…ՖՐԻԴՐԻԽ ՄԵԾԸ
18-րդ դարի պրուսական կայսր Ֆրիդրիխ Երկրորդ Մեծը (1712-1780թթ.) պատմության մեջ մնացել է ոչ միայն որպես հզոր տիրակալ, այլ նաև որպես տաղանդավոր զորավար: Մինչդեռ պատանեկան տարիներին ապագա կայսրը հրապուրված էր փիլիսոփայությամբ ու արվեստներով, իսկ ռազմական գործը նրան բնավ չէր հետաքրքրում: Նրա հորը` կայսր Ֆրիդրիխ-Վիլհելմ Առաջինին, մեծ ջանքերի և անգամ խստագույն պատժամիջոցների շնորհիվ միայն հաջողվեց «դարձի բերել» իր որդուն և, իբրև իսկական պրուսացի, դարձնել պետական և ռազմական գործիչ:
Հոր մահից հետո` 1740 թ., ժառանգելով պրուսական գահը, Ֆրիդրիխ Երկրորդը ի լուր ամենքի հայտարարեց բացարձակ մենիշխանության իր ձգտումների մասին. «Իմ թագավորության մեջ իշխանության միակ աղբյուրը ես ինքս եմ»: Իր միահեծան իշխանությունը նա սկսեց օգտագործել հզոր տերություն հիմնելու և կյանքի բոլոր բնագավառներում գերմանական ավանդապաշտ բծախնդրությամբ օրենքի գերակայություն արմատավորելու համար:
Երիտասարդ կայսրը, որն իրեն համարում էր ֆրանսիական լուսավորչականության գաղափարների հետևորդ, արմատական բարեփոխումներ իրականացրեց երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Նախ նա ընդլայնեց տարրական կրթական համակարգը: Ապա հնարավորինս պարզեցրեց դատավարական գործընթացը և արգելեց բանտային տանջանքները: Երկրի ողջ տարածքում սկսեց վարել կրոնական հանդուրժողականության քաղաքականություն: Արգելեց գրաքննությունը և ապահովեց մամուլի ազատությունը:
Այսուհանդերձ, Ֆրիդրիխ Մեծի, ինչպես և իր հոր` Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջին կայսեր գլխավոր մտահոգությունը երկրի ռազմական հզորությունն էր և նվաճողական քաղաքականության իրականացումը: Այդ նպատակով նա բարեփոխումներ իրականացրեց նաև երկրի զինված ուժերի համակարգում: Ֆրիդրիխ Մեծի օրոք Պրուսիան վերածվեց ռազմականացված երկրի. բնակչության մեծ մասը աշխատում էր ի շահ բանակի: Նրա ստեղծած բանակը լավագույնն էր համարվում Արևմտյան Եվրոպայում` թե՛ իր թվաքանակով` 200000, և թե՛ իր սպառազինությամբ ու մարտական պատրաստությամբ:
Ստեղծելով ռազմականացված պետություն և հզոր բանակ` Ֆրիդրիխ Մեծը սկսեց հետևողականորեն իրականացնել իր նվաճողական քաղաքականությունը: Սիլեզյան 1-ին (1740-1742) և 2-րդ (1744-1745) պատերազմների արդյունքում Պրուսիան Ավստրիայից զավթեց Սիլեզիայի մի մասը: Այնուհետև, դաշնակցելով Անգլիայի հետ, սանձազերծեց Յոթնամյա պատերազմը (1756-1763), հաղթական մարտեր վարեց ավստրիական և ֆրանսիական բանակների դեմ, ջախջախեց նաև սաքսոնական բանակը և գրավեց Սաքսոնիան: Ավելի ուշ` Ռեչ Պոսպոլիտայի բաժանման ընթացքում Պրուսիան կարողացավ զավթել Վիսլայի ստորին հոսանքի շրջակա տարածքը:
Ռազմավարության ոլորտում Ֆրիդրիխ Մեծը կարևորում էր ռազմական թատերաբեմում բանակի շարժունակության ապահովումը, անակնկալ հարձակումը պատերազմի սկզբում և հակառակորդին մատակարարման աղբյուրներից կտրելը: Մարտավարության բնագավառում Ֆրիդրիխ Մեծի նորարարությունը գծային մարտակարգի կատարելագործումն էր. թևերից մեկը հետևակի լրացուցիչ գծաշարով հզորացվում էր և դառնում հարձակողական: Գրոհի ընթացքում վճռորոշ դեր էր հատկացվում հետևակի զանգվածային հրացանազարկին: Ծանր հեծելազորը զանգվածաբար օգտագործվում էր հարվածի գլխավոր ուղղությամբ: Պետրոս Մեծի բանակի օրինակով պրուսական բանակում կիրառության մեջ մտավ ձիաքարշ հրետանին, ինչը անհամեմատ մեծացրեց բանակի շարժունակությունը:
Ֆրիդրիխ Մեծի հիմնած պրուսական ռազմական համակարգն ընդօրինակվեց եվրոպական երկրների կողմից և պահպանվեց մինչև նապոլեոնյան դարաշրջանը:
ԱՍՈՒՅԹՆԵՐ
Մեր լավագույն դաշնակիցները մեր սեփական զորքերն են:
Այսպես է արտահայտվել Ֆրիդրիխ Մեծը Հոենֆրիդբերգի մոտ տեղի ունեցած ճակատամարտից (1745թ.) հետո:
