Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1720-ԱԿԱՆ ԹԹ.



Հոդվածս նվիրում եմ հայրենասեր գործիչ,
Խորհրդային Միության հերոս
Գևորգ Վարդանյանի պայծառ հիշատակին

18-րդ դարի ատրճանակ

Առհասարակ, որքանո՞վ է արդարացված մի հետախուզական ցանցի մասին խոսելը, որը 1720-ական թթ. կատարում էր Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զինված ուժերի ղեկավարության առաջադրանքները։ Իսկ եթե այդ մասին կան վավերական պատմական տեղեկություններ (իսկ դրանք կա՛ն), ապա ո՞վ և ե՞րբ է ստեղծել հայկական այդ արտաքին հետախուզությունը։ Ու՞մ է այն ենթարկվել իր գոյության տարբեր փուլերում։ Ո՞ր պետություններում, շրջաններում և քաղաքներում է այն գործել։ Ինչպիսի՞ խնդիրներ են նրա առջև դրվել մինչև ապստամբության սկսվելը` 1722 թ. և դրանից հետո։ Արդյոք ի՞նչ գաղտնի գործողություններ է հաջողությամբ իրականացրել և որոնցու՞մ է ձախողվել։ Արդյոք մեզ հայտնի՞ է այդ տարիներին գործած գոնե մի քանի հայ հետախույզի անուն։ Ահա ընդամենը մի քանիսն այն հարցերից, որոնք ես ավելի մանրամասն քննում եմ հրատարակության պատրաստվող գիտական առանձին ուսումնասիրության միջոցով։ Իսկ թերթային սույն հրապարակման մեջ ընդհանուր առմամբ ուրվագծված է հայկական հետախուզության գործունեությունը 1720-ական թթ., ինչպես նաև համառոտաբար ներկայացված է նրա հզոր գործակալական կայանը (ռեզիդենտուրա)՝ Ռեչ Պոսպոլիտայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում։

Սկզբում, սակայն, հիշեցնենք պատմական իրադրությունը։ 1722-ից մինչև 1724 թ. հայ ապստամբական ուժերին հաջողվեց ամուր վերահսկողություն հաստատել Արցախի (Ղարաբաղ) և Սյունիքի (Կապան) նկատմամբ։ Հայ ռազմաքաղաքական իշխանության տարածագոտու (մասնավորապես՝ երևանյան և նախիջևանյան ուղղություններով) ընդլայնման փորձերը հաջողություն չունեցան մի շարք պատճառներով։ Դրանցից գլխավորը 1723 թ. սկսված օսմանյան ներխուժումն էր Իրան, այդ թվում՝ Արևելյան Հայաստան և Անդրկովկաս։ Բայց օսմանյան բանակները տարածաշրջանում գտնվելու ամբողջ տևողության ընթացքում, այսինքն՝ ընդհուպ մինչև 1735 թ., որքան էլ հարձակողական խոշոր արշավանքներ ձեռնարկեցին ու նաև խուլ շրջափակում հաստատեցին հայկական այդ ինքնակառավարվող նահանգների դեմ, չկարողացան կոտրել նրանց դիմադրական ներուժը։

1722 թ. նախորդող առնվազն երկու տասնամյակի ընթացքում հայկական ընդհատակյա դիմադրության ղեկավարությունը մեծ նախապատրաստական աշխատանք էր կատարել, այդ թվում՝ ստեղծել էր գաղտնի գործակալների միջազգային ցանց, որը գործում էր Սեֆյան Իրանում, Օսմանյան կայսրությունում, Եվրոպայում և Ռուսաստանում։

