ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՍԼԱՄՈՒՄ
Ահաբեկչության արմատները վաղ անցյալում են։ Դեռ Հին Կտակարանում պատմվում է զիլոտների ապստամբության մասին` ընդդեմ հռոմեական պետական հեթանոսության դեմ: Հավատն առ ճշմարիտ Աստված հրեական ապստամբներին դարձնում էր ոչ միայն մահից չվախեցող, այլև ռազմի դաշտում մահ փնտրող:
Իսլամական ահաբեկչությունը ևս հին ավանդույթ ունի։ Արդի իսլամում գոյություն ունի «շահիդ» հասկացությունը։ «Շահիդ» արաբերեն նշանակում է «վկա»։ Շահիդը նա է, ով զոհաբերել է իրեն հանուն հավատի, ով տանջամահ է եղել։ Շահիդը անհավատների դեմ պատերազմում սեփական մահով հաստատում է իր հավատը, եւ նրա համար երաշխավորված է դրախտը: Իսլամի կրոնագիտության համաձայն` շահիդը մահից հետո հասնում է դրախտի ամենաբարձր աստիճանին, երբ շփվելու է մարգարեների հետ: Շահիդներ էին համարում այն մարդկանց, ովքեր զոհվել էին ճակատամարտում` պաշտպանելով իսլամը։ Իսկ այն, ինչ այժմ արաբերեն կոչվում է «իսթիշհադ», նշանակում է «նահատակ դառնալու ձգտում». այդ հասկացությունը նույնպես ստեղծել են ժամանակակից իսլամիստները։ Կարևոր է շեշտել, որ մահը համարվում է հանուն հավատի միայն այն ժամանակ, երբ մահմեդականը պաշտպանվում է` պայքարելով այն ուժերի դեմ, որոնք բռնությամբ փորձում են ոչնչացնել իսլամը։
Միևնույն ժամանակ, իսլամը դատապարտում է ինքնասպանությունը, քանի որ` «Ամեն ոք, ով դիտավորյալ կսպանի իրեն, հավերժ կպատժվի դժոխքում»,- ասվում է Մուհամմադի մասին հադիսներում։ Կյանքը, ըստ իսլամի, պատկանում է Ամենազորին, ով վստահել է այն մահկանացուին: Սույն կանոնի խախտումը կնշանակի հավակնել աստվածային իշխանությանը:
Կա արմատական տարբերություն իսլամի` որպես կրոնական գաղափարախոսության, եւ իսլամիստների վարած քաղաքականության միջև։ Իսլամը գովերգում է կյանքը և ոչ մահը։ Ըստ իսլամի` նահատակը նա է, ով իր հավատի և ոչ քաղաքական համոզմունքների պատճառով տառապում է իսլամի թշնամիների հալածանքներից։ Նահատակը մահ չի փնտրում, նա գիտակցում է, որ ամենամեծ արժեքը կյանքն է, և ինքը չի կարող հեռանալ կյանքից այլ կերպ, քան թշնամու ձեռքով։ Այն, որ իսլամում դատապարտվում է ահաբեկչությունը, ապացուցվում է վերջերս Սաուդյան Արաբիայի մահմեդական հոգեւորականների Գերագույն Խորհրդի հոգևորականի ելույթով, որում նա դիվերսիոն գործողությունները եւ սպանությունները անվանեց շարիաթին հակասող «վտանգավոր հանցագործություններ», իսկ դրանք ջիհադով` սրբազան պատերազմով արդարացնող մարդկանց` ճիշտ ճանապարհից շեղվածներ։ Սա ասվել է մի երկրում (Սաուդյան Արաբիա), որը համարվում է իսլամի կենտրոն։
Այնինչ, իսլամի որոշ քաղաքական գործիչներ գովաբանում են մահապարտների գործողությունները` փորձելով «մահվան պաշտամունք» սերմանել հասարակ մահմեդականների մեջ։ Եվ հաջողվում է: Նույն Մերձավոր Արևելքում նա, ով գիտակցաբար զոհաբերել է իր կյանքը անհավատների դեմ պայքարում, համարվում է «փառահեղ նահատակ» և «իսլամի հերոս»։ «Նահատակի» մահվանը շատերն են նախանձում, քանի որ հավատում են, որ նահատակը, ահաբեկչությամբ իր կյանքը զոհելով, դրախտում ավելի բարձր պատվի կարժանանա, քան նույնիսկ խիզախ մուջահիդիները` իրենց պանթեոն-սրբավայրում, որը «Աստծո աջ կողմում է»: Այստեղ նահատակը կունենա 72 կույս կին, եւ այստեղ նա կարող է հրավիրել իր 10 մերձավոր ազգականներին, երբ նրանք մեռնեն։ Այսպիսով` մահապարտ ահաբեկչի ծնողները դառնում են հարգված ու ճանաչված մարդիկ, ինչը իր հերթին նպաստում է, որ մահմեդական ընտանիքներում դաստիարակվեն ահաբեկիչներ։ Նահատակն իր մահով մեծ ժողովրդականություն է ձեռք բերում, նրա մասին են խոսում բոլոր լրատվամիջոցները։ Բացի այդ, ահաբեկիչների ընտանիքներին վճարվում է 25 հազար դոլարին համարժեք գումար:
