Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ



Ձեզ չեմ մոռացել,
Իմ լավ ընկերներ.
Ամեն Աստծո օր,
Իրիկվա մթնում
Հաղթական շարքով,
Մարտական կարգով,
Խրո՛խտ,
Անսասա՛ն,
Անցնում եք գնում
Հավերժի ճամփով։
…Ձեզ չեմ մոռացել,
Իմ լավ ընկերներ,
Ես կանչում եմ ձեզ,
Ձեր հետքից վազում,
Ավա՜ղ, չեք լսում,
Ավա՜ղ, չեք դառնում,
Հաղթական շարքով,
Մարտական կարգով,
Խրո՛խտ,
Անսասա՛ն,
Գնում եք ճեպով,
Հավերժի ճամփով։
Եվ այսպես՝
Ամեն, ամեն իրիկուն,
Իմ հոգու խորքում
Հնչում են անվերջ
Մեր սուրբ վանքերի
Արծաթ զանգերը…

ՄՈՒՐԱԶ ԲԱԲԱՔՅՈԽՎՅԱՆ
պահեստազորի փոխգնդապետ

***
Իմ զենքն է այսօր միակ իմ հույսը,
Խավար գիշերվա իմ անմար լույսը,
Իմ թանկ պատիվը,
Իմ արյան գույնը։
Իմ զենքն է այսօր միակ իմ հույսը։

Թե հանկարծ խփվեմ, թե հանկարծ ընկնեմ,
Ինձ չէ, ընկերներ, դուք զենքս փրկեք.
Թող նա որոտա,
Վրեժս լուծի։
Իմ զենքն է այսօր միակ իմ հույսը։

Մի՛ տխրիր, մայրիկ, մի՛ տխրեք, տղերք,
Զենքս քանի կա, ես կռվում եմ դեռ…
Իմ զենքն է այսօր միակ իմ հույսը,
Խավար գիշերվա իմ անմար լույսը։

ՀՐԱՉՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
պայմանագրային ծառայող
ք. Արարատ

Խորագիր՝ #40 (855) 13.10.2010 – 20.10.2010, Հոգևոր-մշակութային


24/01/2011