ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ
Փետրվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ: Մինչև համագումարի աշխատանքներն սկսվելը բոլոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի և բոլոր զոհված ընկերների հիշատակը:
Իր խոսքում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ այսօր էլ հայ ժողովուրդը գնահատում է երկրապահի ներդրումը մեր հայրենիքի անկախության ձեռքբերման, բանակի ստեղծման ու հզորացման, մեր ժողովրդին պարտադրված պատերազմում տարած հաղթանակի դժվարին ճանապարհին:
-Մենք երկրապահ ենք` երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող: Վստահ եմ, որ ամեն հայ էլ հոգու խորքում իրեն երկրապահ է զգում և մտածում, թե ինչպես կարող է երկրին պիտանի լինել: Արցախը մեր անունն է, Հայաստանը` մեր ազգանունը: Մի մոռացեք, որ մենք ազատագրել ենք մեր պատմական հայրենիքի մի մասը: Ասել և կրկնում եմ` հայը հաղթել է ազերու պարտադրած պատերազմում: Մենք 1994թ. մայիսին շատ երկար չհետապնդեցինք թշնամուն, բավարարվեցինք մեր պատմական հայրենիքի այն փոքր հատվածի ազատագրությամբ, որ անհրաժեշտ էր Հայաստանի, Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար: Այսօր էլ մեր հայրենիքի անվտանգության այլ իրական երաշխիքներ չենք տեսնում: Մենք մեր մարտական ընկերների պատգամն ունենք` պահպանել ազատ, անկախ Արցախը: Մի մոռացեք նաև, որ Արցախի, ինչպես նաև Տավուշի, Սյունիքի, մյուս սահմանամերձ տարածքների պաշտպանությունն սկսվում է Երևանից, իսկ Երևանի պաշտպանությունը` մեր ազատագրված տարածքներից և սահմանամերձ շրջաններից:
Մանվել Գրիգորյանը նշեց, որ եթե երկրապահ ջոկատները չպահեին ռազմաճակատի առաջին գիծը, իրենց վրա չվերցնեին պատերազմի ողջ ծանրությունը, հնարավոր չէր լինի թիկունքում զբաղվել կանոնավոր բանակի ստեղծմամբ:
-Այսօր մեր սահմանները պաշտպանում է հայկական 20-ամյա բանակը: Լինելով այդ բանակի հիմնադիրներից` մենք պարտավոր ենք միշտ մնալ բանակի շարքերում, բանակի կողքին, զորավիգ լինել սահմանում ապրող հողի մշակին, մտավորականին, սահմանապահ հայ ժողովրդին:
ԵԿՄ նախագահը փաստեց, որ կարևորը ոչ միայն ազատագրելն է, այլև ազատագրածը պահպանելը և նոր սերնդին հանձնելը: Այդ առումով նոր սերնդի ռազմահայրենասիրական ճիշտ դաստիարակությունը նա համարեց երկրապահի կարևորագույն խնդիրներից մեկը և մեջբերեց Վազգեն Սարգսյանի խոսքերը.«Մեր երեխան դպրոցից սկսած պիտի իմանա, թե ինքը ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի և ուր է գնալու»:
Վերջում Մանվել Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց մեր ժողովրդի համախմբվելու անհրաժեշտությունը: Պետք է համախմբվել, որ հաղթահարենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերները, կարողանանք պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը` խաղաղությունը:
Դիմելով Սերժ Սարգսյանին որպես իր մարտական ընկերոջը, նա համոզմունք հայտնեց, որ հանրապետության նախագահը ջանք ու եռանդ չի խնայի հզոր, զարգացած Հայաստան կառուցելու համար, ուր պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, և մեր ընտանիքները կապրեն բարեկեցիկ, խաղաղ կյանքով, ինչպես երազել են իրենց մարտական ընկերները:
Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Միջոցառման ընթացքում ներկաներին ցուցադրվեց ԵԿՄ կազմավորման և անցած ուղու մասին պատմող տեսաֆիլմ, պատասխանատուները հաշվետվություն ներկայացրին 2010թ. փետրվարին տեղի ունեցած նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Այնուհետև հանրապետության բոլոր մարզերից ժամանած համատեղ որոշմամբ ընտրվեց ԵԿՄ վարչության նոր կազմ և նախագահություն: Մանվել Գրիգորյանը վերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ:
Միության անդամներից ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը եւ այլք ելույթ ունեցան տարաբնույթ խնդիրների շուրջ, իսկ միջոցառման ավարտին ընդունվեց ԵԿՄ 9-րդ համագումարի հայտարարությունը.
«Երկրապահ կամավորականների միությունը, հավատարիմ մնալով իր կոչմանը, նախորդ համագումարներում ընդունված որոշումներին և ԵԿՄ միության հավերժ նախագահ սպարապետ Վազգեն Սարգսյանի որդեգրած սկզբունքներին, հայտարարում է.
-Երկրապահը եղել և մնում է հայ ժողովրդի անկախ պետականության գաղափարակիրն ու զինվորը:
-Երկրապահը որպես ազատագրական շարժման ծնունդ և Արցախյան ազատամարտի մասնակիցներին միավորող օղակ` պարտադրված պատերազմում պաշտպանել է Արցախի ժողովրդին ու մնում է Արցախի ժողովրդի և Արցախի պետականության պաշտպանը:
-Երկրապահը կարևորում է խաղաղության պահպանումը, որի համար անհրաժեշտ է ունենալ միասնական ժողովուրդ, հզոր պետություն և ուժեղ բանակ:
-Երկրապահը կանգնած է եղել ազգային բանակի կայացման ակունքներում և շարունակելու է մնալ բանակի կողքին, զորավիգ լինելով սահմանում ապրող հողի մշակին, մտավորականին, սահմանապահ հայ ժողովրդին:
-Երկրապահը պատերազմի տարիներից սկսած եղել է, այսուհետ առավել ուշադիր է լինելու զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահ ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ` ցուցաբերելով նրանց սոցիալական, իրավական և բարոյական աջակցություն:
-Երկրապահը իր վարչության, մարզային և տարածքային կառույցների, «5-րդ բրիգադ», «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ» ստորաբաժանումների միջոցով շարունակելու է իրականացնել ռազմահայրենասիրական ծրագրեր` պահպանելով տարիների ընթացքում ձևավորված լավագույն ավանդույթներն ու արժեքները, ապահովելով առողջ սերնդափոխություն:
-Մենք կարևորում ենք բոլոր ազատամարտիկների համախմբումը ԵԿՄ շուրջ այն հստակ գիտակցումով, որ հայրենիքի սահմանների հանդեպ յուրաքանչյուր ոտնձգության դեպքում երկրապահը առաջինն է զինվորագրվելու պաշտպանության սուրբ գործին:
-ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում Երկրապահ կամավորականների միությունը պաշտպանում է ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները:
-Երկրապահը եղել և մնում է մեր ժողովրդի հանդուրժողականության, համերաշխության, միասնության մթնոլորտի ստեղծման ջատագովը»:
Համագումարից հետո ԵԿՄ անդամները Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու իրենց զոհված ընկերների հիշատակին:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