Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԴ ՊԱՅՔԱՐԸ ԴԱԴԱՐ ՉՈՒՆԻ



Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման հոգեբանական օպերացիաներում ԶԼՄ-ների դերն է:

-Պարո՛ն Մարգարյան, ի՞նչն է հոգեբանական օպերացիաների արդյունավետության չափանիշը:

-Չափանիշը նախևառաջ այն է, թե ի՞նչ չափով է իրականացվել հոգեբանական օպերացիայի նպատակը: Օրինակ, եթե նպատակը միջազգային հանրության աջակցություն ստանալն է, ապա չափանիշներից մեկը համապատասխան կառույցների կողմից միջազգային կարծիքի ձևավորման ունակությունն է:

-Երևի նկատի ունեք Հարավսլավիայում, Կոսովոյում, Իրաքում ԱՄՆ-ի ռազմագործողություններին նախորդած աշխատանքն այդ ուղղությամբ:

-Իհարկե, նաև դա: 1999թ. ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները Հարավսլավիայում համաշխարհային հանրության կարծիքի ձևավորման, ինչպես նաև հակառակորդի զորքերի ու հասարակության վրա տեղեկութահոգեբանական ներգործության ապահովման նպատակով ԶԼՄ-ների կիրառման առավել բնորոշ և վառ օրինակներից են: Տվյալ հարցին վերաբերող նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեռուստա- և ռադիոընկերությունները, թերթերը և Ինտերնետ համացանցը ակտիվորեն մասնակցում էին ՆԱՏՕ-ի տեղեկութային ռազմարշավին: Ռազմավարական մակարդակում ռազմարշավի նվազագույն նպատակն էր ձևավորել այնպիսի համաշխարհային կարծիք, որը չխոչընդոտեր ՆԱՏՕ-ի զինված միջամտությանը, իսկ առավելագույնը` ապահովել միջազգային հանրության աջակցությունը կամ գոնե համակրանքը դեպի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության գործողությունները: Իհարկե, պետք էր նաև չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների ազդեցությունը, որոնք դեմ էին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններին: Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկված գործողությունների մեծ արդյունավետությունը պայմանավորված էր ռազմավարական, օպերատիվ և մարտավարական մակարդակներում տեղեկութահոգեբանական ապահովման հստակ կառավարմամբ:

-Փաստորեն, ԶԼՄ-ները այնքան էլ անաչառ չեն, ավելին՝ թերևս, սպառազինության ինքնատիպ տեսակ են, իսկ լրագրողական էթիկայի կանոնները ավելի հաճախ են խախտվում, քան կարելի էր կարծել:

-Թերևս ձեր ասածի մեջ ճշմարտություն կա: Փաստն այն է, որ ԶԼՄ-ների կողմից իրադարձությունների մեկնաբանումը կամ լուսաբանումը պետք է պարտադիր կատարվի հոգեբանական օպերացիաների տեսանկյունից, եթե ակնկալում ենք արդյունավետություն: Իսկ դա ենթադրում է ԶԼՄ-ների և հոգեբանական օպերացիաների հատուկ ստորաբաժանումների համակարգված ու համադասված աշխատանք: Այս հարցում այլընտրանք չկա: Ինչ վերաբերում է լրագրողական էթիկային, ապա, կարծում եմ, այն գործում է ավելի շուտ տվյալ երկրի ներսում, երբ խոսքը սեփական հասարակության առաջ պատասխանատվության մասին է: Միգուցե սա այնքան էլ հաճելի չէ գիտակցելը, բայց իրականություն է:

-Կարելի է ասել՝ կյանքն է թելադրում, տեղեկութային պատերազմի ոլորտում Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն են պարտադրում մեզ ծրագրել ոչ միայն պաշտպանական բնույթի հոգեբանական օպերացիաներ, այլև հարձակողական բնույթի մի շարք միջոցառումներ:

