ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Գնդապետ Ալբերտ Բաղդասարյանն ընթացիկ ուսումնական տարվա մեկնարկը համարում է հաջողված։ Եռօրյա մարտավարաշարային պարապմունքների վերջին փուլում զորամասը մարտական տագնապով դուրս է եկել մինչև նստեցման շրջան, իսկ հաջորդ օրվանից սկսվել են պարապմունքները։
-Ուսումնական ծրագիրը հաստատվել է։ Անձնակազմը, ընդհանուր առմամբ, անցնում է տասնյակ առարկաներ, որոնց մեջ, բնականաբար, շատ են կարևորվում մասնագիտական, մարտավարական, մարտավարամասնագիտական առարկաները,- ասաց գնդապետ Ա. Բաղդասարյանը։ -Ստորաբաժանումները համալրված են հրետանային ուսումնական զորամասում սովորած և աշնանային զորակոչի ընթացքում զորամասը համալրած տղաներով։ Զորամասի համար շատ կարևոր է բարձրակարգ մասնագետների նշանակությունը, և մենք ջանքեր չենք խնայում նրանց մասնագիտական ունակությունները մշտապես կատարելագործելու համար։ Առանձին աշխատանք է տարվում սպայակազմի մասնագիտական պատրաստության ուղղությամբ։ Նրանց հետ հիմնականում աշխատում ենք մենք՝ հրամանատարական կազմի անդամներս, և վարչության փորձառու մասնագետ սպաները։
Ստորաբաժանումների մարտավարամասնագիտական, կրակային պատրաստության գործնական պարապմունքներն անցկացվում են զորամիավորման զորամասերի համար նախատեսված ուսումնական կենտրոնում՝ հրաձգարանում։ Ճիշտ պլանավորման արդյունքում բոլոր զորամասերն էլ կարողանում են ժամանակին կատարել նախատեսված պարապմունքները։ Ունենք նաև վարժասարք` հրաձգային զենքերի համար և այն օգտագործում ենք նպատակային։ Զորամասի բոլոր ստորաբաժանումները մշտական հսկողության տակ են։ Անձամբ ես մշտապես տեղյակ եմ, թե որ ստորաբաժանումը որ րոպեին որտեղ է և ինչով է զբաղված։ Անցկացվում են տարբեր միջոցառումներ, հայտարարվում մարտական տագնապ և ստուգվում, ճշտվում ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը։ Պարապմունքներում ներգրավվում են վարչակազմի փորձառու սպաներ, ինչը էլ ավելի արդյունավետ է դարձնում ուսումնական գործընթացը: Գաղտնիք չէ, որ զինվորական ստորաբաժանումների մարտունակությունը մեծապես կախված է հրամանատարական կազմի, սպաների մասնագիտական պատրաստության, նրանց ղեկավարելու, առաջնորդելու ունակություններից։ Այդ գործում ինձ շատ են օգնում իմ տեղակալները։ Նրանք հմուտ մասնագետներ են և փորձառու սպաներ։ Զորամասում կան մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտած սպաներ։ Ունենք երիտասարդ սպաներ, որոնք կրթություն են ստացել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Միեւնույն ժամանակ շրջանառության մեջ է դրվել երիտասարդ սպաների կայացմանը նպաստող աշխատանքների կազմակերպման ուղեցույց-ձեռնարկ: Նորավարտ սպաները գտնվում են վերադաս հրամանատարության ուշադրության կենտրոնում. փորձառու սպաների օգնությամբ նրանք սովորում են հաղթահարել ծառայության դժվարությունները եւ յուրացնել հատկապես զինվորների հետ աշխատանքի նրբությունները։ Երիտասարդ սպաների մի խմբի էլ գործուղել ենք մասնագիտական վերապատրաստման` արտասահմանյան առաջավոր զինվորական հաստատություններ։
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
-Կարգապահական հարցերն առաջնային են և դրված են շատ ամուր հիմքերի, օրինականության վրա։ Զորամասի վերջին համալրումից հետո կազմակերպել ենք հանդիպում զինվորների ծնողների հետ և քննարկել տղաների զինծառայությանը, կարգապահությանը, նրանց հետագա կյանքին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Այսօր մեր զինվորը ծառայությունից հոգնելու, ձանձրանալու խնդիր չունի։ Հանգստյան օրերը զորամասում անցնում են հագեցած, անցկացվում են մի շարք ժամանցային ծրագրեր, այդ թվում՝ սպորտ-մասսայական միջոցառումներ: Եթե դրանց էլ ավելացնենք համապետական, եկեղեցական