Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԽՄԲՎԱԾ՝ ՆՎԻՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ



ՀԱՄԱԽՄԲՎԱԾ՝ ՆՎԻՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋՀյուսիսարեւելյան սահմանագոտում ենք: Հրամանատարի ուղեկցությամբ գնում ենք մարտական դիրքեր: Ճանապարհին խոսքուզրույցի առանցքում դիրքային ծառայությունն է։

-Նախքան մարտական հերթափոխը ստորաբաժանումներում տարաբնույթ պարապմունքներ ենք անցկացնում՝ միտված զինծառայողների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը: Դիրքեր բարձրանալուց առաջ պարտադիր ստուգվում է անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, հանդերձանքը, բոլորը լրացուցիչ հրահանգավորվում են՝ պահպանել անվտանգության կանոնները: Մարտական դիրքերում էլ ստեղծված են անհրաժեշտ պայմանները հերթապահությունը լիարժեք իրականացնելու համար,- նշում է փոխգնդապետ Դավթյանը:

Դիրքի պատասխանատուն զեկուցում է հրամանատարին՝ իրավիճակը հանգիստ է, արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել: Շրջում ենք տարածքում, ամենուր աչք շոյող մաքրություն է, կացարանը խնամված է, հարմարավետ: Ամեն քայլափոխի հոգատար ձեռքի առկայությունն ես զգում։

-Մեր լավագույն գումարտակի պահպանության շրջանում գտնվող այս դիրքի ինժեներական, կենցաղային կահավորումը հիմնականում կատարվել է երկու հերթափոխի անձնակազմի գործուն ջանքերով: Երբեք ձեռքերը ծալած չեն նստի, եթե նկատում են ինչ-որ խնդիր, չեն սպասում վերադասի ցուցումներին, հրահանգավորմանը համապատասխան շտկում են: Ու այդպես ջանասիրաբար քարը քարին են դնում։ Հաշվի առնելով այդ սրտացավ մոտեցումը՝ աշխատում ենք հենց նրանց ընդգրկել տվյալ մարտական դիրքում հերթապահության: Անձնակազմն այստեղ նաև ծառայության բարձր ցուցանիշներ ունի: Հետեւաբար, տղաների անունները պարբերաբար ներառվում են խրախուսման ցուցակներում,- ասում է հրամանատարը:

Դիրք ոտք դնելու առաջին իսկ պահից նկատելի է ոչ միայն մաքրությունն ու հարմարավետությունը, այլև ջերմ, անմիջական մթնոլորտը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը: Այստեղ մի ընտանիքի պես են՝ իրար թեւութիկունք, ամեն մեկի «եսը» դարձած «մենք»:

Դիրքի ավագը՝ սերժանտ Արտակ Չախմախչյանը, 2008 թվականից բանակում է: Ծնողի սրտացավությամբ է վերաբերվում ենթակա անձնակազմին: Ինքն էլ զինվորի հայր է, որդին՝ Ավետիքը, ժամկետային զինծառայող է սահմանային զորամասերից մեկում։ Փորձառու զինվորականը ներկայացնում է գերազանց ծառայության իրենց բանաձեւը:

-Անձնակազմը բարձր պատասխանատվությամբ, նվիրումով է կատարում պարտականությունները՝ քաջ գիտակցելով մեզ վստահված կարեւոր առաքելությունը։ Դիրքը վաղուց մեր երկրորդ տունն է դարձել, ու ազատ պահերին ամեն մեկն իր շնորհքով ջանում է ավելի գեղեցկացնել ու ամրացնել այն, ինչ-որ շյուղ ավելացնել, ինչպես հարազատ օջախում։ Քո հողն ու ջուրն անփոխարինելի են, քո հենարանն են: Հայրենիքը կանգուն է, երբ մարդ ապրում-արարում է այդ հողի վրա ու սրբորեն պաշտպանում։

