Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՅԱԿՈՒՁԱ



Ի տարբերություն այլ մաֆիաների (չինական տրիադների, իտալականի, ամերիկյանի, ռուսականի)` ճապոնական մաֆիան` յակուձան կամ բորեկուդանը, երևի թե ամենակազմակերպվածն է և (որքան էլ դա տարօրինակ է) ամենաօրինապահը: Միգուցե դրա պատճառն այն է, որ Ճապոնիայի գերագույն իշխանության խնդիրը եղել է երկրի նկատմամբ վերահսկողությունը, իսկ թե ինչ միջոցներով էին հասնում խաղաղության ու հանգստության, դրա վրա հաճախ աչք էին փակում:

Ոստիկանությունը և իշխանությունները վերահսկում էին օրինական բիզնեսը, իսկ յակուձան` անօրինականը և կիսաօրինականը: Յակուձան իշխանության հետ վեճի մեջ չէր մտնում, իսկ վերջինս էլ շատ բաների վրա աչք էր փակում, նույնիսկ պաշտպանում էր նրանց, միայն թե երկրում կարգուկանոն լիներ:

Ճապոնական մաֆիան երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի անբաժան մասն է, սերտորեն կապված է մեծ բիզնեսի հետ: Այն կազմակերպված հանցավորության յուրահատուկ ձև է: Ի տարբերություն մյուս մաֆիական կառույցների` յակուձան աշխարհագրական որոշակի գոտիների վրա իր բացառիկ իրավունքը, ազդեցության ոլորտը չի նշում, նրանք չեն հենվում ազգակցական ու ընտանեկան կապերի վրա և չեն ձգտում գաղտնի պահել իրենց ներքին կառուցվածքը:

Յակուձան երբեք գաղտնի ընկերություն չի եղել, ինչպես իտալական մաֆիայի կամ չինական տրիադի իրենց գործընկերները: Յակուձայի կազմակերպությունները հաճախ իրենց մուտքի դռանը կլանի անունով փայտե ցուցանակ են կախում: Նրա անդամները կրում են վառ գույնի կոստյումներ և անպայման արևի ակնոց, ուստի հեշտությամբ են ճանաչվում սովորական մարդկանց մեջ:

Ժամանակակից յակուձաներն ասում են, որ իրենց պատմությունը սկսվել է միջնադարյան Ճապոնիայի երեք կիսահանցավոր խմբավորումներից. դրանք են` մատի-յոկո` քաղաքի պահապաններ, տեկիա` չարչիներ և բակուտո` պրոֆեսիոնալ խաղացողներ:

Երբ 17-րդ դարի սկզբին հաստատվում է Տոկուգավայի կառավարությունը, և երկրում վերջապես խաղաղություն է տիրում, կես միլիոն սամուրայներ փողոցում են հայտնվում, այսպես ասած, «հաստիքների կրճատման» պատճառով: Իրենց գոյությունը պահպանելու համար նրանք ավազակախմբեր են կազմում և սկսում թալանել մարդկանց: Նրանց դեմ պայքարելու համար ստեղծվում են մատի-յոկո ինքնապաշտպանության ջոկատներ, որոնց կազմում են հայտնվում ոչ թե ազնիվ ու վեհանձն մարդիկ, այլ քաղաքի խուլիգանները, խաղամոլները: Թեպետ նրանք մի քանի հաղթանակ են տանում նախկին սամուրայների նկատմամբ, սակայն ժամանակի մեծ մասը խաղամոլությամբ էին զբաղվում կամ էլ իրենք էին հանցանքներ կատարում:

Տեկիաները նախկինում հեքիմներ են եղել: Հետո, բացի դեղաբույսերից, սկսում են նաև տարբեր մանրուքներ վաճառել: Նրանց կարգախոսն էր` եթե չխաբես, չես վաճառի: Թալանչիներից ու դժգոհ հաճախորդներից պաշտպանվելու համար նրանք սկսում են մեծ խմբեր կազմել: Հենց նրանց մեջ է ձևավորվել յակուձայի իշխանության դասական սխեման. օյաբուն` շեֆ, վակագասիրա` երկրորդ մարդ, տեղակալ, սպաներ, շարքայիններ և աշակերտներ:

Ի տարբերություն առաջին երկուսի` պրոֆեսիոնալ խաղացողների կազմակերպությունը` բակուտոն, հենց սկզբից ստեղծվում է վերևից վերահսկողության ներքո: Տոկուգավայի կառավարությունը վարձում էր խաղացողների, որպեսզի նրանք զվարճացնեն պետական շինարարության մեջ (ճանապարհներ, ոռոգման համակարգեր և այլն) զբաղված բանվորներին և գանձարան վերադարձնեն շինարարների աշխատավարձի զգալի մասը:

