Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ



Այս օգտաշատ պատմությունն ինձ պատմեց արցախյան պատերազմի վետերան ազատամարտիկը, որը հենց պատերազմի սկզբից կամավոր մեկնելով կռվի, պատերազմել է մինչև հաղթական ավարտը և ողջ ու առողջ տուն վերադարձել, շնորհիվ Խաչի զորության ու իր մոր աղոթքների։

Մինչ նա կպատմեր արցախյան դիպվածների մասին, հետևյալ վկայությունը տվեց. «Մայրս Թուրքահայաստանից գաղթած մի բարեպաշտ կին էր։ Շատ կարդացած չէր, բայց զարմանալի հավատք ուներ։ Մի անգամ, երբ սեփական մեքենայով պետք է Դիլիջան գնայինք, մեկնելուց առաջ ինձ պարտադրեց, որ անպայման խաչակնքեմ, նոր մեքենա վարեմ։ Այդ ժամանակ ջահելություն անելով, դժկամությամբ ու հապճեպ կատարեցի նրա խնդրանքը, ու մեքենա նստեցինք։

Երբ Դիլիջան չհասած ոլորապտույտներին մոտեցանք, անսպասելի մառախուղ իջավ, ու մի քանի քայլի վրա արդեն ոչինչ չէր երևում։ Կամաց-կամաց քշելով գնում էինք, հանկարծ աչքս ընկավ մորս, որը աչքերը փակ աղոթում և ստեպ-ստեպ խաչակնքում էր երեսը։ Քիչ անց, անսպասելիորեն մեքենան ինչ-որ մեծ քարի դեմ առած կանգնեց։ Ես իջա, որ արգելքը մի կողմ տանեմ, բայց ի՜նչ տեսա. ոչ մի քար էլ չկար, իսկ մեքենայի առջևի անվադողերից մեկը կախվել էր անդունդի պռնկին, ուր մի ակնթարթ առաջ և մենք պետք է լինենք, եթե այդ անհասկանալի ու կտրուկ արգելքը չլիներ։ Մայրս ու ես հասկացանք, որ դա Աստծո երկնային միջամտությունն էր, որովհետև Տիրոջ սուրբ Խաչին էինք ապավինել»։

Դրանից հետո փորձառու վետերանը շարունակեց արցախյան ճակատամարտերից դեպքեր վերհիշել, որոնցից մեկը մեջ եմ բերում, քանի որ այն նորից վերաբերում է Տիրոջ ամենահաղթ Խաչին։

«Երբ ուղղաթիռից իջանք Արցախ, մեզ հետ պարենամթերք էին դրել, բայց, երբ դատարկում էինք, սխալմամբ մի ուրիշ արկղ տարանք հետներս, ու երբ բացեցինք, տեսանք գրպանի փոքրիկ Ավետարաններ էին, ու բոլորս ուրախացած մեկ-մեկ հատ վերցնելով՝ պահեցինք ծոցագրպաններում։ Անցավ մի քանի տարի, Աստված պահում, պահպանում էր Իր մեծ ողորմությամբ։ Իսկ Խաչի հետ կապված մի դեպք եմ հիշում, 1993 թվականն էր, Կրասնոսելսկի մատույցներում էինք՝ Ճամբարակ-Արծվաշեն ճանապարհին։ Ադրբեջանցիների հետ շատ անգամ էինք «բոյ» մտել, բայց այս անգամ ինչ որ տեսանք, գերազանցեց մնացածները։ Ինչպես կինոներում էի տեսել, այդպես էլ նրանք էին մեզ վրա գալիս. տանկերով ու «պեխոտայի» մեծ բազմությամբ։

Մենք էլ քանակով տասնյակ անգամ զիջում էինք նրանց, փամփուշտներն էլ հաշվված էին։ Ինչ երկարացնեմ, մարտը անհավասար էր, ու ինչպես ասում են, արդեն մահվան հոտ էր փչում։ Մոտ քսան հոգի էինք, երկուսը, չդիմանալով մարտի թեժությանը, զենքերը ցած գցելով, վախկոտ նապաստակների նման մոտիկ անտառը փախան, կորան. այդպիսի բաներ էլ են պատահում։ Կողքներիս երբեմն-երբեմն պայթող ռումբերի բեկորներն էին խրվում հողի մեջ, ու քանի նրանք մոտեցան, այնքան մեր կորուստները շատացան։ Իսկ երբ արդեն մնացինք երեք հոգով, հասկացանք, որ դիմադրելն անօգուտ է, ու մեզ մնաց միայն մարդավայել մեռնելը։ Այդ ժամանակ ինչ-որ գետի խորխորատում էինք, երբ ուզեցինք դուրս գալ ու մոտակա բլրի հետևն անցնել, մի քսան քայլի վրա ավտոմատները առջևում պատրաստ պահած ադրբեջանցիների «զվոդին» դեմ առանք։

