Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ



Գնդապետ Ս.Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ՀՕՊ զորամասում են ծառայում սիսիանցի Հայրապետյան եղբայրները: Սերժանտ Հայկ Հայրապետյանը մեկնարկային մարտկոցի դասակի հրամանատարի տեղակալն է, իսկ կրտսեր սերժանտ Նարեկ Հայրապետյանը՝ նույն մարտկոցի մյուս դասակի հրամանատարի տեղակալը։ Նրանց այստեղ շատ են հարգում, վստահում, սիրում, որովհետեւ բանիմաց են, պարտաճանաչ եւ ծառայում են նվիրումով։

Հայկը եղբայրներից մեծն է, ծնվել է 1990թ., իսկ Նարեկը նրանից փոքր է երկու տարով։

-Սովորել ենք Սիսիանի զոհված ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանի անվան N 4 միջնակարգ դպրոցում։ 2007-ին, ավարտելով դպրոցը, ես ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, իսկ մեկ տարի անց Նարեկն ընդունվեց նույն համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։

Եղբայրները բազմիցս խրախուսվել են զորամասի հրամանատարության կողմից, միաժամանակ նրանց ծնողներին շնորհակալական նամակ է ուղարկվել հայրենիքի համար գիտակից զինվորներ, արժանապատիվ քաղաքացիներ դաստիարակելու համար։

2011թ. ուսումնական տարվա արդյունքներով` հակաօդային պաշտպանության զորամասերի մեջ լավագույնը ճանաչվեց եւ փոխանցիկ պատվադրոշին տիրացավ գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գոծող զորամասը։ Ներկայացնելով հաջողության նախադրյալները` փորձառու հրամանատարն ասաց.

-Մեր զորամասը, որ շուրջօրյա մարտական հերթապահություն է կատարում, իր ծանրակշիռ դերն ունի հանրապետության օդային սահմանների պաշտպանության գործում։ 2010-ին զորամասում համալիր ստուգումներ անցկացրեց գլխավոր ռազմական տեսչությունը։ Գրանցվեցին գոհացուցիչ արդյունքներ, ինչն էլ ավելի ոգեւորեց անձնակազմին։ 2011թ. հենց սկզբից ամբողջությամբ եւ բարձր որակով իրականացվեցին մարտական պատրաստականության պլանով նախատեսված միջոցառումները՝ մարզումները, զորավարժությունները։ Առաջին ուսումնական փուլից հետո ինժեներական սպայական մի ստորաբաժանում գործուղեցինք Ռուսաստանի Դաշնություն` մասնագիտական մարզումներ անցկացնելու մեր գործընկերների ուսումնավարժանքային կետերից մեկում։

Իսկ սեպտեմբերի սկզբներին մասնակցեցինք ԱՊՀ երկրների ՀՕՊ ստորաբաժանումների համատեղ զորավարժությանը, որն ավանդաբար անցկացվում է ՌԴ Աստրախանի մարզի Աշուլուկի զորավարժարանում։ Այստեղ մենք հարյուր տոկոսով կատարեցինք առաջադրված խնդիրները եւ արժանացանք զորավարժության ղեկավարության բարձր գնահատականին։ Այնուհետեւ մասնակցեցինք մեր երկրի անկախության քսանամյա տարեդարձին նվիրված զորահանդեսին։

Տարեվերջին ամփոփիչ քննություններից զորամասն ստացավ «լավ» գնահատական։ Մեր դիվիզիոնները տեղակայված են հանրապետության տարբեր մարզերում։ Նման իրավիճակում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դիվիզիոնների հրամանատարական կազմերի վրա, եւ այսօր ես կարող եմ ասել, որ գոհ եմ նրանց ծառայությունից, նրանք արդարացնում են ինչպես իմ, այնպես էլ ՀՕՊ զորքերի վարչության պետի, զինված ուժերի ղեկավարության սպասելիքները։ Մեր բոլոր կադրերը համապատասխան մասնագիտական կրթություն ստացած սպաներ են եւ շատ լավ են տիրապետում ժամանակակից մարտական տեխնիկային։ Ուզում եմ նշել, որ ազգային բանակի քսանամյակը ծառայողական բարձր արդյունքներով նշանավորեցին փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Սուքիասյանը եւ այլք։ Այժմ զորամասում տարվում են աշխատանքներ պայմանագրային ծառայության անցնելու ուղղությամբ։ Պարտադիր ժամկետային ծառայության զինվորներին կփոխարինեն ավելի երկար ժամանակով ծառայության անցնող պայմանագրայինները։ Փորձն արդեն ցույց է տալիս, որ բարդ տեխնիկայի հետ պայմանագրայինների աշխատանքն ավելի արդյունավետ է։ Նոր ուսումնական տարին սկսել ենք հաջողությամբ։

