ՂՈՒԲԱ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Ադրբեջանի հյուսիսում՝ Բաքվից 170 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ղուբա քաղաք, որտեղ ցուցարարները հրկիզել են քաղաքային իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի տունը և սպառնում են շուրջ 200 ձերբակալվածներին իսկույն ազատ չարձակելու դեպքում հրդեհել նաև քաղաքի բոլոր պետական հաստատությունների շենքերը, սկզբում ուղարկվել են հարակից շրջանների ոստիկանության ողջ անձնակազմն ու երեքական ջրնետ մեքենա, զրահամեքենաներ և զրահապատ քարշակներ, ապա՝ Ադրբեջանի ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումները:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ղուբայում զանգվածային անկարգությունների առնչությամբ հարուցել է քրեական գործ, իսկ Հաբիբովը, որ բնակչությանն անվանել էր «ծախվածներ ու դավաճաններ», հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Միաժամանակ, ըստ սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունների, այսօր Ղուբայի բնակչության հետ համերաշխության ցույցեր են տեղի ունենալու Ադրբեջանի մի շարք քաղաքներում:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան