Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՂՃԻ ՀՐԱՄԱՆԸ… ԿԱՏԱՐՎԱԾ Է



Գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է 1942-ին Կապանի Շիշկերտ գյուղում։ Հայրը՝ Ասատուր Հայրապետյանը, որդու ծնվելուց մի քանի ամիս առաջ մեկնել է ռազմաճակատ ու չի վերադարձել։ 1949-ին 7 տարեկան Վլադիմիրը կորցրել է նաեւ մորը։
Իմ մանկությունը տեւեց 7 տարի։ Մորս մահով մանկությունն ավարտվեց։ Ես չեմ սիրում որբություն բառը, սրտաճմլիկ դրվագներ չեմ պատմում անցյալից։ Պարզապես ինձ համար մինչ օրս ամենածանր, ամենացավոտ զգացումը կարոտն է. կարոտում էի մորս։ Ես ապրում էի հորաքրոջս ընտանիքում։ Նրա ամուսինը նույնպես չվերադարձավ ռազմաճակատից, եւ հորաքույրս միայնակ մեծացրեց իր երեք երեխաներին ու ինձ։ Նա ամեն ինչ անում էր, որ ես չզգամ մորս պակասը, թերեւս իմ հանդեպ ավելի հոգատար ու ուշադիր էր, քան իր երեխաների հանդեպ։ Բայց ես կարոտում էի մորս՝ ամեն օր, ամեն ժամ։ Այդ տարիներից մնաց… երեւի հոգեբանական բարդույթ կոչեմ՝ ես միշտ սիրո պակաս եմ զգում։ Հիմա մեծ ընտանիք ունեմ՝ երեխաներ, թոռներ, մենք շատ մտերիմ ենք, կապված ենք, բայց… մայրական ընդհատված սիրո պակասը ես միշտ զգալու եմ։ Միշտ ինչ-որ ներքին հուզումով ու գորովանքով եմ նայելու մանկահասակ երեխաներին, նրանց հետ զրուցելու առիթ եմ փնտրելու, փորձելու եմ հասկանալ նրանց ապրումները…
Վլադիմիր Հայրապետյանը մինչեւ յոթերորդ դասարան սովորել է իր ծննդավայր Շիշկերտի միջնակարգ դպրոցում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան եւ ուսումը շարունակել Երեւանի թիվ 90 միջնակարգ դպրոցում։ 1961թ. ընդունվել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ուսումնարան եւ ավարտել է գերազանցությամբ։
Իմ կյանքի ուղին բոլորովին այլ կլիներ, եթե ծնողներս կողքիս լինեին, եթե ստիպված չլինեի միայնակ անցնել ճանապարհս։ Եթե ինձ հարցնեք, թե ո՞րն է կյանք բառի հոմանիշը, ես կասեմ՝ պայքարը։ Ես չեմ ընկալում անհոգ բառը, կյանքն ինքը հոգս է, պարտականություն, աշխատանք, պատասխանատվություն… Դպրոցում դասերն ավարտելուց հետո սկսվում էր աշխատանքը՝ սածիլ, քաղհան, խոտհունձ, փոցխ… հետո անտառ՝ ձմեռվա համար փայտ հավաքելու։ Այսպես մինչեւ մութն ընկնելը։ Իսկ երեկոյան դաս էի սովորում՝ մանրակրկիտ, բարեխղճորեն, ջանասիրաբար։ Պատասխանատվության ու պարտքի զգացումը դարձան ապրելու կերպ։ Գիտեք՝ ինչո՞ւ ընտրեցի զինվորականի մասնագիտությունը։ Իմ առաջին «զինվորական համազգեստը» հագել եմ երկու թե երեք տարեկանում։ Հայրս ռազմաճակատից նամակ էր գրել ու խնդրել էր, որ ֆիննական պատերազմից մնացած իր համազգեստը վերաձեւեն եւ ինձ համար շորեր կարեն։ Միշտ մտածել եմ, որ հայրս կուզենար ինձ զինվորական տեսնել։ Մտածել եմ, որ զինվորական դառնալով կկատարեմ պարտքս հորս՝ Հայրենական պատերազմում զոհված սպա, վաշտի հրամանատար Ասատուր Հայրապետյանի հանդեպ։ Ինչ-որ մի ներքին ձայն հրամայում էր շարունակել հորս կիսատ թողած գործը։ Այդ ներքին ձայնը միշտ ինձ հետ է, իմ ներքին հավատաքննիչը։ Նա կատարյալ է, ճշգրիտ, անզիջում։ Ես չեմ կարող չենթարկվել նրան։ Թբիլիսիի բարձրագույն հրետանային ուսումնարանում սովորելիս զարմանքով տեսա, թե ինչպես են շատ տղաներ ուսումը կիսատ թողած՝ վերադառնում հայրենիք։ Մարդու այդ տեսակը մինչ օրս անհասկանալի է ինձ։ «Հրամանը» տրված է՝ պիտի կատարել (խղճի հրամանը), ես այդպես եմ ապրել կյանքս։ «Չեմ կարող»՝ միտքը երբեք չի արթնացել։ Առաջին կուրսում սովորելիս դժվարանում էի ռուսերենի չիմացության պատճառով, երկրորդ կուրսում արդեն գերազանցիկ էի եւ բուհն ավարտեցի գերազանցությամբ։ Արժեքներ կան, որ մարդու արյան մեջ են, ինձ ոչ ոք չի սովորեցրել, ոչ ոք չի խրատել, բայց… որտեղի՞ց էր այն միտքը, որ ես պարտավոր եմ լավագույնը լինել, որովհետեւ Վլադիմիր Հայրապետյան լինելուց առաջ, հայ եմ, իմ ժողովրդի զավակը։ Ազգանունս միշտ էլ լրացուցիչ պարտավորություն է դրել ուսերիս։
Բուհն ավարտելուց հետո այնպիսի զգացողություն էր, ասես 20 տարով մեծացել էի, այնքան հեռու էի Թբիլիսի եկած շիշկերտցի պարզ, միամիտ տղայից։ Ես շփվեցի տարբեր ազգերի, տարբեր բնավորության մարդկանց հետ, հասկացա, թե որքան բազմազան ու բազմաշերտ է մարդու հոգին, բնությունը, միեւնույն ժամանակ սովորեցի մարդկային հարաբերությունների լեզուն։ Ու մի կարեւոր եզրահանգում արեցի, որը դարձավ ապրելու նշանաբան, հավատամք՝ մարդու (բոլորի) հոգում կա մի լուսավոր անկյուն, սերը ճանապարհ կբացի դեպի այդ լույսը, սերը կփրկի օտարացումից, հակակրանքից։
1964-ին լեյտենանտ Վլադիմիր Հայրապետյանը ծառայության է նշանակվել Անդրկովկասյան զինվորական օկրուգում որպես դասակի հրամանատար։ 1972թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի զինվորական հրետանային ակադեմիան եւ ծառայության նշանակվել Բելառուսում որպես թնդանոթային հրետանային գնդի դիվիզիոնի հրամանատար։ 1974-ին ծառայության է նշանակվում Հեռավորարեւելյան զինվորական օկրուգում։ 1984-87թթ. ծառայել է Չեխոսլովակիայում տեղակայված խորհրդային բանակում։ Այնուհետեւ վերադարձել է ԽՍՀՄ, նշանակվել է զորամիավորման հրթիռահրետանային զորքերի գլխավոր հրամանատար։ Խորհրդային բանակում ծառայել է ավելի քան 32 տարի։
Գուցե վերամբարձ հնչի, բայց ես միշտ իմ ազգի համար եմ ծառայել՝ Բելառուսում թե Գերմանիայում, Չեխոսլովակիայում թե Հեռավոր Արեւելքում։ Հոգեւոր կապը հայրենիքիս հետ երբեք չի կտրվել։ Ես շատ եմ աշխատել։ Օտարության մեջ իմ զենքը, իմ բարեկամը, իմ հենարանը եղել են գիտելիքներս ու աշխատասիրությունս։ Հնարավոր ամեն ինչ արել եմ, որ բարձր արդյունքների հասնեմ, միշտ ձգտել եմ վեր։ Տարիների փորձառությունը ինձ համոզել է, որ հրամանատարի հաջողության ամենակարեւոր գրավականը ենթակաների սերը, հարգանքն ու վստահությունը նվաճելու ունակությունն է։ Ինքդ մենակ ոչինչ անել չես կարող, քո ղեկավարած կառույցի բոլոր օղակների ներդաշնակ աշխատանքն է երաշխավորում վերջնական արդյունքը։ Ինքս ավելի շատ եմ աշխատել, քան պահանջել եմ ենթականերիցս, իմ սահմանած չափանիշներին ու օրենքներին առաջինն ինքս եմ ենթարկվել, իսկ արտոնություններից օգտվելիս ամենավերջին շարքում եմ կանգնել։ Ջանացել եմ միշտ արդարամիտ լինել, միշտ իմ մեջ զարգացրել եմ լսելու կարողություն եւ կողքինի ցավին, հոգսին հաղորդակից լինելու պատրաստակամություն։ Երբ կարող էի հրամայել, բացատրել եմ։ Երբ կարող էի պարտադրել, համոզել եմ։ Հարգանք եմ ձեռք բերել ոչ թե անհարկի խստությամբ, այլ հարգելով։