Թեև որոշակի հիմքեր կան կարծելու, որ այդ աշխատանքը նախաձեռնվել էր տակավին 17-րդ դարի երկրորդ կեսին, սակայն նպատակասլաց ու եռունդուն կերպով այն սկսեց իրագործվել Իսրայել Օրու՝ Եվրոպայից Արևելյան Հայաստան վերադառնալուց ու նրա ներկայացրած ազատագրական հստակ ծրագրերի նախնական կիրարկման պահից (1699-1701 թթ.)։ Այդուհետ ու մինչև 1722 թ. հայրենիքում և արտասահմանում իրականացվող հայկական գաղտնի գործողությունների բոլոր թելերը տանում էին, վերջիվերջո, դեպի ազգային ընդհատակի կենտրոնական երեք դեմքերը՝ Իսրայել Օրին (սպանվել է Աստրախանում 1711թ.), Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը (մահացել է Արցախում 1728թ.) և Օրու մահվանից հետո Ռուսաստանում հայ ազատագրական շարժման լիազոր ներկայացուցիչ դարձած Մինաս վարդապետ Տիգրանյանը (մահացել է Մոսկվայում 1740թ.)։

Ներկայացված հարցերը քննելիս պետք է նկատի ունենալ էական մի հանգամանք։ Քանի որ 1720-ական թթ. ազատագրական շարժումը չհասավ նախնական նպատակին՝ ազատագրությանը Սեֆյան Իրանի ու առաջին իսկ հնարավորության դեպքում նաև Օսմանյան կայսրության լծից, ապա նրա պատմության, կարևոր զարգացումների, ղեկավարների և շարքային մասնակիցների մասին եղած տեղեկատվության մեծ մասը, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակին ոչնչացվել է հենց հայ գործիչների ձեռքով։ Ընդ որում, դեռ այն ժամանակ ամենից խիստը պահպանվում (ու առաջինն էլ ոչնչացվում) էր, բնականաբար, այն տեղեկույթը, որը վերաբերում էր հակառակորդի տարածքում կամ երրորդ պետությունում հայկական ուժերի իրականացրած հետախուզական և այլ գաղտնի գործողությանը։

Հայկական ընդհատակյա դիմադրությունն աշխատում էր չափազանց վտանգավոր պայմաններում՝ պարսկական և օսմանյան իշխանության պահնորդների և նրանց տեղական մանկլավիկների անխոնջ և անդադար հսկողության ներքո։ Այսպես՝ 1722 թ. դեռ շատ առաջ՝ 1703 թ. մայիսի 27-ին, Պետրոս Ա ցարին առաքված նամակում հայ մելիքները նշում էին՝ «շրջապատված ենք անհավատների լրտեսներով» (“окружены шпионами неверных”)։ Ճիշտ այդ պատճառով էլ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը՝ 1718 թ. սեպտեմբերի 24-ին Մինաս Տիգրանյանին հասցեագրված իր նամակում բազմիցս նախազգուշացնում էր հույժ գաղտնիություն պահպանելու անհրաժեշտության մասին (ռուսերեն թարգմանությամբ պահպանված այս նամակից մեջ ենք բերում մեզ հուզող խնդիրը լուսաբանող մի հատված).

«Մեր անկյալ ազգը՝ բոլոր հայ քրիստոնյաները, մեծավորներն ու փոքրավորները, ազատություն են տենչում…. որքան ուժեր ունենք՝ բոլորը պատրաստության մեջ են գտնվում և ակնկալում հասնել այն օրվան, երբ հնուց ի վեր սպասված ազատությունը նորից ամբողջ սրտով կստանանք:

…մյուս հարցերի մասին Այվազը ձեզ բանավոր կզեկուցի: Թեև ցանկանում էինք այս նամակն առավել մանրամասն շարադրել, սակայն բազմաթիվ պատճառներով չհամարձակվեցինք: Սա էլ գրեցինք, անսալով Այվազի թախանձագին խնդրանքներին, հավատ ընծայելով նրա երդմանը: Նրան նաև համառոտաբար մեր ձեռնարկի մասին պատմեցինք: …Եթե հանկարծ մեր ժողովրդից որևէ չար մարդ կամ լրտես տեսնի կամ լսի այս նամակների մասին՝ իմացած եղեք, որ մեր վերջն արդեն եկավ, իսկ Տունն այս հիմքից կքանդվի: Այդ իսկ պատճառով էլ՝ բարեհաճեք աչալրջորեն գործել և մեր ձեռնարկն այնպիսի գաղտնիության մեջ պահել, որ որևէ մեկին բացահայտ չլինի ու, կրկնում եմ, հայտնի չդառնա: Դուք էլ գիտեք, որ մեր թշնամիներն ամենուր շատ են: Դարձյալ հաստատում եմ, վարդապե՛տ. եթե այս նամակների մասին իմանան, մեզ կոչնչացնեն: Գործն այնպես տեսեք, որ մեր մահից հետո էլ անգամ այն հայտնի չդառնա»։

