ԻՆՉԻ՞Ց ԵՆ ՆԵՂԱՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ
Փաստ է, որ կանայք նեղանում են ավելի հաճախ, քան տղամարդիկ։ Պատճառն առաջին հերթին այն է, որ ուժեղ սեռի ուղեղի ձախ կիսագունդն է առավել զարգացած (այն պատասխանատու է տրամաբանության, վերլուծության համար), իսկ գեղեցիկ սեռի` աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգացմունքայնության համար։ Այդ պատճառով էլ կանայք ավելի բուռն են արտահայտում իրենց զգացմունքները։
Կանայք նուրբ ու անկանխատեսելի էակներ են։ Թվում է՝ ոչինչ չի պատահել, բայց նրանք արդեն հասցրել են նեղանալ։ Սակայն տղամարդիկ ոչ միշտ են մտածում այն մասին, որ նեղացնում են իրենց սիրելիներին։ Երբեմն դա պատահաբար է ստացվում, կամ նույնիսկ երբ ցանկանում են որևէ լավ բան ասել, պատասխանի փոխարեն տեսնում են աղջկա նեղացած դեմքը: Եվ այսպես, ինչի՞ց են նեղանում կանայք, որո՞նք են պատճառները։
Հանկարծ չսխալվեք
Բավական է միայն չլսել նրա բողոքներն ու դժգոհությունները իրեն «նախանձողների» մասին, և դա կդառնա նրան նեղացնելու ամենապարզ պատճառը։ Էլ չենք ասում, որ հանկարծ փորձեք արդարացնել նրանց. «Դե լավ, ինչ անենք, ոչինչ»։ Այ, այդ ժամանակ դուք ներողամտության մի սպասեք. դուք չխղճացիք նրան, նրա խնդիրները լուրջ չհամարեցիք, և ահա, խնդրեմ, դեմքի դժգոհ արտահայտությունը։ Դե, փորձեք ժամանակին ներողություն չխնդրել։
Միայն նա
Ոչ մի աղջիկ չի հանդուրժի, որ դուք հետաքրքրությամբ նայեք մեկ ուրիշին։ Իհարկե, կան և այնպիսիները, որոնք փորձում են համոզել, թե այդ փաստն իրենց չի անհանգստացնում։ Չհավատաք այդ փոքրիկ ստին։ Նրանք բոլորն էլ նեղանում են, այն էլ ինչպե՜ս։
Մոռացել եք ձեր ծանոթության օրվա մասի՞ն։ Արդեն երկրորդ օրն է՝ նրան հաճոյախոսություն չե՞ք արել։ Նրա հետ հանդիպումը հետաձգել եք ֆուտբոլի պատճառո՞վ։ Վաղուց նրա համար «գժություն» չե՞ք արել։ Սրանք կարող են դառնալ նեղանալու «ծանրակշիռ» պատճառներ։
Անտարբերությունը չի ներվի
Ոչինչ այնպես չի նեղացնում աղջկան, ինչպես նրա արտաքինի հանդեպ անուշադրությունը։ Եվ իզուր չփորձեք արդարանալ՝ «նոր սանրվածքդ շատ նման էր նախորդին», «ինձ թվաց` այս զգեստդ արդեն տեսել էի□»:
Դուք խոստացել եք երեկոյան զանգահարել և բարի գիշեր մաղթել, բայց մոռացե՞լ եք։ Ու նույնիսկ հաղորդագրությո՞ւն չեք ուղարկել։ Ահա սրտնեղելու իրական առիթ։ Եվ ձեր պատճառով նրա անցկացրած անհանգիստ գիշերվանից հետո Ձեզ անպայման կսպասի անհանգիստ մի օր։
Իհարկե, անհնար է թվարկել այն բոլոր պատճառները, որոնցից նեղանում են աղջիկները։ Բայց կարևորը երևի հասկացաք. աղջիկները չեն ներում դավաճանությունը (անգամ` վիրտուալ) և անտարբերությունը։ Եղեք ուշադիր ձեր սիրելիների նկատմամբ և այդ ժամանակ հնարավորություն կունենաք խուսափելու կանացի վրեժխնդրությունից։
ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ենթասպա