Ամուսնացել է 1965-ին։ 1967-ին Գերմանիայում ծնվել է որդին՝ Ասատուրը, իսկ 1971-ին՝ աղջիկը՝ Գայանեն։
Կնոջս հետ ընկերություն ենք արել դպրոցական տարիներից։ Նա ինչ-որ բանով մորս էր հիշեցնում։ Ու ամբողջ կյանքում մայրաբար, մոր անշահախնդիր սիրով է վերաբերվել ինձ։ Միշտ եղել է կողքիս՝ անտրտունջ, նվիրված, հանդուրժող, կիսել է ճակատագիրս։ Մենք միասին տասնյակից ավելի բնակավայրեր ենք փոխել։ Տղաս Գերմանիայում ծնվեց, հորս անունը դրեցի։ Աղջիկս ծնվեց Սանկտ Պետերբուրգում, երբ ակադեմիայում էի սովորում։ Ես ամեն ինչ արել եմ, որ օտարության մեջ հասակ առնող երեխաներս հայ մեծանան։ Նրանց միշտ պատմել եմ մեր անցյալի փառահեղ դրվագների, մշակույթի, մեծերի մասին։ Ամեն տարի ամառային արձակուրդի օրերին բերել եմ Հայաստան, տարել եմ մշակութային վայրեր։ Պատմական գրքեր եմ նվիրել, հետեւել եմ, որ կարդան՝ «Պապ թագավոր», «Գեւորգ Մարզպետունի», «Մուսա լեռան 40 օրը»։ Տղաս ցանկանում էր օդաչու դառնալ, բայց ես ստիպեցի, որ գա Հայաստան (ես Ռուսաստանում էի ծառայում այդ ժամանակ), հայրենիքում սովորի։ …Ես, հետո արդեն ես ու տղաս միասին փնտրում էինք հորս՝ Ասատուր Հայրապետյանի մասունքները, նամակներ էիք հղում տարբեր ատյանների։ Մի օր էլ պատասխան եկավ, որ հայրս զոհվել է Չեխոսլովակիայի Կուցանի գյուղի ազատագրման մարտերում։ Գնացի Կուցանի, գտա գյուղի ծերերից մեկին, որը հիշեց հորս։ Իմ աչքերով կարդացի հորս անուն-ազգանունը եղբայրական գերեզմանաքարին։ Մի քանի առանձին հուշաքարերի կողքին կանգնեցրի նաեւ հորս մահարձանը։ Ուխտ էի արել մորս շիրիմը նորոգել միայն հորս գտնելուց հետո։ Եկա հայրենիք, գնացի Շիշկերտ եւ հուշաքար դրեցի նաեւ մորս շիրիմին։ Վերջին անգամ հորս այցելության էի գնացել որդուս հետ։
1992-ին գնդապետ Վլադիմիր Հայրապետյանը ծառայության է անցել ազգային բանակում որպես նորակազմ հրթիռահրետանային վարչության պետ։ Կառույցը ղեկավարել է մինչեւ 2003 թիվը։
1992-ին, երբ զորամիավորման հրթիռահրետանային զորքերի գլխավոր հրամանատարն էի, արձակուրդ վերցրի եւ եկա հայրենիք։ Վաղեմի բարեկամներիս՝ Գուրգեն Դալիբալթայանի եւ Մկրտիչ Աբրահամյանի ուղեկցությամբ ներկայացա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Այցիս նպատակը մեկն էր՝ պե՞տք եմ, արդյոք, իմ երկրի բանակին։ Երկու ժամ տեւած խոսակցությունից հետո նախարարն ասաց. «Նշանակվում եք ՊՆ հրթիռահրետանային զորքերի վարչության պետ»։ Վերադարձա Կեմերովո, եւ իմ ու ղեկավարներիցս մեկի միջեւ տեղի ունեցավ այսպիսի երկխոսություն։
-Ես պիտի գնամ հայրենիք ու ծառայության անցնեմ հայկական բանակում։
-Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կա, Հայաստանում հիմա պատերազմ է, ծանր ժամանակներ են, իսկ այստեղ ամեն ինչ ունես։