Նշենք, որ բակուտոներից է սկսվել հանցագործների շրջանում տարածված` մարմինը դաջելու սովորությունը: Ժամանակի ընթացքում դաջվածքը յակուձայի համար դառնում է կամքի ուժի փորձություն: Այժմ յակուձաների ողջ մարմինը գունավոր դաջվածքներով է պատված: Խումբ մտնող նոր անդամներին տալիս են որևէ կենդանու անուն` Վագր, Կռունկ կամ էլ այլ մականուն` Ինը վիշապներ, Ոռնացող փոթորիկ և այլն, ապա դրանք այլ վառ նկարազարդումների հետ միասին պատկերում են ողջ մարմնի վրա: Եվ ով իրենց հետ կապվում է, նրան անվանում են «դժոխք ընկած», սա յակուձաների ամենասիրած արտահայտությունն է:

Յակուձաների համար հատուկ նշանակություն ունեցավ ժողովրդավարական ինստիտուտների ներդրումը: Քաղաքական պայքարը յակուձայի տաղանդների կիրառման համար իդեալական ոլորտ էր` խաբեություն, շանտաժ, ընտրողների կաշառում կամ ահաբեկում, պատվիրված սպանություններ: Եվ օգնության փոխարեն քաղաքական գործիչների կողմից յակուձային տրվում էր գործողությունների հարաբերական ազատություն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտը հանգեցրեց սև շուկայի ծաղկմանը և ժամանակակից յակուձաների չորրորդ խմբի` գուրենտայների (ավազակներ) առաջացմանը: Ամերիկյան օկուպացիոն զորքերը որոշ ժամանակ նրանց դեմ պայքարելուց հետո պաշտոնապես խոստովանեցին, որ չեն կարող հասարակ ճապոնացիներին պաշտպանել յակուձաներից:

Այս պայմաններում մի այնպիսի մարդ էր հարկավոր, որը կկարողանար խաղաղեցնել յակուձաներին: Այդ մարդը Կոդամա Յոսիոն էր` ուլտրաազգայնական խմբավորման նախկին անդամ, Արևելյան Ասիայում լրտես, պատերազմի ժամանակ` փոխծովակալ և վարչապետի խորհրդական: Երբ նրան կառավարության մյուս անդամների հետ ամերիկացիները բանտ են նետում, նա սկսում է համագործակցել ամերիկյան հետախուզության հետ:

Նախ` նա հաշտեցնում է ամերիկացիներին յակուձաների հետ, այնուհետև` արդեն 1960-ականներին խոշորագույն կլանների միջև միջնորդի դեր էր ստանձնում` նրանց ջանքերը հանուն Ճապոնիայի և կոմունիստական սպառնալիքի դեմ ուղղելով:

Քաղաքական իմաստով յակուձաներն իրենց ուլտրաաջ են համարում: Նրանք հանդես են գալիս ի պաշտպանություն ավանդական ընտանեկան արժեքների, միլիտարիզմի քաղաքականության վերադարձի, սամուրայական ավանդույթների վերածնման:

Ճապոնիայից դուրս յակուձաներին «գովերգող» ամենահայտնի մարդը ռեժիսոր և դերասան Կիտանո Տակեշին է, որը մեծացել է յակուձաների շրջապատում, ինչն էլ իր արտացոլումն է գտել նրա շատ ֆիլմերում: Իսկ մաֆիայի ղեկավարի դուստր Շոկո Տենդոն իր կյանքի մասին հուշերի գիրք է գրել, որը Ճապոնիայում բեստսելլեր է դարձել և վերահրատարակվել 11 անգամ:

1992թ. Ճապոնիայի կառավարությունը օրենք ընդունեց հանցավոր խմբավորումների անդամների անօրինական գործողությունները կանխելու վերաբերյալ` դրանով արգելելով «պաշտպանական ռեկետը»: Հակառակ յակուձայի անդամների, նրանց ընտանիքների, ինչպես նաև նրանց միջոցով «կերակրվող» պաշտոնյաների` օրենքի դեմ բողոքների, կառավարությունը մնաց անդրդվելի: Օրինակ` դաջվածքներով և պճնամոլի կոստյումներով մարդկանց թույլ չեն տալիս մտնել ռեստորաններ և հասարակական բաղնիք:

1996թ. վերջին կար 79900 յակուձա, որոնց 67%-ը բաժին էր ընկնում երեք խոշոր սինդիկատների` Յամագուչի-գումի (տարեկան եկամուտը 102մլրդ իեն), Սումիեսի-ռենգոկայ (61մլրդ իեն) և Ինագավա-կայ (44մլրդ իեն):

Բայցեւայնպես, ճապոնական մաֆիան զուրկ չէ հայրենասիրությունից: 2011թ. մարտի աղետալի երկրաշարժից և ցունամիից հետո յակուձայի միջոցներով գնված սննդամթերքը, վերմակները ուղարկվել են տուժածներին: Առաջին երկու շաբաթվա ընթացքում աղետի գոտի է ուղարկվել հումանիտար բեռով 70 բեռնատար: Համազգային աղետի օրերին յակուձաների խիստ կարգուկանոնը նրանց դարձրեց պետական փրկարար ծառայությունների լուրջ մրցակիցը: Ավերածությունների վայրերում առաջինն էին հայտնվում հենց յակուձայի անդամները: Ավելացնենք, որ 1995թ. Կոբեի երկրաշարժի ժամանակ յակուձաները պրոֆեսիոնալ փրկարարներից նույնիսկ ավելի արդյունավետ և արագ էին գործում:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Պատմության էջերից


15/02/2012