Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԴԵՀՎԱԾ «ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ» ՍՈՒԶԱՆԱՎՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՂԵ՞Լ Է



Ենթադրվում է, որ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն այդ հարցին կպատասխանի փետրվարի 24-ին: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ինքը գիտե հարցի պատասխանը, սակայն ամեն ինչ պետք է լինի օրենքով և հասարակությունն այդ մասին պետք է տեղեկանա իրավասու՝ քննչական մարմիններից:

Ըստ նրա, խնդիրը ոչ թե նորոգման աշխատանքների ընթացքում սուզանավում միջուկային զենքի առկայության հարցն է, այլ թե ովքե՞ր էին պատասխանատու դրա համար:

1986 թվականին ընդունված հրահանգով թույլատրվում է փոքրածավալ նորոգումների ժամանակ չիրականացնել միջուկային սպառազինության բեռնաթափում, քանի որ այն ևս պարունակում է բազմաթիվ վտանգներ: Սակայն 2011 թվականին հրդեհված «Եկատերինբուրգ» ատոմային սուզանավում իրականացվում էր հիմնական նորոգում:

Ռոգոզինի հայտարարությունը պայմանավորված է անցած շաբաթ ռուսական լրատվամիջոցներում հայտնված այն պնդումների հետ, թե հրդեհի պահին սուզանավում բացի նրա երկու միջուկային ռեակտորներից, եղել են նաև միջուկային մարտագլխիկներով հրթիռներ ու տորպեդներ և ուղիղ մեկ օր, մինչև հաջողվել էր մարել հրդեհը, Ռուսաստանի Դաշնությունը գտնվում էր Չեռնոբիլի ատոմակայանի վթարից ի վեր խոշորագույն տեխնածին աղետի շեմին:

Խորագիր՝ Նորություններ


21/02/2012