Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՉ ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ, ԱՅԼԵՎ ՄՏՔՈՎ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 27-ին հանդիպեց պաշտպանության նախարարության Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցների հետ: Զինծառայողների ազգային ինքնաճանաչողությունն ու հայրենիքի առջեւ պարտքի զգացողությունը բարձրացնելու նպատակով արդեն երկու տարի իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցել են հանրապետության հեղինակավոր գիտակրթական 14 հաստատությունների պատմության և մշակույթի 163 գործիչներ` գիտնականներ, արվեստագետներ, պատմաբաններ: Նրանք 368 դասախոսությունով հանդես են եկել ավելի քան 241 զորամասում:

Կարեւորելով ծրագրի դերն ու նշանակությունը զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում` Սեյրան Օհանյանը մասնակիցներին հավաստիացրեց, որ ծրագրի շրջանակներում զորամասեր կատարված այցելությունները հոգեւոր-մշակութային մեծ լիցք են հաղորդում մեր զինվորներին ու սպաներին: Նախարարի խոսքով` մշակույթի, կրթության եւ գիտության փորձառու մշակների այցը զինվորների համար շատ սպասված է, որովհետեւ մտավորականների խոսքը ոգեկոչող է եւ ուսանելի:

«Գաղտնիք չէ, որ անկախությունը ձեռք են բերում և պահպանում են ոչ միայն զենքով, այլև գիտելիքով և գաղափարով: Հետևապես` ունենալ ազգային հոգևոր արժեքներով դաստիարակված երիտասարդություն, նշանակում է ունենալ այդքան թանկ գնով ձեռք բերված մեր անկախության պահպանման հուսալի երաշխիքը: Այս առումով մեծ է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի նշանակությունը երիտասարդության և զինված ուժերի անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության` աճող սերնդին հայոց պատմությանն ու մշակույթին հաղորդակից դարձնելու, մեր պատմության հերոսական էջերի ոգով կրթելու գործում: Երկրի պաշտպանունակության, ազգային անվտանգության ապահովումը ողջ ժողովրդի, հասարակության յուրաքանչյուր անդամի սուրբ պարտականությունն է, և դա լիարժեք գիտակցելու համար անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք հասարակության և առաջին հերթին աճող սերնդի ու երիտասարդության շրջանում: Պատահական չէ, որ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները եղել և մնում են մեր պետության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում»,-նշեց Սեյրան Օհանյանը եւ շնորհակալություն հայտնեց անցած երկու տարվա ընթացքում կատարած մեծ ու կարևոր աշխատանքի համար` ներկաներին մաղթելով հաջողություն և համատեղ բեղմնավոր աշխատանք:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ իր ելույթում նշեց, որ «Պատմության և մշակույթի էջեր» ծրագիրն անհրաժեշտ է ոչ միայն բանակում ծառայող, այլև մեր բոլոր երիտասարդների համար, քանի որ, ըստ նրա, մեր երիտասարդներն այդքան էլ լավատեղյակ չեն մեր պատմությանը, մեր մշակութային արժեքներին, եւ, առհասարակ, «կրթվածության պակաս է զգացվում»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով թեմային, նշեց, որ երիտասարդների կրթվածության պակասի հարցում մեղքի բաժին ունի ավագ սերունդը: Ռեկտորը հռետորական հարց հնչեցրեց` «Ո՞վքեր են մեր այսօրվա երիտասարդության հերոսները` անհաջող սերիալների կամ արտասահմանյան ֆիլմերի «սխրանք գործողնե՞րը»: Ո՛չ: Մենք հերոսներ շատ ենք ունեցել, եւ, փառք Աստծո, այսօր էլ կան, եւ նրանք պետք է օրինակ դառնան մեր երիտասարդների ու հատկապես զինված ուժերում ծառայողների համար»:

«Մեր բանակը կայացած է ու հզոր,- զորամասեր կատարած այցելություններից եւ զինվորականների առօրյային ու հոգսերին ծանոթանալուց հետո համոզվել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: -Տեսածիս չեմ կարող չհավատալ»,- ասաց նա:

Մշակված համալիր ծրագրի նպատակը զինվորին հայրենասիրական ոգով կրթություն ապահովելն է, հասարակություն-բանակ-երիտասարդություն կապը խորացնելն ու ամրապնդելը: Եվ ըստ նախարարի` ծրագիրն իր նպատակին հաջողությամբ ծառայում է:

Հանդիպման ավարտին նախարար Սեյրան Օհանյանը ծրագրին մասնակցած պատմության և մշակույթի մի շարք գործիչների հանձնեց գերատեսչական պարգևներ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Բանակ և հասարակություն


04/04/2012