Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՀՈԳԵՎԻՃԱԿԻՆ



Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման զինծառայողների հոգեվիճակներն են:

-Պարո՛ն Մարգարյան, հրամանատարի կարևորագույն խնդիրներից մեկը իր ենթականերին ուսումնասիրելն է: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

– Զինծառայողի անձնավորությունը համակողմանիորեն և լիարժեքորեն ուսումնասիրելու, ապա ճանաչելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նրա ոչ միայն անընդմեջ փոփոխվող հոգեկան պրոցեսները և կայուն առանձնահատկությունները, այլև ժամանակավոր և միևնույն ժամանակ ամբողջական հոգեվիճակները:

– Ի՞նչ է հոգեվիճակը:

– Դա անձի հոգեկան ակտիվության ընդհանուր բնութագիրն է որոշակի ժամանակահատվածում: Հոգեվիճակը կարող է լինել գրգռված, ճնշված, գործուն, հոգնած և այլն: Այդ բնորոշումները կարող են վերաբերել մտավոր, հուզական և գործնական ակտիվությանը: Հոգեվիճակ են ստրեսային, խռովահույզ կամ անհանգիստ վիճակը, հուսալքությունը, ոգեշնչվածությունը, շփոթվածությունը, որոշակի գործունեության համար ներքին պատրաստության վիճակը, սպասման վիճակը, լքվածության զգացումը, հանգիստ հայեցական վիճակը և այլն: Հոգեվիճակները լինում են անհատական և խմբային, մասնավորապես` զանգվածային, օրինակ` խուճապի վիճակը:

Թերևս, ամենակարևորն այն է, թե ի՞նչ հոգեվիճակներում են հայտնվում զինծառայողները մարտական գործունեության ընթացքում:

– Այդ հոգեվիճակները, որպես կանոն, զինծառայողների հոգեկանի որոշակի հակազդումներն են տվյալ գործունեության կոնկրետ գործոնների ազդեցությանը:

– Ասենք` պայթյունների ձայնին, խեղված մարմինների տեսքի՞ն:

– Այո՛: Այդ հակազդումներն ունեն հարմարողական բնույթ, այն է` միտված են գործունեության փոփոխվող պայմաններին և իրադրության տարբեր ներգործություններին հարմարվելուն:

– Կարելի է ասել, որ ինչ-որ չափով գործարկվում է հոգեբանական պաշտպանական մեխանիզմը:

– Այո՛: Հոգեվիճակները համաձայնեցնում են զինծառայողների հնարավորությունները մարտական գործունեության կոնկրետ պահանջների հետ: Սակայն զինծառայողի անհատական առանձնահատկություններից կախված` կարող է դիտվել ինչպես հոգեվիճակների համապատասխանություն մարտական գործունեության պայմաններին, այնպես էլ` անհամապատասխանություն:

– Կարո՞ղ էիք այդպիսի հոգեվիճակների օրինակ բերել:

– Հաճախ «բարդ հոգեվիճակների» շարքն են դասվում միապաղաղությունը, հուսալքությունը, ասթենիան, տագնապը, ստրեսը և այլն:

– Ինչո՞վ է բնութագրվում միապաղաղությունը:

– Դա մի հոգեվիճակ է, որը զինծառայողների մեջ առաջանում է ուսումնամարտական գործունեության հատուկ պայմաններում արտաքին խթանման ոչ բավարարության, ինչպես նաև միատեսակ գրգռիչների մեծ կամ փոքր տևողությամբ ներգործության պատճառով: Այդ վիճակը բնութագրվում է ցածր մակարդակի ակտիվությամբ, ինչն արտահայտվում է քնկոտության առաջացման, կամքի, զգոնության և ուշադրության թուլացման, փոխանցելիության և ըմբռնողության նվազման, մուտք գործող տեղեկույթի նկատմամբ հակազդման տևողության մեծացման, սխալների թվի աճի և օրգանիզմի ընդհանուր արգելակվածության ձևով:

– Իսկ ի՞նչ է հուսալքությունը:

– Հոգեվիճակ, որն առաջ է գալիս, երբ նրա նպատակներին հասնելու ճանապարհին հայտնվում են արգելքներ (ֆրուստրատորներ), որոնք տվյալ անձի համար կա՛մ իսկապես անհաղթահարելի են, կա՛մ թվում են այդպիսին: Հուսալքության հոգեվիճակը լի է տհաճ հույզերով` անբավարարվածություն, հիասթափություն, զայրույթ, հուսահատություն և այլն:

– Փաստորեն, հուսալքության պատճառը կարող է լինել նաև ոչ իրատեսականը:

– Այո՛: Հաճախ հուսալքությունների առաջացման հոգեբանական պատճառներ են դառնում տվյալ անձի ոչ համապատասխան ինքնագնահատականը, զինծառայողի չափազանց մեծ հավակնությունները:

– Իսկ ի՞նչ է ասթենիան:

– Օրգանիզմի թուլության ընդհանուր վիճակ է, որի դեպքում դիտվում են արագահաս հոգնածություն, գրգռվածություն, աշխատունակության անկում, հոռետեսություն և այլն:

– Ուրեմն` պատճառը ոչ թե հոգեկան, այլ ֆիզիոլոգիակա՞ն երևույթներն են:

– Ասթենիան, որպես կանոն, առաջանում է զինծառայողների հուզական գերլարվածության հետևանքով, որը ծնունդ է առնում կյանքի կամ առողջության համար սպառնալիքի, էական դժվարությունների, մեծ պատասխանատվության և այլ պատճառներով: Ասթենիայի հատկանիշներն են` «մարմնի կոտրատումների» և թուլության զգացումը, ֆիզիկական տկարությունը, անտարբերությունը, ֆիզիկական և մտավոր աշխատունակության անկումը (նվազումը), բարձր հոգնելիությունը, անզորությունը:

– Եւ ինչքա՞ն կարող է դա տևել:

– Ի տարբերություն այլ հոգեվիճակներից` ասթենիան կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ:

– Այսինքն` հաղթահարվում է պատճառների վերացմամբ և ոչ թե հակամիջոցներով:

– Այո՛:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Ռազմական


04/04/2012