Սահմանային այս հատվածում մարտական հերթապահությունն իրականացնում են պայմանագրայինները: Մեծ մասը մոտակա բնակավայրերից են: Իրենց բնաշխարհն է, իրենց հանդն ու սարը, ու տեղանքին ծանոթ լինելը բավականին հեշտացնում է ծառայությունը։ Դիրքի անձնակազմից երեքը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով են ծառայում, շարքային Ղարաքեշիշյանը նրանցից մեկն է։

-Սահմանամերձ Բարեկամավան գյուղից եմ,- ներկայանում է Արտյոմն ու առարկություն չընդունողի տոնով շարունակում,- աշխարհի ամենասիրուն, շքեղ ու շռայլ բնություն ունեցող գյուղից եմ։ Թիկունքում մեր ծնողներն են, հարազատները, ինքնին հասկանալի է՝ կրկնակի նվիրումով, պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ ենք ծառայում:

Հայրենի եզերքի մի հատված մենք ենք պաշտպանում, «Պաշտպան հայրենյաց»՝ անունն արդեն ամեն ինչ ասում է: Երբ ծրագրի մասին տեղեկացա, երբ մեկուկես տարվա ժամկետային զինծառայող էի, ու թեեւ կես տարի էր մնացել զորացրվելուս, որոշեցի այս ձեւաչափով շարունակել ծառայելը: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում եմ սովորել, ու զինվորական կյանքը ինձ շատ է դուր գալիս: Ի դեպ, միջնեկ եղբայրս՝ Արայիկն էլ ցանկանում է զինվորական դառնալ, ռազմական ակադեմիա  է դիմելու։

Արտյոմը բազում նպատակներ ունի, որոնցից մեկը հետագայում ծրագրավորողի մասնագիտությամբ կրթությունը շարունակելն է: Բայց հիմա իր համար ամենից կարեւորն ու առաջնահերթը հայրենիքի պաշտպանությունն է, քանի որ միայն պաշտպանված ու հզոր հայրենիքում են իրագործվում բոլոր երազանքները։

Գնդացրորդ,  շարքային Հարություն Սարուխանյանը եւս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից է։

-Ուսումնական զորամասում էի ծառայում, երբ տեսա ատեստավորման պատրաստվող տղաների: Ծանոթներ կային, և նրանցից իմացա «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին: Պայմանները լավն էին, հատկապես գրավիչ էր բնակավայրին մոտ ծառայելու հեռանկարը: Այժմ ծառայում եմ ծննդավայրիս մոտ, ունեմ կայուն աշխատանք՝ բարձր աշխատավարձով, արդեն ատեստավորվել եմ: Մյուս տարի էլ ուզում եմ համալսարան ընդունվել՝ հեռակա ուսուցմամբ:

Ընկերներիս էլ հորդորում եմ համալրել մեր շարքերը՝ մեջբերելով խորհրդային բանակում ծառայած հորս խոսքերը. «Հպարտություն ու պատիվ է քո հողի զինվոր լինելը»:

Գնդացրորդի օգնական, շարքային Կարո Իսրայելյանը ոչ միայն ինքն է դարձել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու, այլ նաեւ համադասարանցուն՝ Նարեկ Մանթաշյանին է  իր օրինակով ոգեւորել։

-Արդեն մեկ տարուց ավելի պայմանագրային եմ: Ընտանիքիս մոտ եմ, ծառայությանը զուգահեռ սովորում եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Պատրաստվում եմ առաջիկա ատեստավորմանը: Դիրքում մարզական անկյուն կա, այստեղ էլ հնարավորություն ունենք ատեստավորման ֆիզպատրաստության քննությանը պատրաստվելու։

Ծառայությունը լավ է անցնում: Դժվարություններից չենք խուսափում, չենք նեղսրտում, քանի որ գիտակցում ենք՝ բոլորս համախմբվել ենք նվիրական գաղափարի՝ Հայրենիքի պաշտպանության շուրջ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1552) 28.11.2024 - 4.12.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/12/2024