Հետաքրքիր է, որ Եսայի Հասան-Ջալալյանի զգուշացում-առաջադրանքը, թե՝ «գործն այնպես տեսեք, որ մեր մահից հետո էլ անգամ այն հայտնի չդառնա», Մինաս վարդապետը կատարում է անթերի, մինչև իր կյանքի վերջը: Այսպես՝ 1740 թ., վախճանվելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ, նա կտրուկ հրաժարվում է բացահայտել ռուս չինովնիկներին պարսկերեն գրված մի փաստաթղթի բովանդակությունը՝ ասելով, որ այդ մասին որևէ մեկը չպետք է իմանա. ինչպես նրանք պատմում էին՝ «Սնդուսված մեծ թղթի վրա՝ պարսկերենով գրված մի թերթ, իսկ թե ի՞նչ գործի մասին է այն գրված՝ Վարդապետը հրաժարվեց բացահայտել՝ ասելով, որ այդտեղ գրված գործի մասին որևէ ոք չպետք է իմանա»։

Չնայած ձեռնարկված բոլոր նախազգուշական միջոցներին, 1720 թ. տեղի է ունենում տեղեկույթի լուրջ արտահոսք, որի հետևանքով, հնարավոր է, բացահայտվում է հայ գործակալներից ոմանց ինքնությունը, ըստ այդմ՝ ինչ-ինչ գործողություններ էլ ձախողվում են։

Այդ մասին է վկայում, մասնավորապես, հայկական ընդհատակի հին գործիչներից մեկի՝ Մինաս վարդապետին 1725 թ. առաքած նամակի հետևյալ հատվածը. «Հայր սուրբ, այժմ ամենուրեք հայտնի եղավ մեր բանը. այսքան տարի ոչ ոք չգիտեր քո խորհրդի և գործունեության մասին, այլև այն բանի մասին, որի համար դու այդտեղ ապրում ես: Ահա այժմ հինգ տարի է, ինչ մեր բանը հայտնի դարձավ բոլոր դավաճաններին…»։

Սակայն հայկական արտասահմանյան գործակալական ցանցի հետ աշխատանքի պայմանները 1722-1724 թթ. ենթարկվեցին մեծ ցնցումների և ձևափոխման։

Նախ՝ խստագույնս գաղտնակալված հայկական դիմադրությունը, մեկեն վերածվելով ժողովրդական ազգային-ազատագրական ընդվզման, ռազմաքաղաքական ասպարեզ բերեց նոր ղեկավար գործիչների, որոնք մինչ այդ որևէ կապ չէին ունեցել հայկական ընդհատակի, առավել ևս՝ արտասահմանում գտնվող նրա գործակալների հետ։ Սա հասկանալի բարդությունների տեղիք էր տալիս ինչպես «հին գվարդիայի» և նոր մարտիկների հարաբերություններում, այնպես էլ արտաքին հետախուզության կառավարման գործում։ Այդ առումով որոշակի դժվարություններ առաջացան այն հայ հետախույզների համար, որոնք մինչև 1722 թ. գործակցել էին ազգային ընդհատակի կենտրոնացված ղեկավարության հետ։ Ավելին՝ ռազմավարական իրադրության ծայրահեղ վատթարացման պատճառով 1722-1735 թթ. չհաջողվեց ստեղծել արցախյան և սյունյաց բոլոր զորքերի միասնական օպերատիվ մի հրամանատարություն, որը կարող էր, ի թիվս այլ խնդիրների, իր վրա վերցնել արդեն իսկ առկա արտասահմանյան գործակալական ցանցի կայուն ղեկավարումն ու անհրաժեշտ համադրումը։ Բայցևայնպես, այդ ցանցի հետ տարվող աշխատանքը շարունակվում էր և երբեմն, ինչպես ստորև ցույց կտրվի, շատ արդյունավետ։ Թվում է, թե Եսայի կաթողիկոսի որոշակիորեն թուլացած դիրքն ու ազդեցությունն Արցախի հայկական ուժերի քաղաքական ղեկավարության կազմում հաջողվեց պահպանել շնորհիվ հայ հետախույզների հետ նրա ունեցած հին կապերի և նրանց շրջանում վայելած հեղինակության։ Չէ՞ որ նա այն քչերից էր, ովքեր կանգնած էին հայկական հետախուզության ստեղծման ակունքներում։ Ապստամբած Արցախում և Սյունիքում գտնվող հայկական դիմադրության նախկին ղեկավարներից նա ամենատարեցն էր և ամենաբարձրաստիճանը։ Ուստի հե՛նց նրան էլ՝ իրենց նախկին ղեկավարին (նորագույն տերմինով ասած՝ «շեֆին») հայ հետախույզները կարող էին ամենից շատ վստահել ու նրա կամ նրա երաշխավորած անձանց հետ համարձակորեն շարունակել աշխատել։

