալերող գործոն է, տղամարդիկ ավելի զգոն են լինում նրանց կողքին։

Մեր ընտանիքում երեխաներս դաստիարակվել են հայրենասիրության վեհ գաղափարներով: Որդիս ժամկետային զինծառայող է, հրետանավոր, բանակի գերազանցիկ։ Ու եթե դուստրս էլ ցանկություն հայտնի համալրելու մեր բանակի շարքերը, մենք հաստատ դեմ չենք լինի։

ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ազգագրագետ

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #37 (1550) 12.11.2024 - 18.11.2024, Բանակ և հասարակություն


28/11/2024