Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ ԵՆՔ  ՈՒՆԵՆԱԼՈՒ



ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ ԵՆՔ  ՈՒՆԵՆԱԼՈՒԶրույց ակադեմիկոս ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ

 

-Պարո՛ն Սաֆրաստյան, հոկտեմբերի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կնքվեց համագործակցության հուշագիր ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև: Համագործակցության ի՞նչ շրջանակ է ենթադրում հուշագիրը:

-Հուշագիրը ստորագրող կողմերը նախատեսում են ընդլայնել գիտակրթական համագործակցությունը, ինչպես նաև ընդգրկել հետազոտական նոր ուղղություններ: Այս համատեքստում կարևոր են հիմնարար և կիրառական հետազոտությունները Հարավային Կովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի անվտանգային հարցերի վերաբերյալ, ինչպես նաև Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական համակարգերի ուսումնասիրության ոլորտում: Հետազոտություններ են իրականացվելու զինված ուժերի, արտաքին քաղաքականության հայեցակարգային շրջանակների և ռազմավարական, տնտեսական, էթնիկական ու կրոնական ուղղություններով: Համատեղ տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ են իրականացվելու՝ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի և դերակատարման թեմաներով, Հայաստանի Հանրապետության քաղաքականության առանցքային ուղղությունների, համաշխարհային և տարածաշրջանային հակամարտությունների և ռազմական գործողությունների վերաբերյալ և այլն: Կողմերին հասանելի կլինի միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների նյութերի փոխանակումը, նրանք կկարողանան համատեղ օգտագործել գրադարանային ֆոնդերը: Նաև իրականացվելու է երկուստեք հետաքրքիր թեմաների և խնդիրների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն:

-Դուք համագործակցում եք նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հետ:

-Այո՛, իմ կապը բանակի հետ առաջին հերթին գիտական է: Այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ես մասնակցել եմ գիտաժողովի, գիտական զեկուցումով եմ հանդես եկել:

-Նոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ՝ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը այցելեց սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Դուք նույնպես պատվիրակության կազմում էիք: Ինչպիսի՞ տպավորություններով վերադարձաք առաջնագծից:

-Այցելության ընթացքում կարողացա ականատես լինել կատարված լուրջ շինարարական աշխատանքներին: Տեսածս հույս է ներշնչում, որ մեր բանակը ուժեղացնում է իր պաշտպանական հնարավորությունները:

-Վերջին շրջանում մտավորականների, լրագրողների այցելությունները առաջնագիծ դարձել են պարբերական: Նման միջոցառումներն այնքան են կարևորվում, որ անձամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է ուղեկցում հրավիրվածներին: Ձեր կարծիքով՝ այս հաշվետվողականությունն ու թափանցիկությունը որքանո՞վ է արդյունավետ և ի՞նչ շարունակություն է ենթադրում…

-Կարծում եմ՝ կարևոր են, քանի որ այցելության ընթացքում սեփական աչքերով իրականությունը տեսնելու հնարավորություն է տրվում:  Ինձ համար շատ կարևոր է, որ ՀՀ բանակը լինի ուժեղ, ունենա հզոր ազգային ոգի: Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ մեր բանակը պիտի զինվի ժամանակակից զենքերով, որ կարողանա պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Մեր ժողովուրդը անցել է շատ ծանր պատմական փուլերով, հարյուրամյակներով ինքնիշխանություն չի ունեցել, բայց կարողացել է վերականգնել իր պետականությունը: Մենք պետք է պահպանենք, փայփայենք, գուրգուրենք մեր պետականությունը: Հայերը հզոր ու հետաքրքիր քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ են, նրանք շատ բան են տվել աշխարհին: Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և բազմաթիվ ազգային նպատակներ ունենք իրագործելու, բայց այս փուլում մեր ամենակարևոր խնդիրը բանակը հզորացնելն է ու մեր պետականությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելը:

-Ո՞րն է ամենակարևոր քայլը այս ճանապարհին:

-Համախմբվելը՝ որպես հայություն: Պիտի մեկտեղել բոլոր ուժերը՝ և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի հնարավորությունները օգտագործել: Ես հավատում եմ մեր ժողովրդի կենսունակությանը, ուժին ու իմաստությանը, վստահ եմ, որ արժանապատիվ ապագա ենք ունենալու:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #37 (1550) 12.11.2024 - 18.11.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


28/11/2024