Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԳՈՒՇԱՑԵՔ, ՏՈՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ



ԱՆՑՅԱԼՈՒՄ

Կանանց տոնի պատմությունը սկիզբ է առել դեռ Հին Հռոմում։ Այդ օրը ամուսնացած կանայք իրենց ամուսիններից տարբեր նվերներ են ստացել։ Նույնիսկ ստրկուհիներն էին նվերներ ստանում։ Բացի դրանից, տանտիրուհին այդ օրը ստրկուհիներին հանգստանալու իրավունք էր տալիս։ Իրենց լավագույն հագուստներով, գլուխներին դրված ծաղկեպսակներով հռոմեացի կանայք այցելում էին Վեստայի (ընտանեկան օջախի պահապան աստվածուհու) տաճարը։

1857թ. մարտի 8-ին մանածագործուհիները «դատարկ կաթսաների քայլերթով» անցան Նյու Յորքով՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում և հավասարություն։ Նրանց, իհարկե, ցրեցին, բայց այդ ցույցը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այդ իրադարձությունն էլ հենց անվանեցին Կանանց օր։

1908թ. մարտի 8-ին այս անգամ նրանց թոռները որոշեցին կրկնել և հաստատել հաջողությունը՝ հասնելով մանկական աշխատուժի օգտագործման արգելքին, գործարանային պայմանների բարելավման և կանանց ձայնի իրավունքի տրամադրման։ Մեկ տարի անց Ամերիկայի սոցկուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հայտարարեց Կանանց միջազգային օր։ 1910թ. Կոպենհագենում կայացած միջազգային կոնֆերանսում Կլարա Ցետկինն առաջարկեց Կանանց միջազգային օրը նշել ամեն տարի՝ ի հիշատակ նյույորքյան իրադարձությունների։

Հենց այսպես էլ դրվեց տղամարդկանց տանջող «ի՞նչ նվիրել» հարցի հիմքը։

ՄԻԱՅՆ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Եվ այսպես, ի՞նչ նվիրել։ Այդ օրը սիրելի աղջկան պետք է տալ միայն լավագույն նվերները, որովհետև նա ձեզ համար ամենալավն է, ամենասիրելին, ամենագեղեցիկը և ոչ միայն Մարտի 8-ին։

Աղջկա համար կարևոր է իմանալ, որ դուր է գալիս ձեզ։ Դուք, իհարկե, կարող եք ասել, որ նա առանց այդ էլ պետք է հասկանա և տեսնի դա. չէ՞ որ դուք նրան զանգահարում եք, ժամադրում եք, հրավիրում կինո, թատրոն, ծաղիկ եք նվիրում□ Սակայն այդքանը բավական չէ. աղջիկը, հատկապես ծանոթության սկզբում, ցանկանում է լսել, որ ինքը ձեզ դուր է գալիս, որ իր հետ հետաքրքիր է, որ շատ լավն է, որ բոլորի նման չէ… Եվ դա էլ ամբողջը չէ. աղջկա համար կարևոր են ոչ միայն լսած բառերը, այլև ավելին` դրանց «գրավոր հաստատումը»։

Այնպես որ, սիրելի աղջկա համար լավագույն նվերներից մեկը (մանավանդ, եթե դուք նրա կողքին չեք) կարող է լինել նրան ուղարկված մոտավորապես այսպիսի բովանդակությամբ բացիկը. «Դու ամենալավն ես, ամենագեղեցիկը, ամենահետաքրքիրը, ամենա… ամենա… ամենա…»։ Եվ այդ բառերը բավական կլինեն, որ ձեր սիրելին դեռ երկար ժամանակ ապրի դրանց տպավորությամբ: Մեկ անգամ ևս հիշեցրեք, որ նա «հենց այն միակն է, որին դուք փնտրում էիք», և նա պարբերաբար կկարդա այդ բառերն ու կմտածի ձե՛ր մասին։

ԾԱՂԻԿ` ՆԱԽԵՒԱՌԱՋ

Եթե տարածությունը ձեզ չի բաժանում, համարձակ կարող եք ծաղիկ նվիրել։ Դա կարող է լինել ինչպես մի փոքրիկ վարդ, այնպես էլ շքեղ ծաղկեփունջ։ Իհարկե, կախված է ձեր հնարավորություններից. եթե երկրում և ձեր գրպանում ֆինանսական ճգնաժամ է, ապա նվիրեք մեկ ծաղիկ։ Իսկ եթե ճգնաժամը շա՜տ խորն է, ապա նվիրեք մեկ փոքրիկ ծաղիկ՝ նույնիսկ դաշտից կամ ձեր պարտեզից քաղված։ Ընտրությունը ձերն է։

Կարող եք նվիրել նաև կոնֆետներ, մրգեր□ Իհարկե, նախապես ճշտեք, թե հատկապես ինչ է սիրում։ Եթե ձեր նվերը միրգ է, ինքներդ չուտեք, նույնիսկ, եթե աղջիկը դրանք ձեր ներկայությամբ չի ուտում։ Զգո՛ւյշ եղեք, մի՛ կերեք աղջկա համար գնված ձեր նվերը, այլապես դա նվեր չի լինի։

Ո՞ՒՐ Է ԺԱՊԱՎԵՆԸ

Անկախ նրանից, թե ինչ կնվիրեք, ուշադրություն դարձրեք մատուցման ձևին. երբեմն գեղեցիկ ձևավորումը նվերից առավել խոսուն է լինում։ Օրինակ, դուք գիտեք, որ նա շատ է սիրում նարինջ: Այն կարելի է մատուցել ժապավենով կապված գեղեցիկ մի փաթեթով կամ տուփով, և արդեն կարևոր չի լինի` այնտեղ 2 հա՞տ նարինջ կա, թե՞ 2 կգ։

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐԸ

Ձեր օրը նրան նվիրեք. փորձեք չմերժել նրա «փոքրիկ» ցանկությունները, համբերատար տարեք «քմահաճույքները», դիմացեք, բայց մի դիմադրեք։ Չէ՞ որ այդ օրն էլ, մյուս բոլոր օրերի նման, ավարտվելու է։

Իսկ վերջում հիշեցնենք, որ աղջիկները սիրում են, երբ իրենց նվերներ են տալիս հենց այնպես, անառիթ. անսպասելի նվերի գործած ազդեցությունը սովորաբար ավելի մեծ է լինում։ Ի դեպ, սիրելիին հաճոյախոսություններ անելու, նրա օրը հետաքրքիր դարձնելու, գեղեցիկ նվերներ տալու համար պետք չէ սպասել տոներին, դրանք արեք ամեն օր, իսկ տոներին` փոքր-ինչ ավելի։

ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ենթասպա

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


07/03/2012