Այն, որ ինքնասպանությունն իսլամ է թափանցել արդի ժամանակաշրջանում, ցույց է տալիս նաև իսլամի պատմությունը, որում չկան զանգվածային անձնազոհության օրինակներ։ Թե՛ Ղուրանում և թե՛ սուննաներում ոչինչ չի ասվում մահապարտների անձնազոհության մասին։ Թեև, իհարկե, հայտնի է 11-րդ դարի վերջին գոյություն ունեցած ասասինների աղանդը, որը գործել է այսօրվա Իրանի տարածքում: Ասասինները շիա իսմաիլիտների աղանդի գաղտնի կազմակերպություն էին, որը հիմնադրվել էր սելջուկների տոհմի և մեծահարուստ քաղաքացիների դեմ պայքարելու համար: Այդ կազմակերպության ղեկավարն էր Շեյխը։ Նրա տրամադրության տակ էին մոլեռանդ հնազանդներ` ֆիդայիներ: Ֆիդայի նշանակում է` «ինքնազոհություն». ֆիդայիները անվերապահորեն կատարում էին Շեյխի բոլոր հրահանգները և նույնիսկ ինքնասպան լինում նրա հրամանով։ Ավելի ուշ ֆիդայիները հայտնվեցին Սիրիայում եւ Լիբանանում: Մոտ 200 տարվա ընթացքում մահմեդական աշխարհի հսկայական տարածաշրջանում ասասինները ահ և սարսափ էին սփռում: Նրանք նվաճում եւ ավերում էին քաղաքներ։ Իրանի ասասինները պարտվեցին միայն մոնղոլական Հուլագու խանից` 1256թ-ին։ Իսկ Սիրիայում եւ Լիբանանում նրանց վերջնականապես ջախջախեց Եգիպտոսի սուլթան Բեյբարսը 1272թ.-ին։
Կարելի՞ է համարել, որ ասասինները մերօրյա մահմեդական մահապարտ ահաբեկիչների նախատիպն են։ Դժվար թե։ Հանուն իսլամի անձնազոհության դիմելը ժամանակակից աստվածաբանական մոտեցում է և ի սկզբանե կապված է ծայրահեղական կազմակերպությունների հետ: Ի դեպ, ժամանակին Բեն Լադենը Աֆղանստանում հանդես եկավ կրոնական «հրամանագրով», որի համաձայն ինքը եւ իր մերձավոր համախոհները կարող էին ինքնասպան լինել, «քանզի դա համապատասխանում էր համաշխարհային իսլամի շահերին»։ Այլ հարց է, որ նա չհասցրեց իրագործել դա:
Իսկ ինչպե՞ս են դառնում շահիդ` բառիս ժամանակակից իմաստով։ Ինքնասպան-ահաբեկչի հոգեբանական պատրաստման գործընթացում կարող են օգտագործվել նաև թմրանյութեր, բայց բացառիկ դեպքերում, քանզի ահաբեկչություն կատարելիս անհրաժեշտ է սթափ միտք, ուժերի և ուշադրության կենտրոնացում, մինչդեռ թմրանյութեր օգտագործած ինքնասպանը չի կարող գործել ըստ իրավիճակի։
Ինքնասպանի ուսուցման հիմքում ընկած են հատուկ դասընթացները, որոնց արդյունքում անձը հոգեբանորեն վերափոխվում է։ Հրահանգիչները հաճախ մեջբերում են ջիհադի (ջիհադ նշանակում է «սուրբ ջանք» և միշտ չէ, որ «սրբազան պատերազմի» հոմանիշ է) հայտնի տեսաբանների խորհուրդները, մասնավորապես «Հիզբալլահի» առաջնորդներից մեկի` շեյխ Ալ -Հարբիի խոսքերը, որը ասում է. «Դուք կսկսեք ապրել միայն այն ժամանակ, երբ սպանեք սեփական «ես»-ը։ «Ես»-ը քողարկված Սատանան է։ Դուք կսպանեք նրան և կփրկվեք։ Մահմեդականը երջանիկ է նրանով, որ կարող է ամբողջությամբ ոչնչացնել իր «ես»-ը»։
Դասընթացները կազմակերպվում են հատուկ ճամբարներում։ Որպես կանոն, ահաբեկիչ մահապարտների խմբերը բաղկացած են միմյանց ծանոթ մարդկանցից։ Նրանք միշտ միասին են լինում, շփվում և աջակցում են միմյանց։ Եւ երբ գալիս է վճռական պահը, արդեն չեն կարող հետ կանգնել, հրաժարվել վերջնական քայլից, քանի որ դրանով կդավաճանեն իրենց հարազատներին ու մտերիմներին։ Արաբ ինքնասպան ահաբեկիչներից մեկը, որ պատահմամբ ողջ էր մնացել, պատմել էր, որ հոգեբանական վերապատրաստման ընթացքում կատարվում է հուղարկավորության արարողություն, որպեսզի ահաբեկիչը տեսնի, թե ինչ պատվով է թաղվելու: Այնուհետեւ մահապարտի խոսքը տեսաձայնագրվում է. նա բացատրում է, թե հանուն ինչի է դիմել այդ քայլին։ Գրում է նաև հրաժեշտի նամակ։ Իսկ ահաբեկչությունից առաջ կատարվում է մաքրման ծես: Այս ամենը մարդուն տրամադրում է ինքնազոհության եւ հոգեբանորեն մերժում է փախուստի ճանապարհը։
ՆԵԼԼԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
արաբագետ