ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՍՊԱ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՊԱԿԱՍԵԼ Է
Ադրբեջանցի վերլուծաբան Ասիֆ Գուլիեւը «gafgaz.info» լրատվական կայքում հրապարակած «Ում՞ է պետք Ղարաբաղը» հոդվածում հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերում սպա դառնալ ցանկացողների թիվը վերջին տարիներին զգալիորեն պակասել է:
Ադրբեջանցի վերլուծաբանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմ «վերադարձը» հնարավոր է միայն ռազմական ճանապարհով, ինչը պետք է անեն «տարեկան միլիարդավոր դոլարներ» կլանող Ադրբեջանի զինված ուժերը:
Նրա կարծիքով` ադրբեջանական բանակի հզորացման մասին լեգենդները չեն համապատասխանում իրականությանը: «Վերջին տարիներին, ավելի ճիշտ` 2007 թ-ից հետո, Ադրբեջանի ԶՈւ սպաներ դառնալ ցանկացողների թիվը զգալիորեն նվազել է: Բացի այդ, չի կատարվում նաեւ գլխավոր ռազմական դպրոցներ ընդունելության պլանը, ինչը խոսում է ոչ թե բանակի հզորացման, այլ հակառակ գործընթացի մասին: Իսկ Ադրբեջանում ոչ ոք չի ուսումնասիրում դրա պատճառները», -եզրափակում է ադրբեջանցի վերլուծաբանը:
Խորագիր՝ Նորություններ