Բանակցություններն առանց զենքի` նույնն է, ինչ երաժշտությունն առանց գործիքների:
Ֆրիդրիխ Մեծը առաջին անգամ այս ասույթը օգտագործել է 1742թ.:
Լրագրությունը ճնշել պետք չէ, եթե ցանկանում ենք, որ այն հետաքրքիր լինի:
Սա հրահանգ է նախարար Հենրիխ Պոդևիլսին:
Վերջինս բողոքում էր բեռլինյան լրագրերի չափազանց ազատությունից:
Իմ պետության մեջ յուրաքանչյուրն ազատ է երանության հասնելու իր ոճով:
Ասույթը պահպանվել է Պրուսիայում կաթոլիկական դպրոցների մասին գրառումներում (1788թ.): «Բոլոր կրոնները հարկ է հանդուրժել. դատախազը պետք է սոսկ հետևի, որ նրանցից որևէ մեկը մյուսին չվնասի, քանի որ յուրաքանչյուրն ազատ է երանության հասնելու իր ոճով»:
Նա մեծ էր փոքր գործերում, սակայն փոքր էր մեծ գործերում:
Ֆրիդրիխ Մեծի այս արտահայտությունը վերաբերում է իր պապին` պրուսական թագավոր Ֆրիդրիխ Առաջինին:
Փիլիսոփան` գահին:
Ֆրիդրիխ Մեծն այսպես է արտահայտվել իր հոր` պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինի (1688-1740թթ.) վերաբերյալ` նկատի ունենալով ոչ թե նրա մտավոր ունակություններն ու կրթական մակարդակը, այլ մեղմ վերաբերմունքը իր հպատակների նկատմամբ: Ի դեպ, ավելի ուշ Վոլտերը այսպես է կոչել իրեն` Ֆրիդրիխ Մեծին, որն իր երկերը երբեմն ստորագրում էր «Անհոգ փիլիսոփա» արտահայտությամբ:
Տիրակալը պետության առաջին ծառան և առաջին պաշտոնյան է:
Ֆրիդրիխ Մեծի առավել հաճախակի օգտագործած ասույթներից է:
Պետերբուրգում դժվար է ինչ-որ բան անել. երբեք չես իմանա, թե առավոտյան ով կլինի առանձնաշնորհյալ անձը:
Խոսքը վերաբերում է կայսրուհի Ելիզավետա Պետրովնային և նրա ֆավորիտներին:
Արքայավայել մտածել, ապրել և մեռնել:
Այս արտահայտությունը վերցված է Ֆրիդրիխ Մեծի` Վոլտերին գրած նամակից (1757թ. նոյեմբեր)` անմիջապես Ռոսբախի ճակատամարտից առաջ, որտեղ նա ջախջախեց ֆրանսիական բանակը:
Գվարդիականներ, դուք ինչ է, ցանկանում եք հավե՞րժ ապրել:
Ֆրիդրիխ Մեծի այս արտահայտությունն ուղղված է Կոլինի մոտ ճակատամարտում (1757թ. հունիսի 18) մարտնչող իր զինվորներին, ովքեր, չդիմանալով թշնամու ճնշմանը, ընկրկում էին:
Ես կգրոհեմ թագաժառանգ Կարլի գրեթե եռակի հզոր բանակի վրա` հակառակ ռազմարվեստի բոլոր կանոնների:
Այսպես է արտահայտվել Ֆրիդրիխ Մեծը 1757թ. դեկտեմբերին Լեյտենի մոտ տեղի ունեցած ճակատամարտից առաջ, որտեղ ավստրիական բանակի գլուխ կանգնած էր թագաժառանգ Կարլ Լոթարինգացին:
Որքան ավելի ես մեծանում, այնքան ավելի պարզորոշ ես տեսնում, որ այս դժբախտ աշխարհում գործի երեք քառորդը անում է Նորին Մեծություն Պատահականությունը:
Արտահայտությունը 1759թ. մարտին Վոլտերին գրած նամակից է:
Միշտ` արթուն պահակ:
Ասույթը վերցված է «Գրառումներ Պրուսիայի կառավարման վերաբերյալ» (1775թ.) երկից. «Պրուսական տիրակալը պետք է մշտապես արթուն լինի, որպեսզի հետևի իր հարևաններին և պատրաստ լինի ամեն վայրկյան խափանելու թշնամիների ստոր ծրագրերը»:
Վոլտերը միայնակ մի ամբողջ ակադեմիա արժե:
Ասվել է 1778թ.` Վոլտերին նվիրված գովաբանական խոսքում:
Նա միշտ կատարում է երկրորդ քայլը` դեռևս չկատարած առաջինը:
Ասույթն վերաբերում է Ավստրիայի տիրակալ Յոզեֆ Երկրորդին:
Բանակը ռազմերթ է կատարում որովայնի վրա:
Ասույթն ընդգծում է պարենի մատակարարման կազմակերպման էական նշանակությունը բանակի կենսագործունեության համար: Այլ տարբերակ. «Բանակը, ինչպես օձը, տեղաշարժվում է որովայնի վրա»:
Ավելի լավ է ունենալ լավագույն բանակը Եվրոպայում, քան վատագույն նավատորմը ծովային տերությունների մեջ:
Լեռները մնացին հետևում, այժմ ավելի հեշտ կլինի:
Ֆրիդրիխ Մեծի վերջին բառերն են մահվանից առաջ` 1786թ. օգոստոսի 17-ին: Մահվան մահճում անգամ զորավարին թվում էր, թե բանակի գլուխ անցած ռազմարշավի է ելել:
Պատրաստեց` ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Պատմության էջերից