Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾԱՆՈՒՄ Է ՑԱՆՑԱՅԻՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԴԵՐԸ



«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական կենտրոնի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, սոցիալական ցանցերի դերի մեծացումը հանգեցնում է նրան, որ փոխվում է ինտերնետում տեղեկատվության տարածման հոգեբանությունը։ Դեռևս մի քանի տարի առաջ տեղեկատվության մի քանի հիմնական աղբյուր կար, ներառյալ կայքանշաններով, ընկերների հղումներով կայքին անցումները, թեմատիկ ֆորումների հղումները, գովազդային հղումները։ Սակայն հիմքերի հիմքը որոնման համակարգերն էին, որոնց օգնությամբ միջին օգտվողը տեղեկատվություն էր գտնում համաշխարհային ցանցում:

Մինչդեռ այսօր փոխվում է օգտվողի հոգեբանությունն ընդհանրապես։ Օգտվողների մեծ մասը տեղեկատվության պասիվ սպառողի դերին է անցել, տեղեկատվություն, որը տարածվում է սոցիալական ցանցերի միջոցով։ Միջին օգտվողն արդեն ինքը չի որոնում տեղեկատվությունը. նա վստահում է այն փոքրամասնությանը, որը նույնպես սոցիալական ցանցերից օգտվող է և, միևնույն ժամանակ, թարմ տեղեկատվության ակտիվ որոնող։ Համապատասխանաբար, ուժեղանում է օգտվողների այն աննշան ակտիվ զանգվածի դերը, որն ի վիճակի է գտնել և տարածել տեղեկատվությունը։

«Հետևաբար, եթե որոնման համակարգի պարագայում մենք գործ ունենք ինտերնետում տեղեկատվություն գտնելու և դասդասելու մաթեմատիկական ալգորիթմի հետ, ապա սոցիալական ցանցերում առաջին պլան է մղվում մարդկային գործոնը, կարևոր է դառնում այն, թե ով և ինչ տեղեկատվություն է տարածում։ Փաստորեն, տեղի է ունենում ցանցային էլիտաների փոփոխություն։ Մաթեմատիկական ալգորիթմների վրա հենվող որոնման միջոցների ոչ մեծ քանակությանը փոխարինելու են գալիս սոցիալական ցանցերի ակտիվիստները»,- կարծում է փորձագետը։

Պատրաստեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Ռազմաքաղաքական


15/02/2012