և ժողովրդական տոները, որոնք նույնպես նշվում են բանակում, կտեսնենք, թե որքան հետաքրքիր է անցնում զինվորական կյանքը։ Մարտի չորսին ավտոբուսներով 150 հոգի (սպաներ, զինվորներ և զինվորների ծնողներ) մեկնեցինք Արարատ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի թանգարան։ Բակում կազմակերպեցինք հանդիսավոր միտինգ, որից հետո մտանք ներս ու ծանոթացանք թանգարանի ցուցանմուշներին։ Զինծառայողները մեծ տպավորություն ստացան այցելությունից, ինչը դաստիարակչական եւ հայրենասիրական մեծ նշանակություն ունեցավ նրանց համար:
Մարտի 5-ին զորամասի մի խումբ կին զինծառայողներ հանդիսավոր պայմաններում երդվեցին անմնացորդ ծառայել հայրենիքին:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Գնդապետ Ա. Բաղդասարյանը ծնվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Ավարտելով տեղի N1 միջնակարգ դպրոցը, ընդունվել եւ ավարտել է ռազմական ուսումնարանը: Ծառայել է Ղազախստանում: Արցախյան շարժման սկզբում մի քանի անգամ զեկուցագրերով դիմել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարությանը՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով, սակայն մշտապես զեկուցագրերը մերժվել են։ 1992թ. արձակուրդ վերցնելով, եկել է հայրենիք և ծառայության ընդունվել սահմանապահ զորքերում, որի մասին գրավոր տեղեկացրել է նախկին ԽՍՀՄ, այնուհետև ՌԴ ԶՈՒ ղեկավարությանը։ Մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար-Ոսկեվան հատվածում և նշանակվել տեղի կազմավորված վաշտի հրամանատար։ 1992թ. հունիսի 11-ին Կոռնիձորի մոտ զոհվում են վաշտում ընդգրկված եղբայրները՝ Արմենը և Արամը։ Ադրբեջանցիները իրենց հետ են վերցնում և հրաժարվում են հանձնել Արմենի, Արամի, զոհված ազատամարտիկներից ևս մեկի մարմինները։ Հարկադրված Մելիքսեթ Պողոսյանը գերեվարում է չորս ադրբեջանցու, որոնց փոխանակում են զոհվածների մարմինների հետ։
1993թ. հունվարին ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանը Ա. Բաղդասարյանին հորդորում է մասնակցել պատվո պահակախմբի կազմավորման գործընթացին, և միասնական ուժերով ստեղծում են երկրի զինված ուժերը ներկայացնող պատվո պահակախումբը։ Շատ չանցած` նա ստանում է նոր առաջադրանք՝ մասնակցելու կապի ուսումնական գումարտակի բազայի վրա մարտական գումարտակ ստեղծելու աշխատանքներին։ Առաջադրանքը կատարվում է, նորաստեղծ գումարտակը համալրվում է անհրաժեշտ տեխնիկայով և կապ հաստատում սահմանամերձ շրջանների մարտական զորամասերի ու ստորաբաժանումների հետ։ Այնուհետեւ նրան գործուղում են սովորելու ՌԴ։ 2001թ. ոսկե մեդալով ավարտելով ակադեմիան, նա վերադառնում է և նշանակվում հրետանու վարչության բաժնի ավագ սպա, այնուհետև բաժնի պետի տեղակալ, 2002-ին՝ առանձին մոտոհրաձգային զորամասի շտաբի պետ, 2011-ին զորամասի հրամանատար։
Գնդապետ Ա. Բաղդասարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Արցախի մայրական երախտագիտություն», «Անբասիր ծառայության» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ այլ պարգևներով։
♦♦♦
Հրամանատարի ուղեկցությամբ շրջում ենք զորամասի տարածքում, մտնում զորանոց։ Լսարանում անձնակազմը մասնագիտական պարապմունք է անում։ Այն ղեկավարում է կապիտան Վ. Պետրոսյանը։ Գրատախտակին թվեր են, վերլուծություններ, գծագրեր։ Պատասխանողը շարքային Գևորգ Գյուլումյանն է։ Նա Սպիտակից է, սովորում է եվրոպական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Նրան խնդրում ենք թեման պարզաբանել նաև մեզ համար։ Գծագիրը ցույց է տալիս, բացատրում։ Բարդ է, բայց գնդապետ Ա. Բաղդասարյանը հավաստում է, որ պատասխանը ճիշտ է։ Թեման վարժ ու հստակ շարունակում է ներկայացնել ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Համբարձում Եղիազարյանը։ Պարզվում է՝ նա էլ բանակ է եկել ճարտարապետաշինարարական համալսարանն ավարտելուց հետո։
