Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՊԻ ՎԱՂՈՒՀԱՍ, ԴԵՊ ՀԵՐՈՍԱՑՈՒՄ



«Մարտիկ» թերթի առաջին համարում մի փոքրիկ հոդված տպագրվեց «Մեր հերոսները» վերնագրով։ Այդ թերթը ուղարկեցի մորս՝ երկտողով «Էս էջը կարդա» և ընդգծեցի իմ անուն ազգանունը…

Շահումյանի հանձնումից հետո թշնամին շատ արագ հասել և ընդհուպ մոտեցել էր Ստեփանակերտին։ Պահը օրհասական էր։ Այն աստիճանի խուճապ էր, որ անգամ դիրքերի մարտիկներն էին երկմտում՝ արժե՞ր մնալ ու կռվել, երբ թիկունքը դատարկվում է։ Ամեն մեկը մտածում էր իրերը հավաքելու և ժամ առաջ Արցախից դուրս գալու մասին։ Մահվան ուրվականը թևածում էր Արցախ աշխարհում։

…Երբ վաշտի հրամանատարը՝ Ժիրայր Զաքարյանը, անձամբ եկավ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի դիրքեր՝ մարտական հերթապահությունը փոխելու, շատ զարմացանք։ Ոչինչ չասաց, թե ինչու ժամկետից շուտ, շատ արագ և գիշերով են մեզ փոխում։ Նայում էինք իրար և ոչինչ չէինք հասկանում։ Միայն զգացինք, որ նա շատ ավելի հոգատար է։ Ժիրիկի դեմքի խորհրդավոր արտահայտությունի՞ց, թե՞ կցկտուր խոսքերից կարծես գլխի ընկա և ուրախ բացականչեցի. «Ո՜ւխ, կռիվ ենք գնում»։ Ժիրիկը չհաստատեց։ Արթուր Օսիպյանը, Սուրիկ Իսրայելյանը, Արսեն Հարությունյանը և ես ձեռք ձեռքի բռնած թռչկոտում էինք և ուրախ բացականչություններ անում։ Վերջապես մեզ՝ երիտասարդներիս, շատ լուրջ գործ էր վստահում։ Ավելի ուշ Ժիրիկը գաղտնի ինձ ասաց, որ մեր գումարտակից ընդամենը 30 հոգի պետք է գնա Վաղուհասի ուղղությամբ։

Վաղուհասի անունը անգամ սարսուռ էր առաջացնում. մերոնք մի քանի անգամ փորձել էին ազատագրել մոտակա բարձունքները, բայց ամեն անգամ մեծ զոհերով նահանջել էին։ Տարածքը մի քանի անգամ ականապատել էինք թե՛ մենք և թե՛ թշնամին։ Լուրեր էին շրջում, որ բարձունքի վրա ռազմական նշանակության ամրություններ կան, որ այն կառուցվել է ռուս գնդապետի, թե գեներալի կողմից։

Շատ արագ և մանրակրկիտ պատրաստվեցինք։ Անգամ կրկնապատկեցի իմ բժշկական առաջին օգնության պայուսակի պարունակությունը՝ ցավազրկող, ներարկիչներ, ստերիլ անջրանցիկ վիրակապ…

Մեքենան դուրս եկավ դարպասներից, ու մեր խինդն ու ծիծաղը խառնվեց կրակոցներին, որ հնչեցին որպես հրաժեշտի նշան։ Մարդիկ ձեռքի թափահարումով հրաժեշտ էին տալիս մեզ։ Շատերը արցունքներն էին մաքրում։ Միշտ այսպես աղմուկ-աղաղակով էինք մեկնում և վերադառնում՝ անաղմուկ, հոգնած։

