ՄԱՐՏԻ ՈՒԹԻ ԱՄԵՆԱՀԻՇՎՈՂ ՆՎԵՐՍ
Սովորելուս տարիներին ապրում էի ուսանողական հանրակացարանում, որի մի մասը հատկացվել էր դասախոսներին: Մեր և նրանց միջև միայն պատշգամբները բաժանող փոքր տարածությունն էր: Մտերմացել էինք այն աստիճան, որ այդ միջպատշգամբյան արանքը դարձել էր աննշան, նույնիսկ միասին թեյ էինք խմում երեկոները: Նրանց դուստրը չորրորդ դասարանի աշակերտուհի էր, հաճախ էի օգնում տնային առաջադրանքները կատարել: Տետր ու գիրք իրար փոխանցում էինք նույն պատշգամբից:
Գրականության դասն էր, անցնում էին յասամանի մասին, ես նրան բացատրեցի յասամանի առանձնահատկությունները, դերը բժշկության և օծանելիքի պատրաստման մեջ: Դասի մեջ մի այսպիսի նախադասություն կար. «Եթե յասամանի պտուղները չեն հավաքվում, հաջորդ տարի այն ավելի քիչ բերք է տալիս»: Առհասարակ, մեծ ուշադրություն չդարձրի այս նախադասությանը:
Հաջորդ օրն իմացա, որ ցածր գնահատական էր ստացել, ամոթանք տվեցի ու գնացի դասի: Աղջկանից ավելի շատ ես էի նեղվել, քանի որ դասը ես էի սովորեցրել, ու նշանակում էր` ինքս էի ստացել ցածր գնահատական. ի վերջո ես ապագա ուսուցչուհի էի ու թերացել էի այդ հարցում:
Բայց ասում են` էլ ինչ աշակերտ, որ ուսուցչից առաջ չանցնի: Հաջորդ օրը դասից տուն եկա, ու աղջիկներն ասացին, որ հարևան դասախոսս կանչել էր ինձ մի քանի անգամ: Վազեցի պատշգամբ ու ձայն տվեցի:
Պատշգամբի դուռը բաց էր: Իմ կանչելուն պես մի ամբողջ փունջ յասաման ձեռքին, դեռևս դպրոցական պայուսակը մեջքին, դուրս եկավ աղջիկը` դեմքին մի անբացատրելի ուրախություն ու ժպիտ: Փնջի մեջ ծաղիկներն այդքան էլ շատ չէին, ավելի շատ տերևներ էին ու մուգ կանաչ և շատ մուգ մանուշակագույն, հազիվ նշմարվող յասամանի կոկոններ: Նա փունջը մեկնեց պատշգամբից ու ասաց.
-Շնորհավոր մարտի ութդ, ես քաղել եմ յասամանը, որ հաջորդ տարի ավելի շատ բերք տա:
Ներս տարա կոկոններն ու մտածեցի` արդյոք թերացե՞լ էի նրան դասը բացատրելիս:
ԱԼՄԱՍՏ ԵՍԱՅԱՆ
Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Հոգևոր-մշակութային