Երկրորդ՝ մի կողմից օսմանյան ներխուժման, մյուս կողմից Պետրոս Ա-ի՝ ռուսական բանակը դեպի Հայաստան ու Վրաստան չշարժելու խոստումնադրժության հետևանքով Արցախում և Սյունիքում հայկական ուժերը շուտով հայտնվեցին օսմանյան շրջափակման մեջ։ Այդպիսով՝ մեծապես խաթարվեց մշտական և ապահով կապը հայրենիքից դուրս գտնվող հայկական դիմադրության գործակալների հետ։ Հայկական զորքերի և Ռուսաստանում, Եվրոպայում ու նույնիսկ Օսմանյան կայսրությունում գտնվող նրանց հին ու նոր գաղտնի գործակալների միջև ամենահասանելի և վստահելի կապող օղակը, ըստ ամենայնի, մնում էր Ռուսաստանում ապստամբած հայության շահերը պաշտոնապես ներկայացնող Մինաս Տիգրանյանը։ Նրան էին ուղարկվում հետախուզական տեղեկություններն ու ամփոփագրերը՝ Անդրկովկասում, Իրանում, Օսմանյան կայսրությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև հայկական գործակալական ցանցի գործունեության մասին։ Իսկ այն հետախույզներին, որոնք տևականորեն կամ ընդմիշտ կտրվեցին «կենտրոնի» հետ կապից ու նրա ուղղակի ցուցումներից, մնում էր գործել սեփական հայեցողությամբ։ Ընդ որում, 1722 թ. դրությամբ արտասահմանում աշխատող պատրաստված և փորձառու հայ գործիչներից ոմանք հետագայում այդպես էլ չկարողացան վերադառնալ հայրենիք և անմիջական մասնակցություն բերել այնտեղ ծավալված ազատագրական պատերազմին։

Իսկ 1720-ական թթ. հայոց ազատամարտի մասին մեզ հասած տեղեկությունները պահպանվել են շնորհիվ մի քանի արժեքավոր պատմագրական երկերի, ինչպես նաև այն բավականին ծավալուն գաղտնի նամակագրության, որը վարում էին ըմբոստ հայության ղեկավարները Ռուսաստանի, Վատիկանի, Գերմանական Ազգի, Սրբազան Հռոմեական կայսրության, գերմանական Պֆալցի իշխանապետության, Լեհաստանի (Ռեչ Պոսպոլիտա) պաշտոնական իշխանությունների հետ, և որը պահվում է արտասահմանյան պետական պատմական դիվաններում։ Նույն դիվաններում պահվում է նաև հայ գործիչների միջև ընթացած գաղտնի գրագրության մի մասը։

Այդ տարանջատ, հատվածական, բազմալեզու, բազմատեսակ ու ցրված տեղեկությունների համադրումն ու վերլուծությունը ծայրաստիճան բարդ լինելով հանդերձ՝ այնուամենայնիվ հնարավորություն է տալիս վստահաբար եզրակացնել, որ ազատամարտի նշված ժամանակահատվածում հայկական զինված ուժերի ղեկավարությունը հաճախ էր ձեռնարկում գաղտնի գործողություններ, որոնց թվում էին.

