ԾԱՂԻԿ ՄԱՅՐԻԿԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ընկերները, համադասարանցիները, մտերիմ-բարեկամները որդուս հիշելիս ասում են՝ ի՜նչ զրնգուն, քաղցր ու անուշ ձայն ուներ։ Եվ այդ ձայնի համար էլ նրան՝ Համլետ Գալստյանին, Կաքավ էին ասում։ Նա ծառայեց ընդամենը մի քանի ամիս։ Հեռավոր սահմանային փոքրիկ բլրակներին, որ այդ տարի ծածկվել էին ճերմակ ձյան սավանով, լռեց, մնաց մի երգ, գրված, բայց մինչև վերջ չերգված մի երգ։ Լսե՞լ եք կաքավների ձայնը վաղ այգաբացին, երբ արևը նոր-նոր ուզում է նայել աշխարհին։ Արթնանում է բնությունը, ու հանկարծ արևի հետ քարափներից, սարերից, ձորերից լսվում-տարածվում է կաքավների շաղկղան։ Ուրիշ է այդ ձայնը վաղորդայնի մեջ՝ մաքուր, անաղարտ, նման աստվածային Աղոթքի։ Եվ հանկարծ կրակոց… Խզվում է, խեղդվում այդ ձայնը, փոխվում։ Ու ամբողջ օրը փնտրում են իրենցը, նախնականը, մինչև հաջորդ արևագալ…
Հայոց աշխարհում գարունն առջևում էր՝ իր Կաքավի սաղմոսի կարոտ սարերով։
Հեռու-հեռավոր սարերում, ուր հայոց նորաստեղծ բանակի զինվորները կենաց ու մահու կռիվ էին մղում՝ մնաց մի այդպիսի Աղոթք, մինչև վերջ չերգված մի երգ, որի ելևէջները երբեք չեն մարելու։
Հայրենիքի համար զոհված որդուս՝ Համլետ Գալստյանի՝ Կաքավի ընդհատված կյանքի անավարտ, վերջին երգն էր դա…
Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Հոգևոր-մշակութային