Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ



ՎԱՂԱՐՇԱԿ ՇԱՀԻՆՅԱՆԻ հիշատակին

«Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կգանք…»
Պ. ՍևԱԿ

Հայաստանի ազգային հերոսներից շատերին, ովքեր հանուն հայրենիքի մարտնչել էին Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, կա՛մ ոչնչացրին, կա՛մ մոռացության տվեցին: Նրանցից ոմանց քշեցին Ռուսաստան և գնդակահարեցին: Կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյանը աքսորվեց Կազան և այնուհետև տեղափոխվեց Թիֆլիս, ուր և կնքեց իր մահկանացուն 1931-ին: Առաջին հրաձգային դիվիզիայի գեներալ Ա. Պ. Բեյ-Մամիկոնյանը ձերբակալվեց և գնդակահարվեց 1921-ին: Այդ նույն թվականին են ձերբակալվել և գնդակահարվել 2-րդ հրաձգային գնդի գնդապետ Ս. Կ. Սամարցյանը, գնդապետ Կ. Մ. Ղամազյանը, Առաջին հրաձգային գնդի հրամանատար Դ. Ա. Կարաքեշիշյանը, հատուկ ջոկատի հրամանատար Ն. Ա. Ղորղանյանը: 1921-ին մահացել է 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գեներալ Դանիել Ա. Բեկ Փիրումյանը /անհայտ պայմաններում/, 1922-ին ինքնասպան է եղել 5-րդ հրաձգային գնդի գնդապետ Պ. Բ. Փիրումյանը: 1937-ին գնդակահարվում են 2-րդ հրաձգային դիվիզիայի գեներալ Մովսես Բաբայի Սիլիկյանը, հրետանային դիվիզիոնի գնդապետ Քրիստափոր Գ. Արարատյանը, Առաջին հայկական հեծելազորային գնդի գնդապետ Ա. Պ. Մելիք-Շահնազարյանը, 6-րդ հրաձգային գնդի հրամանատար գնդապետ Ա. Ս. Դոլուխանյանը: Քչերին հաջողվեց հեռանալ երկրից և փրկվել: Դրանցից էր Վաղարշակ Շահինյանը: Նա Սարդարապատի հերոսամարտի այն բացառիկ հերոսն է, որի ոգին թևածում է Սարդարապատի հուշահամալիրի սրբազան տարածքում, որը յուրատեսակ սրբատեղի է յուրաքանչյուր հայի համար: Նրա աճյունից մի բուռ հող ամփոփված է Սարդարապատի հուշահամալիրի արծիվների ճեմուղու առաջին արծվի մեծադիր քանդակի մերձակա հատվածում: Արծիվները, ըստ հուշարձանախմբի հեղինակ Ռաֆայել Իսրայելյանի, հաղթանակի տենդը, հզորությունը մարմնավորող և հաղթանակ բերող ռազմիկներն են, նրանց ոգիները, որոնք «դարձած են դեպի ժողովուրդը, մենք կանք, մենք ձեր մեջ ենք, ձեզ հետ»: Դեռևս 1976-ից Վաղարշակ Շահինյանի աճյունասափորն ամփոփվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում: Հավանաբար նրա վերջին ցանկությունն է եղել հանգչել այս հերոսական վայրում: Շատ մանրամասներ նրա կյանքից ու մարտական ուղուց հայտնի չեն: Վաղարշակ Շահինյանը ծնվել է 1889 թվականին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1910 թվականին Վանից մեկնել է ԱՄՆ: 1914թ. վերադարձել է հայրենիք, մտել է զինվորական ծառայության և մասնակցել 1-ին աշխարհամարտին: 1918թ. մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եղել է իր իսկ կողմից կազմակերպած 1100 հոգանոց աշխարհազորային ջոկատի հրամանատարը: 1920թ. Հայաստանի խորհրդայնացումից հետո վերադարձել է ԱՄՆ և բնակություն հաստատել Նյու Յորք քաղաքում, որտեղ լայն առևտրական գործունեություն է ծավալել բեռնափոխադրումների ոլորտում: Կարճ ժամանակ անց դարձել է քաղաքի առևտրական սյուներից մեկը: Որպես հայրենասեր ու հայասեր մարդ Վաղարշակ Շահինյանը մշտապես օգնել և զորավիգ է եղել տեղի հայկական համայնքին, աջակցել համայնքի մշակութային կյանքին: Վաղարշակ Շահինյանը կյանքի վերջին տարիներին բնակություն է հաստատել Նյու Ջերսի նահանգի Քրեսքիր քաղաքում: Վ. Շահինյանին շատ լավ են ճանաչել ԱՄՆ-ում: Նրա անունը կրող առևտրական տան վրա կա մի ցուցատախտակ` հաստատված Նյու Ջերսի նահանգի սենատորի կողմից: Ահա ցուցանակի պատկերը և տեքստի հայերեն թարգմանությունը /կրճատումներով/:

