Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԳ ՉԱՌՆԵՆՔ ԿԵՍՃԱՄՓԻՆ



Շնորհավորում եմ իմ ծառայակիցներին և ազգային բանակի բոլոր զինծառայողներին` հայոց բանակի 20-ամյակի առթիվ:

Իսկապես մեծ պատիվ է ծառայության անցնելը սեփական հայրենիքի բանակում, հայրենիք, որը մեծագույն դժվարությամբ է ձեռք բերել անկախությունը՝ առաջին հերթին շնորհիվ իր քաջարի ու աննկուն մարտիկների, որոնք չխնայեցին իրենց կյանքը, չընկրկեցին ու հետ չկանգնեցին երես առ երես թշնամու դեմ դուրս գալուց։

Գրող-հրապարակախոսը ասում է, թե. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։ Գերադասում է, քանզի պատմական հայրենիք չունի։ Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ։ Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող սրտագին սիրով։

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ։

Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական՝ մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով՝ հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իսկական հայրենիքի փոքրությունը եւ երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա…»։

Ահա այս խոսքերը իրոք բնորոշել են հայի էությունը։ Մենք միշտ ավելի շատ սիրել ենք մեր պատմական հայրենիքը՝ համեմատելով ունեցածի հետ եւ գովերգել ենք պատմականը՝ կարծես նսեմացնելով իսկականը։ Այդպես չպիտի լինի. «Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է»։ Մենք հաղթանակած երկիր ենք. սա պիտի լինի մեր ինքնագիտակցության հենքը։

Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ մենք՝ հայերս, մեր ողջ պատմության ընթացքում շատ հաղթանակներ ենք ունեցել, սակայն կես ճամփին հոգնել ենք եւ հոգնելով՝ ի վերջո չենք հասել այն վերջնական հաղթանակին, որը մեր ձեռքից ոչ ոք այլևս չի խլի…

Մենք ներկայումս գտնվում ենք այդ «կես ճամփա» կոչվածի վրա: Հարկավոր է սթափ լինել եւ գիտակցել, որ կռիվը դեռ չի ավարտվել, որ մենք ապացուցելու դեռ շատ բան ունենք եւ առաջինը՝ ինքներս մեզ։

Լինե՛նք ուժեղ, ոգով տոկուն ու ամուր, պաշտպանե՛նք մեր Հայաստանը պատվով։ Հայաստանը մեր ինքնասիրությունն է, եւ յուրաքանչյուր ոք, ով կդիպչի Հայաստանին, նույնն է, թե կդիպչի մեր հավաքական ինքնասիրությանը։ Եվ սրա առաջին պաշտպանները լինելու ենք մենք՝ զինվորներս, որ թողել ենք մեր հայրենի տունն ու ընտանիքը եւ եկել ենք ծառայելու՝ իբրեւ իսկական հայ տղամարդիկ, եկել ենք պաշտպանելու մեր ինքնասիրությունը, պարտքը տալու այն բոլոր ազատամարտիկների հոգիների առաջ, որոնք եղան երաշխավորը մեր գոյության, որոնք արյուն թափեցին՝ ապացուցելով, որ մենք կորած ազգ չենք, որ մենք դեռ պիտի ծաղկենք ու վեր հառնենք այս փշոտ ու քարքարոտ, բայց միշտ հարազատ բարձունքներում…

Կեցցե՛ հայոց հաղթանակած բանակը, եւ կեցցե՛ այդ հաղթանակած բանակի զինվորը…

Հավե՛րժ փառք հայ ժողովրդին….

ՀՐԱՅՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
շարքային
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, II կուրս

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Բանակ և հասարակություն


15/02/2012