Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԼԱՎ ԳԻՏԵՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ



Ջեմմա Օհանյանն ու Ռազմիկ Ստեփանյանը ծնվել են Վայոց ձորի մարզի տարբեր գյուղերում։ Ջեմման Սերսից է, Ռազմիկը՝ Գորադիսից։ Երկու գյուղերն էլ սահմանակից են Նախիջեւանին։ Գորադիսը հիմա դատարկվել է, դարձել է ամառանոց, որն իր բնության գեղեցկությամբ հմայում-կանչում է շատ շատերին։

-Սերսը գեղեցիկ, փոքրիկ գյուղ է,- պատմում է Ջեմմա մայրիկը,- ամենաբարձրում մի մատուռ կա, որը շրջապատված է գյուղի տներով։ Մատուռի դռան աջ ու ձախ կողմերում մարդահասակ գեղեցիկ խաչքարեր են, որոնց վրա գրված է` Գագիկ Անեցի… Մեծերն ասում էին, որ մեր գյուղը եղել է Բագրատունիների ամառանոցը։ Սիրում էինք երեխաներով բարձրանալ ու մատուռի բարձրությունից նայել գյուղին, աշխարհին։ Չնայած այնտեղ պահեստամասեր էին լցրել, սակայն ինչ-որ երկյուղածություն էինք զգում ամեն անգամ մատուռ բարձրանալիս… Գեղեցիկ, անմոռաց հիշողություններ…

Ռազմիկի հետ ամուսնացանք 1965թ. հոկտեմբերի 25-ին։ Նույն թվականի դեկտեմբերին տեղափոխվեցինք Մեղրի։ Մեկ տարի Մեղրիում ապրելուց հետո վերջնական բնակություն հաստատեցինք Ագարակում։ Ամուսինս աշխատանքի անցավ պղնձամոլիբդենային գործարանում, իսկ ես հացի գործարանում հացթուխ էի։ Ունեցանք 4 երեխա՝ Սերյոժա, Հարություն եւ Զարմանդուխտ, Զարինե երկվորյակներ։ Բոլորն էլ ամուսնացել, տուն-տեղ են դրել։ 8 թոռ ունեմ։ Աշխատանքի հետ նաեւ մշակում էինք մեր այգին, որտեղ աճում են նուռ, նուշ, թուզ, ծիրան, դեղձ, զկեռ, ունաբ, խնձոր, սերկեւիլ, խաղող, կիվի։ Մեր տարածքի բերքի համն ու հոտը աշխարհին է հայտնի։ Ափսոս, վերջին շրջանում ծիրանի ու դեղձի ծառերը չորանում են…

Այսպես ապրում էինք մինչեւ 1988-ը։ Շարժման հենց սկզբից երկու տղաներս էլ իրենց մասնակցությունն ունեցան ազատագրական պայքարին։ Սկզբում հանրահավաքներ էին, հետո, երբ Նյուվադիի (այժմ՝ Նռնաձոր) ու Ծիրանաձորի կողմից ադրբեջանցիները սկսեցին ոտնձգություններ կատարել, շրջանի երիտասարդությունը սկսեց ինքնապաշտպանական ծրագրեր մշակել։ Որդիներս անդամագրվեցին Ղեւոնդ Հովհաննիսյանի հրամանատարությամբ նոր կազմավորված ջոկատին։ Տղաները պարապում էին, սովորում զինվորական գործը։ Եղածը որսորդական հրացաններ էին։ Մեկ էլ լուր էր գալիս, թե Ծիրանաձորի կողմից Օրդուբադի թուրքերը հարձակվել են՝ շտապ մեկնում էին այդ կողմը։ Դեռ չհանդարտված` լուր էր գալիս, թե Նյուվադիից են անցել սահմանը, ու տղաները Ծիրանաձորից շտապ մեկնում էին այնտեղ։ Ծիրանաձորը սահմանակից էր Նախիջեւանին, իսկ Նյուվադին՝ Ադրբեջանի Հանրապետությանը։ Այդ կռիվների ժամանակ հետները բերում էին սպանված ադրբեջանցիների զենքերն ու այսպես կամաց-կամաց զինվում էին։ Եռացող կաթսա էր դարձել մեր տարածքը, ու տարեցները միշտ ճակատ ուղարկելուց առաջ տղաներին հիշեցնում էին այս խոսքերը. «Մեղրին տաք թոնիր է, ով այնտեղ մտավ չար մտքով, այլեւս դուրս չի գա, կայրվի»։ Եվ իրոք ժամանակը հաստատեց պատմական այս խոսքերի ճշմարտացիությունը։ Թշնամին, որը սկզբում լկտի էր, ինքնագոհ, դարձավ զգուշավոր, սակայն ավելի նենգ։ Ջաբրայիլի կռիվների ժամանակ Սերոժս վիրավորվեց։ Արկի այդ բեկորը մինչ օրս պահում եմ։ Հարութս ցնցակաթված տարավ, սակայն երկուսն էլ շարունակեցին իրենց կռիվը։ Բանակի կազմավորումից հետո 2 տղաներս էլ անցան ծառայության։ Սերյոժաս սովորեց ակադեմիայում, այժմ գնդապետ է, իսկ Հարությունս հասավ մինչեւ կապիտանի կոչմանը։ Առողջական խնդիրներ ուներ եւ անցավ պահեստազոր։

Հիշում եմ, երբ որդիս պետք է մեկներ ուսանելու ակադեմիա, հայրը ծանր հիվանդ էր։ Հարցրեց. «Հայրի՛կ, գնա՞մ»։ Ամուսինս ժպտաց, գրկեց որդուն ու ասաց. «Գնա՛, որդի՛ս, Աստված քեզ հետ։ Սովորիր զինվորական գործը, տեսար, թե որքան է այն անհրաժեշտ մեր ժողովրդին»։

Ու հիմա, երբ վերապրում եմ այն օրերն ու համեմատական անցկացնում ներկայիս հետ՝ տեսնում եմ, որ այնքան բան է փոխվել։ Տարածքի բնակիչների հայացքներն էլ սահմանին չեն ուղղված, որտեղից արկեր էին գալիս։ Հողագործը հիմա իր գործն է անում, գործարարն` իր, բանվորն` իր։ Սահմաններն անառիկ են, ապահով։ Ով ապրել, տեսել է այն օրերը՝ նա կհասկանա իմ խոսքերի իմաստը։ Ես մայր եմ, 4 զավակների, 8 թոռնիկների տատ, եւ իմ միակ երազանքն է, որ թոռներս ապրեն խաղաղության մեջ, իսկ խաղաղության համար մենք միշտ պիտի պարտական լինենք պատերազմի բոլոր մասնակիցներին, որոնցից շատերը զոհվեցին։ Փա՛ռք նրանց։

Խաղաղության համար մենք պետք է սիրենք մեր բանակը, որն ընդամենը 20 տարեկան է, սիրենք մեր ջահել, վառվռուն զինվորներին, որոնք բարձրիկ սարերում են, մարտական հենակետերում։ Ու միշտ, երբ մեր հայացքներն ուղղենք սահմանի բարձրաբերձ լեռներին, միայն աղոթքի խոսքեր շշնջանք նրանց հասցեին։ Աղոթքի ու Սիրո…

Գրի առավ ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Բանակ և հասարակություն


15/02/2012