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Զորամասի հաջողության գործում մեծ ներդրում ունի փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա ծնվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում։ Ավարտել է Երեւանի N 114 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել զինվորական բարձրագույն ռադիոտեխնիկական-ինժեներական ուսումնարան։ 1992-ին ավարտել է ուսումը եւ վերադարձել հայրենիք։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը, հաշվի առնելով ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ (Արծվաշենում) Հովհաննեսի եղբոր՝ Հրայր Հովհաննիսյանի զոհվելու հանգամանքը, նրան հորդորում է ծառայության անցնել մայրաքաղաքի Կենտրոն զինկոմիսարիատում։ Ապա 1995թ. երիտասարդ սպան տեղափոխվում է ՀՕՊ զորքերի վարչություն: 2002թ. նշանակվում է ՀՕՊ ուսումնական զորամաս։ 2004թ. նրան կրկին գործուղում են սովորելու ՌԴ ՀՕՊ ակադեմիաներից մեկում, որն էլ գերազանցությամբ ավարտելով` վերադառնում է հայրենիք։

Փոխգնդապետ Հ. Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Արցախի մայրերի երախտագիտություն», «Անբասիր ծառայություն» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի, ՌԴ պաշտպանության նախարարի «ՀՕՊ ԱՊՀ» մեդալներով, այլ պարգեւներով։ Ամուսնացած է, ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ։

-Գաղտնիք չէ, որ մեր դիվիզիոնները զինված են նաեւ Ս-300 համակարգերով։ Ճիշտ է, Ս-300 համակարգն իր մեջ ունի վարժանքներ անելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու ծրագիրը, բայց մենք դրանով չենք սահմանափակվում եւ առանձին պարապմունքների միջոցով ձգտում ենք պաշտպանել, կատարելագործել ինժեներատեխնիկական կազմերի գիտելիքներն ու ունակությունները։

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ Կ. ԴԱՐԲԻՆՅԱՆ

Իր սկզբունքայնության, աշխատասիրության, կարգապահության ու մասնագիտական հարուստ գիտելիքների շնորհիվ փոխգնդապետ Կարեն Դարբինյանը համակարգի հմուտ մասնագետներից եւ վստահելի սպաներից է։ Ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Առաջին կուրսից զորակոչվել է խորհրդային բանակ։ 1993թ. որպես հաշվարկի պետ ծառայության է անցել ազգային բանակում՝ ՀՕՊ զորամասում։ Սովորել է ՌԴ ՀՕՊ ակադեմիաներից մեկում։ Քիչ ուշ կրկին գործուղվել է ՌԴ եւ Ս-300 համալիրների գծով անցել վերապատրաստում։ Մասնակցել է 2011-ի զորավարժությանը։ Փոխգնդապետ Կ.Դարբինյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայություն» առաջին աստիճանի, ինչպես նաեւ ՌԴ պաշտպանության նախարարի «ԱՊՀ ՀՕՊ» մեդալներով։ Ամուսնացած է, ունի երկու աղջիկ եւ մեկ տղա։

-Այսօր զորամասը եւ մեր վարչությունը սերտորեն համագործակցում են ռազմարդյունաբերական վարչության հետ։ Տարբեր համակարգերի սպասարկումը, դրանց մշտապես մարտունակ վիճակում պահելը բավական բարդ, նաեւ ծախսատար գործընթաց է։ Բարեբախտաբար, մեր արտադրողներին հաջողվել է հաղթահարել դժվարությունները եւ մարտական զորամասերն ապահովել անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, եւ արդեն վերանորոգման բոլոր աշխատանքները կատարվում են, միաժամանակ տարվում են ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքներ, ուսուցման, հմտությունների կատարելագործման համար ստեղծվում են վարժասարքեր,- ասաց փոխգնդապետ Կ. Դարբինյանը։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ

Մեր այցելության օրը օպերատիվ հերթապահը մայոր Ս. Հարությունյանն էր, նրան օգնում էր կապիտան Վահան Մկոյանը։

Մայոր Ս. Հարությունյանը Երեւանի պետական համալսարանի շրջանավարտ է, ծառայում է զորամասի կազմավորման առաջին իսկ օրվանից։ Նա բացառում է որեւէ թռչող օբյեկտի աննկատ ներթափանցումը մեր օդային տարածք։

-Ուշի ուշով հետեւում ենք տարածքով անցնող բոլոր ինքնաթիռների ընթացքին։ Նույնիսկ, եթե երթուղուց փոքր-ինչ խախտում է տեղի ունենում, պահանջում ենք ուղղվել,- ասաց նա։

-Մենք ղեկավարում ենք մարտական դիվիզիոնների գործողությունները։ Բոլոր տվյալներն անմիջապես հաղորդվում են միացյալ հրամանատարական կետ։ Վստահ ենք, որ ոչ մի խելամիտ հակառակորդ չի փորձի թափանցել մեր օդային տարածք,- ասաց կապիտան Գ. Թանգյանը։

ԴԻՎԻԶԻՈՆՈՒՄ

Մայոր Վահե Հակոբյանը հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Ծնվել է Գորիսում, ավարտել է Չարենցավանի N 6 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Արցախի պետական համալսարան, որն ավարտելուց հետո ծառայել է ազգային բանակում։ Զորակոչվելուց շատ չանցած՝ 2001թ. վերադարձել է բանակ եւ ՀՕՊ զորամասում կրտսեր սերժանտի կոչումով նշանակվել վաշտի ավագ։ Վերապատրաստում է անցել ՌԴ-ում։ 2005թ. մայոր Վ. Հակոբյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությանը։

-Զորամասը համալրված է երիտասարդ կադրերով, որոնք մասնագիտական կրթություն են ստացել ՌԴ ուսումնական հաստատություններում։ Հենց այստեղ, մեր մասնագետների ուժերով են բացազատվել Ս-300 մի քանի դիվիզիոններ, որոնք տեղափոխվել եւ տեղակայվել են այլ զորամասերում։ Մենք մասնակցում ենք մարտական պատրաստության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին, մարզումներին ու զորավարժություններին, իսկ սպաների մի մասը 2011թ. սեպտեմբերին մասնակցել է Աշուլուկի զորավարժությանը եւ մարտական կրակի փորձ ձեռք բերել։ Դիվիզիոնը պարբերաբար համալրվում է պայմանագրային զինծառայողներով, որոնց հետ լրացուցիչ պարապմունքներ ենք անցկացնում։ Երիտասարդ ու միեւնույն ժամանակ մասնագիտական բարձր որակավորում ունեցող սպաներ են բաժանմունքի պետ, «Աշուլուկ-2011»-ի մասնակից կապիտան Խոսրով Չոբանյանը, կապիտան Սուրեն Հարությունյանը: Ուզում եմ նշել նաեւ Արսեն Քոչարյանի, պայմանագրային սերժանտ Արթուր Առաքելյանի, կրտսեր սերժանտ Արսեն Դարմոյանի, շարքային Արամ Ստեփանյանի բարեխիղճ ծառայությունը։ Դիվիզիոնում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ է տիրում, մարդիկ իրար նկատմամբ բարյացակամ են, ուշադիր, հոգատար եւ դրանում շատ մեծ է մայոր Վ. Մալխասյանի ավանդը։ Հունվարի ութին դիվիզիոնում նշել ենք ջրօրհնեքը, դպրոցի կոլեկտիվի հետ՝ ազգային բանակի կազմավորման քսանամյակը։

Հաշվարկի պետ ավագ Նարեկ Հարությունյանին եւ եֆրեյտոր Կարլեն Առաքելյանին հանդիպեցինք աշխատանքի պահին։ Նարեկը «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով է պարգեւատրվել։

-Ես Հրազդանից եմ, ծնվել եմ 1988-ին։ 2006-ին ավարտել եմ տեղի N 14 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել հայկական պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետ, որն ավարտել եմ 2010-ին ու զորակոչվել բանակ։ Ծառայությունս մոտենում է ավարտին, հունիսին կզորացրվեմ,- ասաց նա։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/02/2012