«ԴՐՎՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔԸ»
Հունվարի 30-ին լրացավ զինված ուժերի կազմզորահավաքային վարչության պետ, գնդապետ Առաքել Մարտիկյանի 50 տարին։ Ծննդյան առթիվ շնորհավորելով պարոն Մարտիկյանին` միաժամանակ նրա հետ զրուցեցինք վարչության առջեւ դրված խնդիրների եւ դրանց կատարման ընթացքի մասին։
Գնդապետ Առաքել Մարտիկյանը ծնվել է 1962թ., Երեւանում։ 1979թ. ավարտելով Մուրացանի անվան N 18 միջնակարգ դպրոցը, մեկ տարի անց ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետ։ Ավարտելով ուսումը` 1985թ. զորակոչվել է բանակ, 1987-ին զորացրվել է որպես պահեստի լեյտենանտ։ Այդ տարիներին խորհրդային տնտեսության մեջ որոշ ազատություններ էին մտցվել, եւ սկսվել էր կոոպերատիվների հիմնադրման գործընթացը։ Ստեղծելով նման մի կազմակերպություն, եռանդով լի երիտասարդն սկսում է տնտեսական գործունեություն ծավալել։ Սակայն շատ չանցած` 1988-ին, սկսվում է Արցախյան շարժումը, եւ Առաքել Մարտիկյանը թողնում է ամեն ինչ ու նվիրվում շարժմանը։ Ավելի ուշ, նա «Գարեգին Նժդեհ» կամավորական ջոկատի կազմում մասնակցում է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, իսկ 1992թ. օգոստոսին, արձագանքելով պաշտպանության նախարարության` ազգային բանակը համալրելու կոչին, անցնում է ծառայության եւ նորաստեղծ հետախուզական գումարտակում նշանակվում վաշտի հրամանատար։ Շատ չանցած` գումարտակի բազայի վրա կազմավորվում է զորամաս, եւ երիտասարդ սպան նշանակվում է գումարտակի շտաբի պետ, իսկ 1994-ին գումարտակի հրամանատար։ Այդ ընթացքում՝ 1992-94թթ. Առաքել Մարտիկյանը մասնակցում է գումարտակի եւ զորամասի մասնակցությամբ իրականացված բոլոր մարտական գործողություններին։ Հրադադարից հետո նա արդեն զորամասի շտաբի պետն էր։ 1997թ. գործուղվում է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա։ 2000թ. վերադառնալով հայրենիք` նշանակվում է ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի տեղակալ։ 2004-2009թթ. գնդապետ Առաքել Մարտիկյանը Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդն էր Ռուսաստանի Դաշնությունում։ 2009թ. հունվարից նա ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետն է։ Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Մարտական գործողությունների մասնակցի» մեդալներով, բազմաթիվ այլ պարգեւներով։ Ամուսնացած է, ունի երկու աղջիկ։
-Պարոն գնդապետ, խնդրում եմ ներկայացնեք վարչության գործունեության հիմնական ուղղությունները։
-Մեր վարչությունը զբաղվում է զորահավաքային ռեսուրսների հաշվառումով եւ բաշխումով, միաժամանակ, ԶՈՒ կառուցվածքի մշակումով եւ շարքային կազմի համալրումով, ինչպես նաեւ ԶՈՒ առկա միջոցների՝ անձնակազմի եւ սպառազինության, նյութական միջոցների հաշվառումով։ Ստացված տվյալների հիման վրա էլ մշակվում եւ ձեւավորվում է զորահավաքային պահանջարկը։
-Գաղտնիք չէ, որ անհրաժեշտության դեպքում բանակի ուժը պետք է համալրվի զորահավաքային ռեսուրսների միջոցներով։ Կա՞ն համապարփակ տվյալներ պահեստազորայինների զբաղվածության, բարոյահոգեբանական վիճակի, զինվորական մասնագիտական գիտելիքների, հմտությունների մասին, եւ ի՞նչ է արվում նրանց մարտունակությունը պահպանելու ուղղությամբ։