Վերջ. որոշեցինք սուտմեռուկ ձևանալ, իրար կողք կողքի պառկած մնալ, մինչև մեր սպանված զինվորների դիակները թալանելով կմոտենան մեզ։ Կողքիցս կախած «լիմոնչիկի» օղակը քաշելով, ափիս մեջ պատրաստ պահեցի, որ նրանցից մի քանիսին հետներս պայթեցնելով՝ գնանք այն աշխարհ։ Մինչ նրանք կմոտենային, ես ձախ ձեռքով աննկատ ծոցիցս հանեցի կնունքիս Խաչը ու վերջին անգամ կարոտով համբուրեցի այն ու զղջումով Հիսուս Քրիստոսից, անսպասելի հայտնված արցունքներով մեղքերի թողություն խնդրեցի. մարդ էինք, ու արդեն չորս տարի է՝ կռվում էինք, ինչե՜ր-ինչե՜ր ասես չարեցինք։

Աչքներս կիսախուփ ու լարված՝ ականջ էինք դնում։ Քայլերը մոտեցան-մոտեցան ու, մեզանից ընդամենը մի քանի մետր այն կողմ, կանգ առան։ Ուրեմն նկատեցին, մտածեցի ես, ու նռնակը պահած՝ ձեռքիս մատները մի քիչ թուլացրի, որ թեկուզ հասցնեն վիրավորել, գոնե մատներս չկծկվեն, ու նռնակը կարողանամ բաց թողնել։ Տանջալի վայրկյաններ էին, բայց նրանք չգիտես ինչու չէին մոտենում, մեր ու նրանց միջև կարծես անտեսանելի պատնեշ էր գոյացել։ Նռնակը ձեռքումս քրտնել էր. անպատմելի պահ էր, կարծես կյանքի ու մահվան կիզակետում լինեինք։ Հանկարծ նրանցից մեկը բարձր-բարձր, ադրբեջաներեն ասաց ընկերոջը. «Բուղ օլդա յոխլար»։ Ես որ մորիցս սովորել էի թուրքերեն, իսկույն հասկացա, որ ասում է. «Այս կողմում չկան»։ Սկզբում կարծեցի, թե ռազմական հնարք են բանեցնում, որ տեսնեն՝ մենք կենդանի ենք, թե՞ մեռած, որ նոր մոտենան, բայց, երբ լսեցինք նրանց հեռացող քայլերի ձայնը, զարմանքից ապշել էինք ու չէինք հավատում, որ մահվանից ազատվեցինք։ Զգուշության համար էլի մի քանի րոպե սպասելուց հետո կամացուկ նորից հեղեղատը սողացինք ու դեպի մեր ճակատը ուղղվեցինք։

Երբ մի քանի ժամ հետո վերջապես տեղ հասանք, տղաների զարմանքին չափ ու սահման չկար, նախ, որ արդեն լուր էին տվել, որ մենք էլ ենք այն տասնյոթի հետ զոհվել, հետո մի այլ հրաշքի համար ևս. դու մի ասա, ամբողջ հեղեղատը մերոնց կողմից ականապատված է եղել, բայց մեր Տերը Իր զարմանահրաշ զորությամբ մեզ պահել է նաև այդ ականներից ու ողջ ու առողջ տեղ հասցրել։ Իսկ ձեռքիս նռնակը, որ արդեն 4-5 ժամ է ափիս մեջ էր, ամբողջ ճանապարհին չէի կարող մի կողմ նետել, որ ինքներս մեզ չմատնեինք, բայց, երբ տեղ հասանք, մտածում էի ինչպես ազատվեմ այդ բեռից, որովհետև մատներս կարկամել էին լարվածությունից, ու վախենում էի չկարողանամ մահաբեր այդ բեռը ինձանից բավարար տարածությամբ հեռու նետել։ Ու տղաներից հեռու, մի կողմ քաշվելով, նորից Տիրոջ անունը տալով, նռնակը ինձանից հեռու գցելով, կծկվեցի մի թմբի տակ…, ու լսվեց պայթյունը։

Առաջինը, որ դրանից հետո արեցի, այն էր, որ լարվածությունից ջղաձգված մատներս իրար հպելով՝ մի կերպ երեսիս Խաչ հանեցի ու ասացի. «Փա՜ռք Քեզ Տեր, փա՜ռք Քո ամենահաղթ սուրբ Խաչին»։

Մ. Բաբաջանյանի
«Խաչապատում» գրքից

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Հոգևոր-մշակութային


04/04/2012