Խնդրում ենք ձեռք բարձրացնել նրանց, ովքեր ավարտել կամ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մարտկոցում փաստորեն շատ էին բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածները։ Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ այս տղաները նման խորությամբ են տիրապետում իրենց մասնագիտությանը։ Իսկ ծառայության և ընդհանրապես զորամասի պայմաններից իրենց գոհունակությունը հայտնեցին շարքայիններ Մանուկ Մանուկյանը, Ռաֆիկ Չանդոյանը, Աշոտ Ղազարյանը, Արմեն Սիմոնյանը, Սևակ Խաչատրյանը։
Զորանոցն ուներ հրաշալի ձևավորված հանգստի և տեղեկատվության սենյակ՝ պատերին փակցված փաստատախտակով, ստորաբաժանումների պատի թերթերով և տվյալ ամսվա լավագույն զինծառայողների դիմանկարներով։
-Յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր պատի թերթը` առանձին անվանումով,- ասաց գնդապետ Ա. Բաղդասարյանը։
ՊԱՀԱԿԱՏՈՒՆԸ
Զորամասում այս ծառայությունը շատ է կարևորվում, և պահակային ծառայության մեջ ընդգրկվում են լավագույնները։ Պահակապետ կապիտան Հ. Վարոսյանը հրամանատարին զեկուցեց ծառայության ընթացքի մասին։ Այստեղ ամեն ինչ կար հանգստանալու, կենցաղը կազմակերպելու, ազատ ժամանակն արդյունավետ անցկացնելու համար՝ փաստատախտակներ, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներ, մասնագիտական, գեղարվեստական գրականություն։ Այդ օրը ծառայության մեջ էին ընդգրկված կրտսեր սերժանտ Սարգիս Գևորգյանը, շարքայիններ Նարեկ Ղարիբյանը, Հայկազ Տոնոյանը, Նարեկ Ղազարյանը, Արթուր Երիցյանը…
Կապիտան Հ. Վարոսյանը ճանաչվել է զորամասի լավագույն պահակապետ։ Նա բոլոր առումներով զորամասի լավագույն սպաներից է, իսկ օպերատիվ կազմի հավաքների ժամանակ, ներգրավված լինելով ցուցադրական պարապմունքներին, որպես լավագույն մասնագետ, պարգևատրվել է պաշտպանության նախարարի պատվոգրով, իսկ ԶՈՒ ԳՇ պետի կողմից՝ թանկարժեք նվերով։ Նա գյումրեցի է, մասնագիտական կրթությունն ստացել է ՌԴ-ում, 2005-ից ծառայում է զորքերում։ 2011թ. նա մասնակցել է երիտասարդ սպաների համաբանակային կոնֆերանսին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից դրամական պարգև ստացել։
ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ, ԵՐԵՔ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ
Կրտսեր սերժանտ Անդրանիկ Սարգսյանը գյումրեցի է, ծնվել է 1990-ին։ Տեղի N 31 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 2007-ին ընդունվել է հայկական պետական ճարտարագիտական համալսարան, որն ավարտելուց հետո էլ 2011թ. զորակոչվել է բանակ։
-Զորակոչվել եմ հրետանային ուսումնական զորամաս, որտեղից էլ աշնանը տեղափոխվեցի այստեղ։ Ծառայության մասին խոսք չկա, ամեն ինչ շատ լավ է, մանավանդ՝ փոխհարաբերությունները զինվորների և սպաների միջև։
Այստեղ են ծառայում Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղից Լևոն, Տարոն և Սամսոն Հովհաննիսյան եղբայրները։ Տարոնն ու Սամսոնը ծառայության մեջ էին, և զրուցեցինք միայն Լևոնի հետ.
-Մեծը Սամսոնն է,- ասաց զինվորը,- նա բանակ է եկել Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան ավարտելուց հետո, ես ՀՊՃՀ կիբեռնետիկայի ֆակուլտետն եմ ավարտել, իսկ Տարոնը զորակոչվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսից։ Ահա թե ինչու ենք երեքով միանգամից զորակոչվել։ Շուտով կլրանա մեր ծառայության մեկ տարին։ Բոլորս էլ եղել ենք արձակուրդում, իսկ ազգային բանակի 20-ամյակի առթիվ պարգևատրվել ենք ազգային բանակի գերազանցիկի կրծքանշանով։ Ասեմ, որ չորս եղբայր ենք, փոքրը՝ Նորայրը, սովորում է ավագ դպրոցի տասնմեկերորդ դասարանում։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան