ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՄԻԱՅՆ ԴՈՒ ԵՍ
Զրույց շախմատիստուհի, կանանց շախմատի միջազգային վարպետ ՄԱՐԻԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
-Մարիամ, Ձեր անունն ընդգրկվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն շախմատիստուհիների տասնյակում: Ե՞րբ եք արել առաջին քայլերը շախմատային աշխարհում: Պատմեք Ձեր մարզական կենսագրությունը:
-Շախմատով զբաղվում եմ ութ տարեկանից: Երկրորդ դասարանում էի սովորում, երբ հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում ներառվեց «Շախմատ» առարկան: Մի քանի դաս հետո մայրիկիս խնդրեցի ինձ շախմատի խմբակի տանել։ Առաջին լուրջ հաջողությունս 2014 թվականին էր՝ դարձա մինչև 10 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն։ Հետո յոթ տարի շարունակ մասնակցում էի տարբեր առաջնությունների, սակայն էական հաջողություններ չէի գրանցում:
-2022 թվականը կարելի է համարել Ձեր աստեղային ժամը…
-Այդ տարի, իրոք, ձեռքբերումների տեղատարափ էր: Տարեսկզբին շախմատի Հայաստանի կանանց 77-րդ առաջնության չեմպիոն դարձա, ընդգրկվեցի շախմատի Հայաստանի կանանց հավաքականի կազմում։ Սեպտեմբերին Ռումինիայի Մամայա քաղաքում ժամանակից շուտ դարձա շախմատի աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն, ընդ որում՝ բացարձակ արդյունքով՝ 11 խաղափուլում տանելով 11 հաղթանակ։ 1957 թվականից ի վեր ոչ մեկին չէր հաջողվել 11 անընդմեջ հաղթանակ տանել այս առաջնությունում:
-Ու այդ գեղեցիկ հաղթանակը նվիրեցիք հայրենիքի սահմաններն անառիկ պահող զինվորներին:
-Այնպիսի ընտանիքում եմ մեծացել ու դաստիարակվել, որտեղ հայրենիքը գերակա արժեք է։ Հաղթելու ցանկությունը մեծ էր, իմ երկրի անունն էի ուզում հնչեցնել, Հայաստանի դրոշը բարձրացնել… Ինչ խոսք, լարված էի, պատասխանատվությունն ու պատվախնդրությունը միախառնվել էին: Կարեւոր ու վճռորոշ փուլերից մեկում ես, որ առաջատարն էի, խաղում էի երկրորդ հորիզոնականում գտնվող ադրբեջանուհի մրցակցի հետ: Հավաքեցի ուժերս, կենտրոնացա և ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր խաղափուլերն էլ հաղթանակով ավարտեցի: Դահլիճում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգն ու ծածանվեց մեր եռագույնը:
Նույն թվականի նոյեմբերին էլ Անթալիայում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան առաջնությանը ժամանակից շուտ նվաճեցի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի կոչումը:
-Այս տարվա ամռանն էլ մասնակցում էիք աշխարհի մինչեւ 20 տարեկան աղջիկների առաջնությանը:
-Այո, զբաղեցրել եմ երկրորդ հորիզոնականը, արծաթե մեդալ նվաճել:
-Կյանքը պարտությունների եւ հաղթանակների մի անծիր շղթա է: Ի՞նչ զգացողություններ, ի՞նչ ապրումներ եք ունենում խաղերից հետո:
-Հաջողության վերջնարդյունքը հաղթանակն է: Երբ այն նվաճված է, հանգիստ անցնում ես մյուս գործերիդ: Պարտություններից էլ հարկ է դասեր քաղել, վերլուծել սխալներդ ու բացթողումներդ: Շախմատը բավականին հղկել է բնավորությունս, հավասարակշռություն, կամքի ուժ, աշխատասիրություն, համառություն ու նպատակասլացություն ձևավորել։ Անկախ խաղի արդյունքից, ես կարողանում եմ ճիշտ հետևություններ անել, ինքնակազմակերպվել:
