Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ



ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸԸմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը մեր հավաքականի կազմում մասնակցեց նաև Էլեն Բաբաջանյանը։ 53 կգ քաշային կարգում մրցանակային տեղի համար վճռորոշ գոտեմարտում նա հաղթեց մոնղոլուհի մրցակցին և նվաճեց արծաթե մեդալ: Մարզական կարիերայի առաջին խոշոր մրցապայքարում նա իր բաժին ներդրումն ունեցավ Հայաստանի զինված ուժերի հավաքականի առաջընթացում:

Էլենը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ է, սովորում է հրետանու ֆակուլտետի երրորդ կուրսում: Երիտասարդ աղջիկը ջանք ու եռանդ չի խնայում լավ ու արհեստավարժ հրամանատար դառնալու համար և պատրաստվում է իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնել զինված ուժերի զարգացմանն ու հզորացմանը: Փոքր տարիքից զբաղվել է 4 տարբեր մարզաձևերով։ Տեղեկանալով աշխարհի բանակային խաղերի մասին՝ որոշել է փորձել ուժերը մեծ սպորտում՝ գիտակցելով դրա բարդությունն ու պատասխանատվությունը։

Հագեցած ռազմաուսումնական առօրյային զուգահեռ մի քանի ժամ անընդմեջ պարապմունքներ, ֆիզիկական մարզավիճակի բարելավում… և այսպես օրեր շարունակ։ Փորձությունը բարդ էր, բայց Էլենը հստակ գիտակցում էր՝ պետք է մասնակցել, պատվով ներկայացնել երկիրը:

-Զբաղվել եմ ըմբշամարտով, բայց չէի մտածում, որ կմասնակցեմ նման մրցույթի, մրցանակային տեղ կզբաղեցնեմ: Թե՛ ինձ, թե՛ հարազատներիս համար սա ապացույց էր, որ ամեն ինչ հնարավոր է, պետք է ուղղակի քրտնաջան աշխատել։ Մրցումների մասին իմանալուց հետո ավելի ծանրաբեռնված եմ մարզվել, որ լավ արդյունք ունենամ։ Գիտեի՝ դժվար է լինելու, սակայն գործը չափազանց պատվաբեր էր, պատասխանատու, հատկապես, որ առաջնությունն անցկացվելու էր Հայաստանում:

ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸԷլենը հպարտությամբ ու ժպիտով է վերհիշում մրցագորգ բարձրանալը, երբ միախառնվել էին հուզմունքը, շփոթմունքը, փորձի պակասով պայմանավորված տարատեսակ վախերը: Մի ակնթարթում կարողացավ հավաքել ուժերն ու մտածել հաղթանակի մասին:

-Պայքարն ուժեղ էր, բայց իմ աջակցությունը շատ հզոր էր, անընդհատ լսում էի ոգևորող բացականչություններ: Ես ոգեշնչվել եմ իմ ծառայակիցների, հարազատների ներկայությունից: Դրա շնորհիվ պայքարել եմ մինչև վերջին վայրկյանը:

Էլենն իր հաղթանակի գործում շատ է կարևորում հատկապես ռազմական ակադեմիայի դերն ու իր մարզիչի հետ համատեղ աշխատանքը։ Էլենը կարծում է, որ ռազմական կրթօջախն իր կուրսանտներին անսահման հնարավորություններ է տալիս ոչ միայն գիտելիքով զինվելու, այլև տարբեր սպորտաձևերով զբաղվելու, նմանատիպ հեղինակավոր միջոցառումների մասնակցելու։

Պատվո հարթակ բարձրանալը կուրսանտ Էլեն Բաբաջանյանի համար հպարտություն էր. կարողացել էր բարձր պահել զինված ուժերի պատիվը:

-Զինվորականի համար առաջնահերթ է խնդիրը գերազանց կատարելը: Սպորտը ևս մեկ հնարավորություն է ապացուցելու, որ մեր բանակն ուժեղ է: Հավաքականը պատվով ներկայացավ, ունեցանք 14 մեդալակիրներ: Ինձ համար մեծ պատիվ էր այս մրցմանը մասնակցելը, քանի որ սա իրական հնարավորություն էր ապացուցելու սերը հայրենիքի հանդեպ: Սա ոչ միայն իմ հաղթանակն էր, այլև ողջ զինված ուժերի:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #39 (1552) 28.11.2024 - 4.12.2024, Բանակ և հասարակություն, Մարզաշխարհ


13/12/2024