-Անշուշտ: Ցավոք, ներկայումս ազգային տեղեկատվական տարածությունում ծավալվող գործընթացների արդյունավետության վրա մեծ ազդեցություն են գործում ոչ միայն ժամանակի պակասը, այլև նյութական ու մտավոր ռեսուրսների անբավարարությունը: Ադրբեջանը ժամ առ ժամ ավելի մեծ մասշտաբների է հասցնում տեղեկութային պատերազմի հոգեբանական բաղադրիչի կիրառումը և դրան դիմակայել հնարավոր է միայն լավ պատրաստություն ունեցող մասնագետների առկայությամբ, որոնց պատրաստումը հրատապ խնդիր է մեր պետության համար: Այս կապակցությամբ ՀՀ ԶՈՒ-ին անհրաժեշտ են համապատասխան բարոյահոգեբանական ապահովման ուղղությամբ հատուկ միջոցառումների մշակումն ու իրականացումը, քանի որ ժամանակակից պատերազմը ոչ միայն զինված բախում է, այլև բարոյական ոգու, հայացքների, սկզբունքների պայքար: Այդ պայքարում կարևոր գործոն է հասարակական գիտակցության ոլորտում հաղթանակի ձեռքբերումը:

-Ընդ որում, անդադար պայքար է…

-Այո՛: Հոգեբանական պայքարը մղվում է մինչ մարտական գործողությունները և շարունակվում ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո: Հիմնական խնդիրը հակառակորդի խմբային գիտակցության վրա ներգործության միջոցով յուրային կամքի պարտադրումն է` հասարակության, այդ թվում նաև ԶՈՒ-ի անձնակազմի գիտակցության կառավարման ու բռնակառավարման նպատակով:

-Ուրեմն՝ ԶԼՄ-ների հետ պետք է ակտիվորեն աշխատել, նրանց նույնպես նախապատրաստել պատերազմի:

-Իհարկե, թե՛ զինված հակամարտության ժամանակ և թե՛ զինադադարից հետո ԶԼՄ-ների հետ պետական և ռազմական կառավարման մարմինների ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը ապացուցված է համաշխարհային ռազմական պրակտիկայով: Որպես վառ օրինակ կարելի է ներկայացնել Իրաքում 2003 թ. մարտին ԱՄՆ-ի ԶՈՒ-ի իրականացրած օպերացիան, որի պատրաստման ու վարման ընթացքում ԶԼՄ-ների հետ պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքում ցայտունորեն արտահայտվեցին մի շարք նոր կառավարային ու ստեղծագործական լուծումներ: Ի դեպ, ՌԴ համապատասխան մարմինները վերլուծեցին առաջին չեչենական պատերազմի ժամանակ (1994 թ. դեկտեմբեր-1996 թ. օգոստոս) ԶԼՄ-ների հետ աշխատանքում թույլ տրված կոպիտ սխալները և միանգամայն այլ մոտեցում դրսևորեցին երկրորդ չեչենական պատերազմի ակտիվ մարտական գործողությունների փուլում (1999 թ. սեպտեմբեր-2000 թ. հոկտեմբեր):

Ներկայումս զարգացած պետությունների մեծ մասում նպատակաուղղված կերպով մշակվում է հնարավոր հակառակորդի զինծառայողների և բնակչության գիտակցության ու հոգեկանի վրա տեղեկութային ներգործության տեխնոլոգիաների համախումբ, որը դիտվում է որպես պետության ռազմական հզորության կարևորագույն բաղադրիչներից մեկը:

-Բայց տեղեկութային ներգործության հնարների մեծ մասը ամենևին էլ նոր չէ…

-Այո՛, սակայն ներկայումս դրանց արդյունավետությունը կտրուկ աճել է, ինչը մասնագետները բացատրում են կապակցված աշխարհի ձևավորմամբ և այդ հնարների ամբողջության համալիր կիրառմամբ` սկսած հակառակորդի մարտական կառավարման համակարգի ֆիզիկական ոչնչացումից մինչև ռադիոէլեկտրոնային պայքարի ամենաարդիական մեթոդների, համակարգչային վիրուսների, ծածկագրապաշտպանության կիրառումը և հակառակորդի կոդերի բացահայտումը, հոգեբանական օպերացիաները, այդ թվում նաև այն օպերացիաները, որոնք իրականացվում են Ինտերնետ ցանցի միջոցով: Այդ հնարները լայնորեն կիրառվել են ՆԱՏՕ-ի բազմազգ ուժերի մասնագետների կողմից իրականացված հոգեբանական օպերացիաներում և՛ Պարսից ծոցի գոտում, և՛ Հարավսլավիայում, և՛ Աֆղանստանում: Այնպես որ` այդ տեխնոլոգիաները ժամանակակից պետության ռազմական ներուժի այնպիսի մաս են, ինչպիսին, օրինակ, հակաօդային պաշտպանությունն է կամ հատուկ նշանակության ուժերը:

Զրույցը վարեց
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


15/02/2012