ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐԸ
Համաշխարհային պատմությունն ուսումնասիրած և ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներին հետևող ցանկացած անձ քաջատեղյակ է դարերի ընթացքում Թուրքիայի կողմից տասնյակ ժողովուրդների ահաբեկմանը: Այսօր անհնար է գնահատել Առաջավոր Ասիա և Եվրոպա ներթափանցած թյուրքական էթնոսի՝ համաշխարհային քաղաքակրթական ներուժին հասցրած վնասը, որից ամենահիշարժանն են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ, ասորի, հույն և արաբ ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի բնիկ ժողովուրդների զտումը, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում «արյան հարկի» պատճառով տասնյակ ժողովուրդների գենոֆոնդերին հասցված վնասը:
Նման «խիզախությամբ» Օսմանյան պետության հետնորդ Թուրքիան աչքի է ընկնում նաև այսօր` սպառնալով նրանց, ովքեր ուզում են վերականգնել պատմական արդարությունը: Եվ այդ գործում, անկասկած, իր ներդրումն ունի իր հավատարիմ ծառա և զինակից Ադրբեջանը:
Ակներև է, որ անկախության հռչակումից հետո Ադրբեջանը, Թուրքիայից ակնկալելով որոշակի աջակցություն, ամեն կերպ փորձում է գոհացնել պաշտոնական Անկարային` շեշտը հիմնականում դնելով հակահայկական քարոզչության վրա: Այսպես, Թուրքիայի ամենամեծ «գլխացավանքի»` Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման դեմ պայքարի հիմնական զենքերից մեկն այսօր, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունն» է, որը Ղարաբաղյան պատերազմի տարիներին թուրքերի խորհրդով մոգոնեցին ադրբեջանցիները, և որի հիմնական նպատակը «հայերին իրենց իսկ զենքով հակահարված տալն է»:
Ադրբեջանն ամեն կերպ աջակցում է նաև Թուրքիային Կիպրոսի հյուսիսային մասի բռնազավթման հարցում: Հատկանշական է, որ իրեն բռնազավթման զոհ համարող երկիրը, որը ցավով է արձագանքում օտարերկրյա պետական և մասնավոր կառույցների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ունեցած շփումներին, ակտիվորեն համագործակցում է անջատողական «Հյուսիսային Կիպրոսի» հետ և կասկածի տակ է դնում Եվրամիության անդամ երկրներից մեկի տարածքային ամբողջականությունը: Դեռ ավելին, Ադրբեջանը մասամբ ճանաչել է «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը, քանի որ «Հյուսիսային Կիպրոսի» անջատողականները որպես պետություն ճանաչվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կողմից:
Համենայնդեպս, թեպետ Ադրբեջանը ամեն հարցում աջակցում է Թուրքիային, զարմանալի է Ադրբեջանի ղեկավարության և նրա կողմից հովանավորվող ադրբեջանական համայնքների և զանազան կազմակերպությունների ու շարժումների բարձրացրած հիստերիան Ֆրանսիայի Սենատի ընդունած` Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի առնչությամբ: Բանն այն է, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի` վերոհիշյալ օրինագիծն ընդունելուց հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կասկած հայտնեցին Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի անաչառության վերաբերյալ, կոչեր հնչեցին Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հանելու պահանջով։
Կարելի է կարծել, որ նման գործողություններով Ադրբեջանը փորձում է բացատրել բանակցային գործընթացում գրանցած իր անհաջողությունները, սակայն դա քիչ հավանական է, քանի որ այս ուղին ընտրելով` Ադրբեջանը ռիսկի է դիմում՝ իր դեմ լարելով Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկին, որը վերջապես աշխարհի հզոր տերություններից է և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ: Հավանաբար, Ադրբեջանն այլևս պաշտոնական Անկարային գոհացնելու այլ եղանակ չունի և նման քայլերով հող է նախապատրաստում Թուրքիային Մինսկի խմբի կազմում ընդգրկելու պահանջ ներկայացնելու համար: Միանշանակ է, որ այդ քայլը դատապարտված է. բացի այն, որ Հայաստանը կմերժի Թուրքիայի անդամակցումը ՄԽ-ին, համանախագահ բոլոր պետությունները բացասաբար կարձագանքեն Ադրբեջանի նման նախաձեռնությանը:
Ամեն դեպքում, Ֆրանսիայի պես գերտերությանը ժողովրդավարության մասին դասախոսություններ կարդալուց առաջ Ադրբեջանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց պետական ռեժիմը ոչնչով չի տարբերվում «արաբական գարնան» զոհ դարձած Մուամար Քադաֆֆիի և Հոսնի Մուբարաքի ռեժիմներից, և պետք է հիշեն, թե ինչ ներդրում է ունեցել Ֆրանսիան այդ երկրներում բռնապետական ռեժիմների տապալման գործում:
ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ
Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Ռազմաքաղաքական