-Հայրենիքս պատերազմի մեջ է։ Ու ես պետք եմ բանակին։
Վեր կացավ, գրկեց ինձ… Սա չեմ պատմում իբրեւ ինքնագովություն, շատերը եկան հայրենիք՝ թողնելով բարձր պաշտոնները, պարզապես ուզում եմ, որ մեկ անգամ էլ հնչի այս միտքը՝ դժվարության պահին հայրենիքը չեն լքում, այլ՝ ընդհակառակը, կանգնում են սեփական ժողովրդի ու երկրի կողքին, կիսում հոգսը, օգնում, որ հաղթահարվեն դժվարությունները, որ երկիրը դուրս գա օրհասից։ Սա է օրինաչափը, բնականը, մարդկայինը։ Ընդամենը՝ մարդկայինը։
…Մենք սկսեցինք զրոյից, գտանք-հավաքեցինք հայ հրետանավորներին, համալրեցինք սպառազինությունը, սկսեցինք ուսուցման գործը, մեկտեղեցինք կադրային սպաների եւ կամավորականների ներուժը։ Առաջին գծում կռվեցինք, թիկունքում ձեւավորեցինք կառույցը։ Աշխատեցինք օրը 24 ժամ, ներդրեցինք ամբողջ ուժերը, ամբողջ կամքը, ցանկությունը, ձգտումը։ Ու հաղթեցինք։ 95-ից սկսվեց խաղաղ բանակաշինության ոչ պակաս տքնաջան աշխատանքը։ Զորամասերում ստեղծվեցին հրետանային ստորաբաժանումներ, թարմացվեց, համալրվեց, արդիականացվեց հրետանային սպառազինությունը, սկսվեց կադրերի պատրաստման գործընթացը։ Կառույցը կայացավ՝ իբրեւ քաղաքակիրթ, կանոնավոր բանակի բաղադրիչ։
2003-ին՝ զորացրվելով զինված ուժերից, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը համալրեց նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովը, ուր եւ աշխատում է մինչ օրս։
Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հնարավորություն ունեմ օգտակար լինելու բանակին։ Կառույցը համալրված է ծառայական հարուստ փորձ ունեցող եւ ազգային բանակի կազմավորմանը մասնակցած գեներալներով։ Մեր ուսումնասիրությունները, առաջարկությունները ներկայացվում են նախարարին, վերջինս շատ օպերատիվ արձագանքում է։ Ես միշտ այցելում եմ զորքեր, լինում եմ ռազմական ինստիտուտում, հանդիպում եմ վարչության անձնակազմին։ Ուրախ եմ, որ կառույցն անընդհատ կատարելագործվում է, համալրվում է նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով։ Մտահոգիչ խնդիրներ էլ կան. պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել երիտասարդ սպայի կայացմանը, ուժեղացնել հսկողությունը զորքերում եւ միջանձնային հարաբերությունները կառուցել կանոնագրքի պահանջների ոգով։
…Ազգային բանակի հրետանային զորքերի կազմավորման 18-ամյակը դիմավորում եմ երջանիկ, հպարտ։ Գիտեք՝ ես 50 տարի համազգեստ եմ կրում՝ կես դար։ Բախտավոր եմ, որ իմ ավանդն ունեմ այդ շնորհակալ գործում։ Բախտավոր եմ, որ այսօր էլ պետք եմ բանակին, զինվորի կողքին եմ։ Որ երկրիս զինուժը օր օրի հզորանում է։ Մի թաքուն ցանկություն ունեմ, որ անդրանիկ թոռս՝ Վահեն, զինվորական դառնա։ 16 տարեկան է, շուտով կզորակոչվի։ Ուզում եմ հորս ու իմ զինվորական ուղին շարունակվի։
Իսկ տոնի առիթով միայն մի մաղթանք ունեմ՝ թող մեզնից ոչ մեկը երբեք չճաշակի պարտության դառնությունը։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (855) 13.10.2010 – 20.10.2010, Ճակատագրեր


24/01/2011