Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀՎԱԾՔԸ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ



Ադրբեջանի պահվածքը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցում այդ երկիրը դեմ է ստատուս քվոյի փոփոխությանը: Ապրիլի 5-ին Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների դիրքորոշման հետ, որն արտահայտված է համախագահող երկրների նախագահների` Լ’Ակվիլայում, Մուսկոկայում և Դովիլում արված հայտարարություններում: «Մենք ողջունում ենք այս հայտարարությունները և պատրաստ ենք այս հիմքով առաջ շարժվել: Ցավոք, Ադրբեջանն այնպիսին դիրքորոշում է որդեգրել, որը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը»,- ասաց Նալբանդյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կկարգավորվի միայն այն դեպքում, երբ հայկական զորքերը դուրս բերվեն ԼՂ հարակից տարածքներից` Նալբանդյանը նշեց. «Ակնհայտ է, թե այդ մասին ինչ է մտածում Հայաստանը, սակայն էական է նաև, թե ինչ են մտածում դրա մասին համանախագահ երկրները»: Նա այս համատեքստում հիշեցրեց, որ ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկու մյուս համանախագահների անունից հայտարարել է, որ բակացությունների հիմքում ընկած բոլոր սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են և մշակվել ու կողմերին ներկայացվել են փաթեթով: «Որևէ սկզբունք անջատել նշանակում է ստեղծել մի իրավիճակ, որում արդեն հակամարտությունը չի կարգավորվի: Ադրբեջանն ասում է` եկեք կատարենք մեկ տարրը, իսկ հետո կքննարկենք մյուս հարցերը: Դա անընդունելի դիրքորոշում է, և այս առումով Ադրբեջանին պատասխանել են նաև համանախագահները»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նալբանդյանն, ի դեպ նշեց, որ Աժուբալիսին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի 1989 թ-ի պատմական հայտարարության բնօրինակը, որում կոչ էր արվում Խորհրդային Միության ղեկավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


05/04/2012