-Մենք անփորձ երիտասարդներին երկու տարով զորակոչում ենք բանակ, որտեղ նրանք ձեռք են բերում զինվորական մասնագիտություն եւ այն ժամանակ, երբ նրանք արդեն լիարժեք, փորձառու զինվորներ, հմուտ մասնագետներ են դառնում, գալիս է նրանց զորացրելու ժամանակը։ Բայց զինվորական ծառայության պարտադիր ժամանակի ավարտի հետ չեն դադարում նրա ունեցած պարտավորությունները հայրենիքի հանդեպ։ Այստեղ մենք անելիքներ շատ ունենք։ Մեզ մշտապես սպառնում են պատերազմով։ Դրա համար էլ ես գտնում եմ, որ մենք մեր պահեստազորայիններին տանը պահելու համար գոնե հագուստ պիտի տրամադրենք, ինչը նաեւ հոգեբանական նշանակություն կունենա: Մարդիկ չեն մոռանա, որ իրենք զինվոր են։
Գաղտնիք չէ, որ պահեստազորայինների մարտունակության պահպանման լավագույն միջոցը վարժական հավաքն է, այսինքն` նրանց ներգրավումը զորավարժություններում։ Սկսած 2010-ից` մենք այդպես էլ վարվում ենք. եթե նախկինում նրանց հետ էինք ուղարկում զինկոմիսարիատից, ընդունման կետից կամ կենտրոնացման շրջանից, ապա այժմ նրանք մասնակցում են զորավարժությունների բոլոր փուլերին։ Միաժամանակ, անցած տարի առաջին անգամ լիարժեքորեն անցկացրել ենք պահեստազորայինների վարժական հավաքներ, որոնք դառնալու են շարունակական եւ ավելի ծավալուն։ Վստահ կարող եմ ասել, որ 1990-ականների վարժական հավաքների նկատմամբ եղած բացասական կարծրատիպերը չկան այլևս։ Մարդիկ, որ արդեն զինվորական մասնագիտություն ունեն, պատրաստ են ոչ միայն մասնակցելու հավաքներին ու զորավարժություններին, այլեւ տեր կանգնելու իրենց, մեր ողջ ժողովրդի ձեռքբերումներին։ Նույնը վերաբերում է ավտոտրանսպորտային միջոցներ ունեցողներին։ Կա օրենք, համաձայն որի յուրաքանչյուր մեքենա՝ բեռնատար կամ մարդատար փոխադրամիջոց, պետք է կցագրվի եւ շարք կանգնի զինված ուժերում։ Մենք զորավարժություններին եւ հավաքներին մասնակցելու նպատակով մեքենաներ էլ ենք ներգրավել, եւ ոչ մի խնդիր չի առաջացել։
-Ազգային բանակում աստիճանաբար ավելանում է պայմանագրային հիմունքներով ծառայության անցնողների թիվը, որո՞նք են ծառայության այդ ձեւի զարգացման միտումներն ու նպատակները։
-Ոմանց ասածը, թե իբր պայմանագրայինների թիվն ավելացվում է, որովհետեւ նվազում է պարտադիր ժամկետային ծառայության մեկնողների՝ զինակոչիկների թիվը, չի համապատասխանում իրականությանը։ Մեր բանակը յուրահատուկ է նրանով, որ զինծառայողների մի զգալի մասը մարտական պատրաստությանը, ռազմական գործի ուսումնասիրմանը զուգահեռ զենքը ձեռքին մարտական հերթապահություն է կատարում, պահպանում է հանրապետության սահմանները։ Մեզանում պայմանագրային ծառայությունն արդեն տասնհինգ տարվա պատմություն ունի։ Փորձառու, զինվորական գործում հմտացած մարդկանց վերադարձնելով բանակ եւ նրանց ուժերով մարտական հերթապահություն իրականացնելով, մենք պարտադիր ժամկետային ծառայողներին մարտական պատրաստությամբ զբաղվելու լիարժեք հնարավորություն ենք տալիս։ Սա ամենագլխավորն է։ Միաժամանակ, հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ տարեցտարի բանակում ներդրվում են ավելի բարդ ռազմական տեխնիկա եւ սպառազինություն, որոնց սպասարկման, շահագործման համար վեց ամսվա ուսումնական ժամանակաշրջանը բավարար չէ։ Երբ տղաներն ամբողջությամբ տիրապետում են նոր զենքերին, գալիս է նրանց զորացրվելու ժամանակը։ Եվ, բնականաբար, գերադասելի է նման տեխնիկան շահագործելու, մարտական հերթապահություն իրականացնելու համար նախապատվությունը տալ փորձառու պայմանագրայիններին, այն էլ ավելի երկար ժամանակով։ Մենք արդեն հարյուր տոկոսով պայմանագրային ծառայության ենք անցել սպառազինության, թիկունքի եւ ավիացիայի զորամասերում եւ շուտով կանցնենք նաև հակաօդային պաշտպանության եւ հրթիռահրետանային զորքերի համակարգում։
Հաջորդ կարեւոր խնդիրն այն է, որ պայմանագրային ծառայության միջոցով պետությունը նաեւ մարդկանց աշխատանքի տեղավորման խնդիր է լուծում։ Եվ պատահական չէ, որ յուրաքանչյուր զորամասի համար նախապատվությունը տրվում է տեղի կամ առավել մոտ բնակավայրերի բնակիչներին։ Ասեմ նաեւ, որ մարդկանց ձեռնտու է ծառայության այդ տեսակը՝ աշխատավարձը վատ չէ, եթե հաշվի առնենք հանրապետությունում առկա միջին աշխատավարձի չափը, միաժամանակ նրանք օգտվում են զինվորականներին տրվող բոլոր արտոնություններից, այդ թվում նաեւ` արդեն իսկ ներդրված սոցիալական փաթեթից։ Ասեմ նաեւ, որ ցանկացողները շատ են, եւ մենք ունենք ընտրություն կատարելու հնարավորություն։ Ընտրություն կատարելու համար կարեւոր է, որ զորամասերը սերտորեն համագործակցեն զինկոմիսարիատների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Ոմանք առաջարկում են անցնել ամբողջությամբ պայմանագրային ծառայության կամ պրոֆեսիոնալ բանակի։ Ես կտրականապես դեմ եմ, որովհետեւ մենք դեռ լիովին պատրաստ չենք, եւ բացի դրանից. եթե չունենանք ժամկետային ծառայողներ, չենք ունենա բանակը պայմանագրայիններով համալրելու հնարավորություն։
-Վարչության գործունեությունը հասարակության մեջ ավելի շատ կապվում է զորակոչի, զինակոչիկների տեղաբաշխման գործընթացի հետ։ Իրականում, ո՞րն է վարչության կատարած աշխատանքն այդ բնագավառում։
-Զորակոչն ինքնին զինկոմիսարիատների աշխատանքի մասն է կազմում։ Մենք իրականացնում ենք հսկողություն, որպեսզի տեղաբաշխումը կատարվի նախապես մշակված պլանների համաձայն, առանց օրենքի խախտման։ Բաշխումը կատարվում է բաց ու թափանցիկ։ Վերջին զորակոչերի ժամանակ, մինչեւ վերջին պահը, ոչ ոք չի իմանում, թե համալրումը որտեղ եւ որ զորամասերում է կատարվելու։ Բաշխման ընթացքում հաշվի են առնվում բազմաթիվ հանգամանքներ՝ զինակոչիկի առողջական վիճակը, կրթությունը, բնակության վայրը եւ այլն։ Այդ ամենը հնարավոր չէ բացատրել ծնողներին։ Միշտ էլ լինում են մարդիկ, որ ասում են. ինչո՞ւ հարեւանիս տղան գնաց Իջեւան, իսկ իմ տղան՝ Մեղրի։ Սա օրինակի համար։ Ասեմ նաեւ, որ մենք կապ չունենք զինակոչիկների առողջության որոշման հետ։ Այդ հարցը որոշում են զինկոմիսարիատների բուժհանձնաժողովները, մասնագիտացված բուժհաստատությունները եւ գլխավոր բուժհանձնաժողովը։ Անդրադառնում եմ այս հարցին, որովհետեւ զորակոչվածների առողջական վիճակը կրկին ստուգելու, ճշտելու խնդրանքով նամակներ հաճախ ենք ստանում։
