Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՕՏԱՐ ՄԱՐԴ ՉԿԱ



Ազատամարտիկ, մանկավարժ, բասկետբոլի և լեռնային տուրիզմի ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի փրկարար, մարտական ծառայության համար կառավարական և գերատեսչական բազմաթիվ մեդալների և տասնյակ պատվոգրերի արժանացած պահեստի փոխգնդապետ Գեղամ Լալայանի ապրած կյանքի ամեն րոպեն, ամեն վայրկյանն այսօր էլ լեցուն է և հագեցած։ Ծնվել է հայկական հրաշալի ավանդական ընտանիքում, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ավարտելուց հետո որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատանքի է անցել Քանաքեռավանի միջնակարգ դպրոցում։ Աշակերտների համար հաճախակի էր արշավներ կազմակերպում։ Իրեն հատկապես գրավում, ձգում էին լեռները և պատահական չէր, որ սկսեց զբաղվել նաև լեռնային տուրիզմով։

-Լեռներ բարձրացող մարդու աշխարհը միանգամից է փոխվում, անբացատրելի զգացողություններով ես համակվում, դառնում ես է՛լ ավելի շրջահայաց, է՛լ ավելի զգոն, է՛լ ավելի համարձակ։ Իջնում ես բարձունքներից ֆիզիկապես, բայց սիրտդ մնում է լեռներում։

Պամիրը, Տյան Շանը, Կարպատներն է հաղթահարել, բայց Լալայանի սիրտը մնացել է Կովկասյան լեռներում, Էլբրուսի ձյունաճերմակ կատարին։

1988թ. աշխատանքի անցավ Լուսակերտի պատանի տուրիստների հանգրվանում, որպես տնօրեն։ Պատանիներին ծանոթացնում էր մեր քարքարոտ, բայց չքնաղ բնաշխարհին, սովորեցնում տեղանքում ճիշտ կողմնորոշվել, քարտեզ կարդալ, բնական արգելքները ճիշտ հաղթահարել, առաջին բժշկական օգնություն ցուցաբերել տուժողին (այս ամենի քաջատեղյակությունը, փորձը իրեն էլ շատ պետք եկան ռազմի դաշտում անսխալ որոշումներ կայացնելու, շրջափակման մեջ չընկնելու)։ 1988թ. դեկտեմբերի 6-ին ամուսնացավ Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ուսանողուհի Անահիտի՝ իր նախկին աշակերտուհու հետ։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին, ավերիչ երկրաշարժը եղավ։ Գեղամ Լալայանը մարզիկ-տուրիստների հետ շտապեց աղետի գոտի, օգնեց, սատարեց, փրկեց, բայց ավերակված սրտով տուն դարձավ. աչքի առաջ երկրաշարժի մղձավանջային պատկերներն էին…

Մարդիկ չէին հասցրել ուշքի գալ այս ողբերգությունից, երբ Հայաստան աշխարհը նորից խառնվեց։ Սահմանային հատվածներում լարված իրավիճակ էր, ադրբեջանցի հրոսակները խաթարում էին մեր հողի անդորրը։ Գեղամ Լալայանը դարձավ երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի փրկարար-հետախուզական ջոկատի անդամ եւ մյուս նվիրյալների նման կանգնեց մինչև ատամները զինված թշնամու առաջ։ Կռվում էին աշխարհում ամեն ինչի մասին մոռացած, իսկ մարտերի կարճատև դադարների ժամանակ ամեն մեկը տաք մի երանությամբ հիշում էր իր տունը, հարազատներին։ Հիշում էին, որ երբ դեռ քաղաքում էին, մարդիկ ինչ ակնածանքով, խանդաղատանքով, սիրով էին նայում իրենց՝ ազատամարտիկներին։ Երիտասարդ անծանոթ աղջիկները մոտենում էին, արտասվախառն համբուրում ու դեռ մարտի չգնացած՝ իրենց բարի վերադարձ մաղթում։ Բա՜ տատիկները, ի՜նչ գորովագութ ջերմությամբ էին իրենց շրջապատում, բացում էին օրհնանքի տուտը ու հետն էլ գրպաններից կոնֆետներ հանելով՝ ստիպելով խցկում պատերազմ գնացող տղերքի գրպանները. «Ջեմով կոնֆետ ա, բերաններդ կքաղցրացնեք»։

Կրկին մոլեգնում էր մարտը։ Եվ այս ամենը հիշելով՝ ազատամարտիկներն է՛լ ավելի ոգեղենացած էին կռվում. թիկունքում օտար մարդ չկար, բոլորը հարազատ էին ու բարեկամ, սրտակից ու սրտացավ։ «Պետք է հաղթենք թշնամուն». սա մարտիկների աղոթքն էր, երդումն էր, խոստումն էր, հավատքն էր…

Երասխ, Մովսես, Իջևան, Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար, Կոռնիձոր, Լաչին… Մարտական անցած ուղի, որը ցավալիորեն լի էր լույսի պես պայծառ տղաների անվերադարձ կորստով. ամեն մեկը մի տան ճրագ էր, հույս…

-Պատերազմում մահը պատահականություն չէ, պատահականություն է կյանքը։ Իսկ Դուք ձեր տան միակ արու զավակն էիք։ Բացի այդ, գիտեիք, որ շուտով երեխա եք ունենալու։ Հանուն զավակի կարող էիք չգնալ։

-Հանուն զավակի գնացի,- ասում է Լալայանը։ Մենք մեր զավակներին պետք է խաղաղ հող ժառանգենք, խաղաղ ապրելու իրավունք, մենք պիտի փակենք պատերազմի հետ հաշիվները։ Պատերազմը ցավ ու դառնություն է, տառապանք։ Պատերազմական մղձավանջային դաժան օրերից ամենաշատը հուզվել էի, երբ տեսա, թե ինչպես է ադրբեջանցին դարանակալել ու կոտորել 28 անզեն մարդու, ու նրանց մեջ երեխաներ էլ կային…

Կռվում էինք, հակահարված տալիս անարգ թշնամուն, ազատագրում հակառակորդի արյունոտ երախից մեր տարածքները։ Շուշիի ազատագրումը հիշելիս մինչ օրս էլ հոգիս ցնծում է, ծառս լինում։ Հիմա էլ մեկ-մեկ գնում եմ այն վայրերը, որտեղ կռվել եմ։ Սիրտս անհուն թախիծով է պատվում, հուշերիս խելահեղ ալիքը ինձ տանում է հետ, հանդիպում եմ ծանոթ մարդկանց, մտնում այն տները, որտեղ ժամանակավորապես ապաստանել էինք այն դաժան օրերին ու, որքան էլ որ զարմանալի է, կարոտում եմ այդ օրերը, ավելի շուտ՝ հրաշալի, պարզ ու անկեղծ մարտընկերներիս եմ կարոտում…

1994թ. Վազգեն Սարգսյանի առաջարկով Գեղամ Լալայանը մտավ ՊՆ համակարգ։ 1994-96թթ. եղել է բանակի կենտրոնական մարզական ակումբի շտաբի պետը, ապա անձնակազմի գծով տեղակալն ու թիկունքի պետը։ 1996-98թթ. Արաբկիր զինվորական կոմիսարիատում ծառայել է որպես զինկոմի տեղակալ, զորահավաքային բաժնի պետ։ 1998թ. ավարտել է ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները։ 1999թ. հունվարից ծառայել է ՀՀ ԶՈՒ գնդում, որպես գումարտակի հրամանատար, վերապատրաստվել է ՌԴ ԱԻՆ փրկարարական-ուսումնական կենտրոնում, ապա ստանձնել արագ արձագանքման փրկարար ջոկատի հրամանատարությունը։ 2003թ. մինչ սույն թվականը ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի փրկարարական ցիկլի պետն է, զուգահեռ նաև աշխատում է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։ Դպրոցում բարձր են գնահատում նրա նվիրված աշխատանքը. «Դասապրոցեսը Գեղամ Լալայանի տարերքն է, նա կարողանում է և՛ մարտական ընկերների կերպարը հավուր պատշաճի ներկայացնել, և՛ զինվորական փորձը մատուցել, և՛ ռազմավարություն սովորեցնել։ Նրա ամեն մի դասը հայրենասիրական ասք է»։ Աշակերտները սիրում և գնահատում են իրենց հայրենասեր ուսուցչին։

-Երեխայի հոգում դեռ վաղ հասակից պետք է սերմանել նվիրվածություն, սեր, պատասխանատվություն հայրենիքի նկատմամբ։ Նա պետք է գիտակցի, որ ինքն է և՛ իր երկրի տերը, և՛ երկրի զինվորը։

Գեղամ Լալայանի որդին՝ Գարեգինը, այսօր ծառայում է մեր ազգային բանակում։

-Հպարտ եմ իմ զինվոր որդով։ Նա կիսատ է թողել ուսումը և մեկնել է հայրենիքի առաջ իր պարտքը տալու։ Հաճախ եմ լսում, որ ասում են՝ բանակային այս երկու տարին ուսանող տղաները զուր են կորցնում։ Ես կարծում եմ հակառակը՝ երիտասարդը շահում է. բանակը ինքնուրույնության մի յուրօրինակ դպրոց է, որտեղ է՛լ ավելի է ձևավորվում և ամրագրվում տղամարդկային բնավորությունը։ Ուզում եմ մեր բանակն է՛լ ավելի հզորանա, վերանան ամեն տեսակ արատավոր երևույթները։ Բանակի թերությունները մատի փաթաթան դարձնելու, կոծկելու ու ծածկելու փոխարեն, փորձենք ամեն մեկս մեր հնարավորության սահմաններում շտկել դրանք։ Սթափ ու գիտակից լինենք. թշնամին մեր կողքին է, մենք պետք է մշտապես ուժեղ և միակուռ լինենք, մենք սխալվելու իրավունք չունենք։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Ճակատագրեր


28/03/2012