1. Տարատեսակ արտասահմանյան ատյանների և դեմքերի հետ գաղտնի կապի հաստատումն ու պահպանումը, այդ թվում.

1.1. Մերձկասպյան շրջաններում գտնվող ռուսական հրամանատարության, երբեմն էլ՝ նրա միջոցով ուղղակիորեն Ս. Պետերբուրգի և Մոսկվայի հետ.

1.2. Հյուսիսային Իրանում պարսկական փոքրաթիվ ուժերով ապաստան գտած Թահմասպ Բ շահի հետ.

1.3. Մշտապես Ռուսաստանում գտնվող վերոհիշյալ Մինաս վարդապետ Տիգրանյանի հետ.

1.4. Հայ ազատագրական շարժման խստագույնս գաղտնակալված այն գործակալների հետ, որոնք գտնվում էին Արևմտյան Հայաստանում, Ղրիմում, Իրանում, Լեհաստանում և մի քանի ուրիշ եվրոպական պետություններում, ինչպես նաև օսմանյան ռազմակալման տակ հայտնված Անդրկովկասի և հյուսիսային Իրանի տարածքներում.

1.5. Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում և Քրդստանում բնակվող ասորիների և եզդիական որոշ ցեղախմբերի ղեկավարության հետ։

2. Հայ երիտասարդության զորահավաքների գաղտնի կազմակերպում հայկական զինված ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, այդ թվում՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանում, Ղրիմի, Լեհաստանի, Հունգարիայի, Վալախիայի, հնարավոր է նաև՝ հայերով խիտ բնակեցված այլ վայրերում։

3. Հայ երիտասարդության գաղտնի գործուղումը ռազմական կրթություն ստանալու։

Բոլոր հիմքերը կան կարծելու, որ 1720-ական թթ. արտասահմանում գաղտնի զորահավաքների ենթարկվող հայ երիտասարդության մի մասը մինչ այդ Հայաստանից ու տեղի գաղթօջախներից գործուղվել էր ստանալու և 1722 թ. դրությամբ արդեն ստացել էր ռազմական կրթություն (ցանկալի էր համարվում եվրոպականը), ի սկզբանե իմանալով դրա բուն նպատակի՝ առաջիկայում Հայաստան ուղարկվելու և այնտեղ ազատագրական կռիվներին մասնակցելու մասին։

4. Արտասահմանում զինվորագրված հայկական ջոկատների գաղտնի փոխադրումը Հայաստան։

5. Տեղեկույթի գաղտնի հավաքումն ու վերլուծությունը, այդ թվում՝ հատկապես ռազմաքաղաքական, տնտեսական և ժողովրդագրական տեղեկությունների ձեռքբերումը, ներառյալ հակառակորդի զորքերի տեղաբաշխման, թվաքանակի, սպառազինության, պարենային ապահովվածության, զորատեսակների և բարոյահոգեբանական վիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքական իրադրության մասին։

6. Զենքի, զինամթերքի, մարտական դրոշների (այս մասին տես «Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը» հոդվածս, ՀԶ, թիվ 205), դրամի, անձնագրերի և այլ անհրաժեշտ պարագաների գաղտնի ձեռքբերումն ու փոխադրումը Հայկական Սղնախներ (կամ ինչպես այն ժամանակ նաև անվանում էին՝ Հայկական բանակ), այսինքն՝ Արցախում և Սյունիքում շուրջանակի պաշտպանություն իրականացնող հայկական զորքերին։

Շարունակելի

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր, «Հայաստանի զրուցակից»,
#3 (212), 27 հունվարի, 2012 թ.

18-րդ դարի ատրճանակ

Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Պատմության էջերից


29/02/2012