-Իսկ նամակներին ընթացք տրվո՞ւմ է, եւ ընդհանրապես, ինչպիսի՞ բովանդակությամբ նամակներ եք ստանում զորակոչի ընթացքում։
-Բոլոր նամակներին ընթացք է տրվում, եւ արծարծված բոլոր հարցերն ուսումնասիրվում են ամենայն մանրամասնությամբ։ Առողջության վերաբերյալ կրկնակի ստուգումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բողոքների ընդամենը մեկ տոկոսն է համապատասխանում իրականությանը։ Գրավոր խնդրանքները հիմնականում հակասում են գործող օրենքներին։ Շատ են եղբորը եղբոր մոտ ծառայության ուղարկելու խնդրանքները։ Հիմնականում ընդառաջում ենք, եթե ծառայող եղբայրը մարտական հերթապահություն է կատարում։ Նույն զորակոչի ընթացքում եղբայրներին նույնպես նույն զորամասն ենք ուղարկում։
-Պարոն գնդապետ, վերջին զորակոչի ժամանակ ուսումնական զորամասերի համալրումն սկսվեց զորակոչի հենց առաջին օրվանից, ինչը բավական արդյունավետ եղավ։ Ինչպե՞ս կատարվեց զորամասերի համալրումը վերջին՝ աշնանային-ձմեռային զորակոչի ընթացքում։
-Զորամասերի համալրումը կատարվեց հաջողությամբ` ըստ պլանի։ Ինչ վերաբերում է ուսումնական զորամասերին, ասեմ, որ մենք էլ մշտապես որոնումների մեջ ենք, եւ ինչպես բոլոր հարցերում, այստեղ էլ ձգտում ենք առավել ռացիոնալ ու նպատակային տարբերակ գտնել։ Մանավանդ աշնանային զորակոչի ընթացքում ճիշտն այն է, որ ուսումնականները համալրվեն գործընթացի հենց առաջին օրվանից։
– Խնդրում եմ անդրադառնաք նաեւ պայմանագրային սերժանտական համակարգի ներդրման արդյունքներին։
-Միանգամից ասեմ, որ հենց այդ համակարգն է լինելու պրոֆեսիոնալ բանակի հիմքը։ Գործընթացը լավ արդյունք է տալիս եւ առաջ է ընթանում հաջողությամբ։ Համազորային ուսումնական զորամասում սահմանված ժամկետում մի քանի փուլով պատրաստում ենք դասակի հրամանատարի տեղակալներ եւ ջոկերի հրամանատարներ, որոնք կապող օղակի դեր են կատարում շարքայինների եւ սպայական կազմի միջեւ։ Այս համակարգը մենք ընդօրինակել ենք ՆԱՏՕ-ից, եւ փորձը ցույց է տալիս, որ կենսունակ է եւ ունի հեռանկար։ Այժմ այն կայացման փուլում է, բայց հեռու չէ այն օրը, երբ սերժանտները կդառնան վաշտերի, գումարտակների հրամանատարների օգնականներ։
-Պարոն գնդապետ, Ձեր վարչության սպաներին մենք տեսնում ենք ամենուր, տարբեր զորամասերում, տարբեր հանձնաժողովներում։ Զբաղվածության առումով շատ չե՞ք ծանրաբեռնված…
-Ծանրաբեռնվածությունը, իրոք, շատ մեծ է, քանի որ մերոնք մասնակցում են բազմաթիվ նախագծերի, փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին, ընդգրկվում են տարբեր հանձնաժողովներում։ Այնուամենայնիվ, հասցնում ենք ամեն ինչ ժամանակին կատարել, որովհետեւ մեր կադրերը տարիների ընթացքում գործի մեջ շատ են հմտացել։ Մեր կոլեկտիվը նաեւ շատ համերաշխ է, միմյանց հետ կապված ենք ընտանիքներով։ Որպես ղեկավար` առիթը բաց չեմ թողնում աշխատանքից դուրս ընտանիքներով շփվելու, ժամանակ անցկացնելու համար, ինչը օգնում է ոչ միայն լիցքաթափվել, այլեւ հանգստանալ, իրար ավելի լավ ճանաչել, միմյանց նկատմամբ վստահություն ձեւավորել։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