Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ



«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն ի մի է բերել Մերձավոր Արևելքի արաբական երկրներում կատարվող հեղափոխությունների հետևանքները: Հեղափոխություններ, որոնք ստացել են նաև «արաբական գարուն» անվանումը: Եւ այսպես, փորձագետի կարծիքով`

ա) Կարելի է ամրագրել, որ «արաբական գարնան» արդյունքում մի շարք արաբական երկրներում աշխարհիկ (սեկուլյար) ավտորիտար ռեժիմները փոխարինվեցին իսլամական «թեքումով» կիսաժողովրդավարական վարչակարգերով։ Խիստ կարևոր է, որ այդ վարչակարգերին աջակցում է մեծամասնություն կազմող և «արաբական-իսլամական ընդհանրական ինքնությունը» վերագտնել ձգտող բնակչությունը։ Իրեն վերագտնող այդ նոր իսլամական արաբական աշխարհը ցուցաբերում է ինտեգրման միտումներ, և այդ առումով Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլայի կոչը միասնական արաբական պետության ստեղծման մասին միանգամայն համարժեք է արաբական աշխարհում տիրող տրամադրություններին։

Դրա հետ մեկտեղ հստակ ուրվագծվում են նաև Արևմուտքից մեկուսանալու, քաղաքակրթորեն տարանջատվելու և դեպի Արևելք «կողմնորոշվելու» միտումները։ Այս երևույթը լիովին համապատասխանում է ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի (NIC) և ԵՄ Անվտանգության ուսումնասիրության ինստիտուտի (EUISS) կողմից դեռևս 2010-ին կատարված այն մշակումներին, որոնցում ներկայացվել էին աշխարհի «ֆրագմենտացման» (մասնատման) սցենարները։

բ) Արաբական աշխարհում կատարվածը էլ ավելի կարևորեց «Իրանի հիմնախնդիրը», որի դերակատարումը, մասնավորապես, աճել է շիա-սուննի միջդավանական հարաբերությունների սրման արդյունքում։ Այդ համատեքստում Իրանի ազդեցությունը տարածվում է, մասնավորապես, Իրաքի, Եմենի, Սիրիայի վրա և բարդացնում նրա հարաբերությունները Թուրքիայի ու ավանդական մրցակից Սաուդյան Արաբիայի հետ։

«Արաբական գարունը» հանգեցրել է տարածաշրջանում նաև Թուրքիայի դերակատարման մեծացմանը։ Դա պայմանավորված է, մասնավորապես, նրանով, որ «հետհեղափոխական երկրներում» որպես կառավարման մոդել ընդունվել է թուրքական վարչակազմին հարազատ «չափավոր իսլամը»։ Դա լրացուցիչ հիմք է Թուրքիայի համար, որպեսզի նեոօսամանիզմի գաղափարախոսական դրույթներին համապատասխան, տարածի իր ազդեցությունն այդ երկրներում։ Զուգահեռ՝ Սիրիայում ընթացող հայտնի զարգացումների արդյունքում էապես սրվել են Թուրքիա-Իրան հարաբերությունները։

գ) Փորձագետների, այդ թվում` թուրքական աղբյուրների համաձայն, տարածաշրջանային առաջատար դառնալու ձգտումը դրդում է Թուրքիային մշակել միջուկային զենք ստեղծելու սեփական ծրագիր։ Այսինքն՝ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կհայտնվի նվազագույնը երեք (Իսրայել, Իրան և Թուրքիա) միջուկային պետություն։ Եվ դա այն պարագայում, երբ նրանց միջև մշակված չեն միջուկային զինանոցների վերահսկման և դրանց կիրառման զսպման մեխանիզմները, ինչպես դրանք ձևավորվել էին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմի տարիներին։ Ավելին, այսօր այդ երեք երկրների քաղաքական համակարգերում այս կամ այն չափով կարևորվում է կրոնական գործոնը, ինչը մեծացնում է ոչ պրագմատիկ որոշումներ ընդունելու հավանականությունը։

դ) «Արաբական գարունը», ինչպես և ցանկացած հեղափոխական գործընթաց, զուգորդվել է բռնություններով և խաղաղ բնակչության բազմաթիվ զոհերով։ Մասնավորապես, սեկուլյար ռեժիմների տապալումը և իսլամական գործոնի ակտիվացումն էապես սրել են միջդավանական (մասնավորապես` Սիրիայում՝ սուննի-ալևի համայնքների միջև), միջկրոնական (Եգիպտոսում բնակվում է մինչև 8-9 մլն քրիստոնյա ղպտի) հակասությունները։ Հրատապ են դարձել նաև ինքնավարություն չունեցող տեղաբնակ ազգային փոքրամասնությունների խնդիրները (օրինակ՝ բերբերների թիվը Թունիսում կազմում է մոտ 20 մլն)։

Այդ խնդիրներն անմիջականորեն անդրադառնում են նաև հայերի վրա, որոնց թիվը տարածաշրջանում վերջին մի քանի տասնամյակում էապես նվազել է։ Բավական է նշել, որ 2003թ. Իրաքի բռնազավթման հետևանքով այսօր գործնականում հայաթափ է եղել այդ երկրի մեր համայնքը, նման բնույթի խնդիրներ հասունանում են նաև Սիրիայում։

Պատրաստեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Ռազմաքաղաքական


15/02/2012