Հասանք Առաջաձոր, տեղակայվեցինք դպրոցի շենքում։ Մյուս օրը մթնով դուրս եկանք, հասանք Վանք՝ Գանձասար։ Տղաները մկրտվեցին, օրհնություն ստացանք և շարժվեցինք դեպի սարերը։ Պետք է Վաղուհասի դիրքեր հասնեինք առավոտ շուտ և թևից գրոհելով՝ անակնկալի բերեինք թշնամուն։ Այստեղ-այնտեղ ձների մեջ՝ թշնամու դիակներ էին ընկած։ Մի կերպ տեղ հասանք։ Թեև լավ հոգնած էինք, բայց նպատակակետին մոտենալիս առույգացանք և ձգվեցինք։ Լուսանում էր։ Թաքստոցից հետևելով թշնամու շարժին, հասկացանք, որ չենք նկատվել։ Տղաներից «Խալաստոյը», հեռադիտակով նայելով, ասաց, որ ժամապահը հանգիստ կանգնած է։ Ասացի. «Դա ժամապահ չէ, այլ խրտվիլակ՝ զենքով»։ Ոչ մի կառույց չէր երևում։ Ժամը 9-ի մոտ սկսվեց հարձակումը։ Երկու կողմից կրակոցներ էին հնչում, բայց ինչ-որ անհասկանալի բան կար։ Ոչ մի թշնամի չէր երևում։

Մոտեցանք. գետնի տակ փորված անցքը թունել էր, որ շարունակվելով դուրս էր գալիս բարձունքի մյուս կողմը՝ անվտանգ դարձնելով նահանջը, իսկ հարձակվելու դեպքում կարող էին շրջապատման մեջ գցել՝ դուրս գալով թիկունքից։ Շինությունները կառուցվել էին մարտիկների ուշադրությունը շեղելու համար։ Կիսաբաց դռներից երևում էին ավտոմատի պոզեր՝ սվին դանակներ… Տպավորություն էր ստեղծվում, թե այդտեղ պահեստներ են։ Ոտքս դրեցի՝ մոտենամ, բայց նկատելով, որ ձյան վրա ոտնահետքեր չկան, միտքս փոխեցի և շարունակեցի գնացողների հետևից՝ նրանց ոտնահետքով առաջանալ։ Հետևիցս եկողներին զգուշացրի, որ չշեղվեն, տեղանքը ականապատված էր։ Ձախ կողմից հնչած կրակոցները մեզ պառկեցրին գետնին։ Սողեսող առաջանում էի։ Դիմացի բարձունքից` «Ղլեն քարից», ժայռերի հետևը պատսպարված թշնամին անդադրում կրակ էր տեղում խոշոր տրամաչափի զենքերից։ Բավականին հեռացել էի մերոնցից և դեմ առ դեմ դուրս եկել թշնամուն։ Կրակային հեռավորությունը կլիներ մոտ 100 մ։ Փորձեցի կրակել, բայց փակաղակը լռվեց։ Սողալու ընթացքում ձյունը փակաղակի արանքից ներս էր լցվել։ Մի երկու կրակոց արձակեցի մաքրելուց հետո։ Ինքնաձիգը նորից լռեց։ Մինչ ես փորձում էի նորից մաքրել (նոր, դեռ չմաքրած ինքնաձիգ էի վերցրել) թշնամին ինձ նկատեց։ Կրակահերթերից ծառը կտրվեց ու ընկավ վրաս։ Այնքան անշարժ մնացի, մինչև սկսեցին այլ ուղղությամբ կրակել։ Կրակոցներից զգում էի, որ նրանք խուճապի մեջ են։ Մաքրեցի զենքը և նշան էի բռնել, որ կրակեմ, երբ լսեցի իմ անունը։ Ինձ հանձնեցի բախտի քմահաճույքին և թռչկոտելով ականները միացնող լարերի վրայով, հասա վիրավորներին։ Նրանք Վանք գյուղի ջոկատից էին։ Թե ինչպես պետք է ականապատ դաշտով դուրս տանեին վիրավորներին, սարսափում էի պատկերացնել։ Շնչակտուր մոտեցա վիրավորներից մեկին և սկսեցի վիրակապել գլուխը և փակել ակնախոռոչը, որտեղից դուրս էր թռել աչքը, կախվել մնացել երեսին։ Բեկորները քրքրել էին հագուստը։ Կրծքի հատվածում մի քանի անցք էր գոյացել, որից արյուն էր հոսում։ Իզուր էին իմ ջանքերը. նրան փրկել չկարողացա։ Մյուս վիրավորին արագ վիրակապեցի և պառկեցրի ձմեռային բաճկոնների վրա։ Մոտ 10 հոգով նրան բարձրացրին ու տարան։ 20-50 մետր չհեռացած` նորից վայր դրեցին։ Հասկացա. վիրավորը մահացել էր…

Ինքնաձիգը, որ այդ ընթացքում տվել էի մեր գումարտակի հրամանատարին՝ մաքրելու, վերցրի և առաջացա դեպի իմ նախկին տեղը։ Ինձնից աջ, բլրի մյուս կողմում, ձեռքի ծանր գնդացրից անընդմեջ կրակելով և ադրբեջանցիներին հայհոյելով, առաջանում էր «Ռիժին»՝ Արսեն Հարությունյանը։ Նա 20-22 տարեկան կլիներ։ «Այս տղան գժվե՞լ է, գլխից ձե՞ռ է քաշել»,- մտածեցի ու նշան բռնեցի ադրբեջանցիների գնդացրի ուղղությամբ։ Կրակոցները դադարեցին։ Սպասեցինք հերթական առաջադրանքին։ Թվաց՝ մարտը վերջացավ։ Մի տղա անունս հարցրեց։ Ասացի։ Կարծեցի վիրավոր է։ Ասաց՝ ոչ։ Հանկարծ արկեր պայթեցին։ Բարեբախտաբար, ոչ ոք չվնասվեց։ Արկերի տեսակից հասկացանք, որ թշնամին շատ մոտ է։ Ավտոմատի կրակահերթերը մատնեցին նրանց գտնվելու վայրը։

Թունելի մյուս ծայրին խրամատ էր փորված. այնտեղից էին կրակում։ Հասանք և շատ հետաքրքիր բան կատարվեց։ Թշնամու խրամատի հողաթմբի վրա հանկարծ մի տղա երևաց։ Նստեց թմբին՝ ձեռքին փամփշտատուփը։ Ուղիղ նայում էր մեզ։ Ես բոլորին նշան արեցի՝ չկրակել, կարծելով, թե մեր տղաներից է, որ շրջանցելով դուրս է եկել հակառակորդի թիկունք։ Գլուխս բարձրացրի և գոչեցի. «Հայ ե՞ս»։ Ի զարմանս մեզ` հայերեն պատասխանեց. «Չէ, ադրբեջանցի եմ»։ Անմիջապես ավտոմատն ուղղեցի վրան և քաշեցի ձգանը։ Նրա բախտից փամփուշտները վերջացել էին։ Մինչև հիմա հիշում եմ նրա հայացքը. կարծես յուրայինների էր նայում և վախ չուներ։ Անմիջապես նստած տեղից իրեն մեջքի վրա հետ շպրտեց և փախավ՝ թողնելով փամփշտատուփը։ Ես և Արսենը վազեցինք նրա ուղղությամբ։ Ես սարն ի վար իջա արահետներով, իսկ Արսենը սարի գլխին մնաց կանգնած՝ շուրջը նայելով։ Զգուշորեն առաջանում էի։ Հասա քանդված վրաններին։ Թշնամին փախել էր։ Բարկությունս թափեցի ավտոմեքենայից հանված մի քանի նստարանների վրա՝ դրանք ոտքով շրջելով։

Եվ հանկարծ նստարանների տակից, ինչպես հեքիաթներում է լինում, դուրս թափվեցին չիր ու չամիչ, խնձոր, մանդարին, սիգարետի տուփեր։ Ամբողջը վերցրի և ուրախ-ուրախ վերադարձա տղաների մոտ։ Հիշեցի թշնամու թողած փամփշտատուփը. գնացի վերցրի և վրան խազելով գրեցի՝ «Ռազմական ավար, Սյուզի»։

Դեռ «Ղլեն քարը» չէինք ազատագրել։ Պատրաստվեցինք գրոհելու այդ բարձունքը։

ՍԻԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
(ՍՅՈՒԶԻ)
լեյտենանտ
խաղաղապահ բրիգադի ակումբի պետ

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


28/03/2012