-Ունե՞ք կարևոր մի կարգախոս։
-Կարգախոսներս շատ են, բայց դրանցից մեկը մեջբերեմ՝ «ինչ ստանում ես՝ Աստծո օրհնությունն է, իսկ այն, ինչ չես ստանում, Աստծո պաշտպանությունն է քեզ համար»:
-Շախմատիստներից ո՞ւմ խաղն եք ավելի շատ հավանում, ո՞րն է նախապատվելի կերպարը։
-Նորվեգացի շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, իմ կարծիքով, մարմնավորում է տաղանդն ու աշխատասիրությունը: Երբ այդ հատկանիշները մեկտեղվում են, արդյունքը կատարյալ է լինում։
-Շախմատն աշխարհում ամենատարածված եւ սիրված խաղերից մեկն է: Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը համարում էր, որ շախմատը ձեւով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, իսկ խաղին տիրապետելու բարդությամբ՝ գիտություն: Դո՞ւք ինչ եք կարծում:
-Շախմատն իրապես համախառնուրդ է։ Այն մարզաձեւ է, քանի որ կա մրցակցություն, արվեստ է, քանի որ կա ստեղծագործական մոտեցում, կրեատիվություն: Ամեն քայլին կան հազարավոր տարբերակներ, ու ամեն մարդ իր խաղաոճն ունի: Սա էլ, երևի թե, իր գիտական բացատրությունն ունի:
-Շախմատը համարում են նաեւ ռազմական խաղ: Հին ժամանակներում խաղատախտակը ներկայացվել է իբրև մարտադաշտ, խաղաքարերը՝ կռվող բանակներ:
-Նմանության եզրեր շատ կան: Թե՛ մարտում, թե՛ խաղում նպատակը մեկն է՝ հաղթանակի հասնելը: Խաղատախտակի առջեւ զորքն առաջ տանող հրամանատարն ես դու ու պետք է կարեւորես, գնահատես ամեն խաղաքարը: Դու ես որոշում կայացնողը, մարտավարություն մշակողը։ Շախմատն ազնիվ խաղ է, պարտության կամ հաղթանակի պատասխանատուն միայն ու միայն դու ես:
-Ինչպես ասացիք, ամեն խաղաքար հրամանատարի համար կարեւոր է, բայց ամեն դեպքում կա առավել նախընտրելին:
-Խաղաքարերի մեծ մասն ունի տեղաշարժման որոշակի սահմանափակումներ, սակայն ձին ինձ ավելի ազատ գործելու լայն հնարավորություն է տալիս: Խելամիտ վարվելու դեպքում այն կարող է իր քայլերով բավականին տհաճ անակնկալներ մատուցել մրցակցին։
-Խնդրում եմ, պատմեք Ձեր առաջիկա ծրագրերից:
-Ներկայումս ուսանում եմ ԱՄՆ Սենթ Լուիսի համալսարանի հոգեբանություն ֆակուլտետում: Շախմատում հոգեբանությունը, հոգեբանական լավ պատրաստվածությունը խաղի իմացությունից պակաս կարեւոր չեն: Պետք է կարողանաս կառավարել ինքդ քեզ, որ արտաքին գործոնները չկարողանան ազդել քայլերիդ ճշգրիտ հաջորդականության վրա: Էմանուել Լասկերը, որ 27 տարի շարունակ եղել է աշխարհի չեմպիոն, սիրում էր կրկնել՝ շախմատիստներն են պայքարի դուրս գալիս խաղատախտակի վրա, և ոչ թե խաղաքարերը: Ես ուզում եմ բոլոր առումներով պատրաստ լինել առաջիկա մրցելույթներին: Պատրաստվում եմ մասնակցել դեկտեմբերի 26-ից 31-ը Նյու Յորքում անցկացվելիք շախմատի արագ եւ կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը:
-Որպես մարզական «առաջնագծի զինվոր», Ձեր խոսքը սահմանին կանգնած մեր զինվորներին:
-Դուք ամենակարեւոր ու ամենապատվաբեր առաքելությունն եք իրականացնում՝ պաշտպանում եք ամենանվիրականը՝ Հայրենիքը: Ես շատ եմ ցանկանում նորանոր հաղթանակներ ձեզ նվիրել:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #40 (1553) 07.12.2024 - 14.12.2024, Հոգևոր-մշակութային, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում