ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՈՒԺՈՎ
Հարց – Քաղաքացի Ա. Մարգարյանը երկար տարիներ ապրել է իր տանը, վճարել հարկեր, կատարել մյուս վճարումները: Նրա մահվանից հետո 2010թ. Ժառանգությունը ձևակերպելիս պարզվել է, որ Ա.Մարգարյանը տունը ձեռք է բերել 1958թ.` առանց պատշաճ կարգով ձևակերպելու: Հաշվի առնելով այդ հանգամանքը` նոտարը հրաժարվել է ժառանգական իրավունքի վկայական տալուց: Ի՞նչ կարգով պետք է լուծվի հարցը:
Պատասխան – Ժառանգման իրավունքի վկայական է տրվում այն գույքի նկատմամբ, որը օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքով պատկանել է ժառանգատուին:
Տվյալ դեպքում, նախ անհրաժեշտ է, որ նշված բնակելի տունը դատական կարգով ճանաչվի տիրազուրկ, որից հետո ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչվի այդ բնակելի տան նկատմամբ Ա.Մարգարյանի սեփականության իրավունքը:
ՀՀ քաղ. Օր.-ի 187-րդ հոդ. համաձայն` եթե քաղաքացին կամ իրավաբանական անձը 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է իրեն չպատկանող տիրազուրկ գույքը` որպես սեփական գույք, ապա այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք` ձեռք բերման վաղեմության ուժով:
Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Սոցիալ-իրավական