ՆՅՈՒ ՋԵՐՍԻ ՆԱՀԱՆԳ

ԹՐԵՆԹՈՆԻ ՍԵՆԱՏ,

ՆՅՈւ ՋԵՐՍԻ

———————————————–

ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՈՒՄ

1976, նոյեմբերի 15

Սենատոր ՍՔԵՎԻՆԻ կողմից

———————————————–

Վաղարշակ Շահինյանը` Առաջին աշխարհամարտի հայ-թուրքական ճակատի հերոս, վախճանվել է վերջերս, 87 տարեկանում…

Այս շենքը տուրք է Վաղարշակ Շահինյանի հիշատակին` հայրենիքին մատուցած ծառայությունների և մեծ ավանդի համար, խորապես սգալով նրա մահը և ցավակցելով նրա ընտանիքի անդամներին:

Սենատի որոշման այս պատճենը` ստորագրված նախագահի և հաստատված քարտուղարի կողմից, ներկայացվում է հանձնելու նրա այրուն` Շուշանիկ Թոհաֆջյան-Շահինյանին:

Այս տարի բարեկարգվեց Վաղարշակ Շահինյանի գերեզմանը: Այս գործի նախաձեռնողը Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի տնօրենն է, ով հոգածու վերաբերմունք ունի ամեն նվիրական գործի նկատմամբ: Այս աստվածահաճո գործին իր ավանդն է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ I դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը: Իրենց սիրահոժար մասնակցությունն են բերել նաև Ալեքսան Սարիբեկյանը և Մանուկ Մարգարյանը, որոնց անցավորներին անպայման «ողորմի» ասողներ կան և կլինեն: Հուշահամալիրի տարածքի կանաչապատման գործում գնահատելի է Ռոբերտ Նադիրյանի դերը:Առանձնապես մեծ է խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի ավանդն այս սուրբ գործում, որի յուրաքանչյուր ստեղծագործություն զրույց է, երկխոսություն, «աղոթք` առ Աստված»: Իմանալով Վաղարշակ Շահինյանի ով լինելը, վարպետն իր հոգու պարտքը համարեց քանդակել Սարդարապատի հերոսի շիրմաքարը, մասնակցելով նաև գերեզմանի բարեկարգմանը, ստեղծելով նաև տուֆակերտ պատվանդաններ ցուցանակների համար: Շիրմաքարի վրա պատկերված են հայ ռազմիկի խորհրդանիշները` հաղթական թուր և վահան` արծվի պատկերով. լիովին համահունչ իսրայելյանական խորհրդանշանային մտածողությանը, որը սերվել է հայեցի ու տոհմիկ արմատներից, ազգային ավանդույթներից ու հայոց մշակութային ժառանգությունից: Շիրմաքարի վրա, կարևորելով գրի մոգական դերը և խոսքի արժեքը, մակագրված է` «Երախտապարտ հայ ժողովրդից»:

Մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից բազում սպիտակ և կարմիր մեխակներով են գեղազարդվում հերոս հազարապետի գերեզմանը տանող ուղին: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, ինչպես Զանգաշտարակի առջևում / որը խորհրդանշում է կռվում ընկած հերոսների հիշատակի շիրմարձանը և որի վրա փորագրված է` «Հայրենիքի փրկության համար զոհված զավակներին հավերժ փառք»/, այնպես էլ հայրենյաց համար կռված հերոսամարտի մասնակցի գերեզմանին ծաղկեպսակ է դրվում: Դա հարգանքի տուրք է, հատուկ պատվի դրսևորում Սարդարապատում կռված հայորդու ոգուն, ինչպես նաև Մայիսյան հերոսամարտերի այն հերոսների հիշատակին, որոնց շիրիմները տակավին անհայտ են: Այսպես պիտի պատվենք ննջեցյալ և հավերժի ուղին բռնած նահատակ հերոսներին…

«Զանգերն են հնչում Սարդարապատի… Պղնձե զանգը նման է վարդի… Սև գործերի դեմ` Լուսավոր զանգեր… »

Ս. Հ. ՊՈՂՈՍՅԱՆ
թանգարանի գիտական գծով
փոխտնօրեն

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Ճակատագրեր, Պատմության էջերից


28/03/2012