Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆ Է»



Մենք ապրում ենք մի այնպիսի անկանխատեսելի տարածաշրջանում,
ուր «դատապարտված ենք» ուժեղ բանակ ունենալու։ Այս գիտակցությունը պետք է համապետական մոտեցում ձեւավորի բանակի եւ սպայակազմի նկատմամբ։ Հայոց բանակի սպան պետք է ամենաարտոնյալ խավը լինի հանրապետությունում։ Դա ոչ այնքան սպային է պետք, որքան հասարակությանը։ Նույն կարգով ՀՀ բանակում ծառայած զինվորի ընտանիքը պետք է տարբերակվի ծառայությունից խուսափած մարդու ընտանիքից։ Ժամանակին այս երկրին իր կյանքը, ջիղը, արյունը տված տղամարդը պետք է տարբերվի մյուսներից։
***
Բանակի տարին չի սկսվում եւ չի ավարտվում։ Այնպես, ինչպես չի սկսվում ու չի ավարտվում հայրենասիրությունը։ Այս անգամ կասեմ՝ բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի եւ գեղեցիկ օրերից։ Բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է։ Օրը ծնվում է՝ իր հետ բերելով իր գեղեցկությունը, իր հոգսը, իր տագնապը։ Այն, ինչ երեկ գյուտ էր, այսօր դառնում է սովորական մի բան։ Այս ծննդյան շարժման մեջ բանակի երեկվա տեսքը չի գոհացնում մեզ։ Հենց այս անբավարարվածության զգացումով էլ աչքը բացում են բանակը եւ նրա պատասխանատուները։ Եվ ամեն ինչ սկսվում է զրոյից։
***
Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում։

Խորագիր՝ #02 (867) 19.01.2011 – 26.01.2011, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


28/01/2011