Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ…



Շարքային Տիգրան Դադունցը ծնվել է 1993 թ., Երևան քաղաքում:

Զինվորական պարտադիր ժամկետային ծառայության է զորակոչվել 9 ամիս առաջ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսից: Գերազանցիկ ուսանողը այսօր դարձել է օրինակելի զինվոր:

– Հպարտ եմ և շատ ուրախ, որ ծառայում եմ հայոց բանակում: Յուրաքանչյուր հայ երիտասարդ` անկախ ընտրած մասնագիտությունից և տաղանդից, պետք է իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ: Բանակը լուրջ դարբնոց է, այնտեղ մեկ անգամ կոփվելով` ամրացնում ես կամքդ, հզորանում և կայանում իբրև լիարժեք քաղաքացի և մարդ, հայրենասեր, որ միշտ պատրաստ է հայրենիքի համար մարտնչելու:

Բանակում ամեն րոպե կարելի է սովորել, կատարելագործել զինվորական մասնագիտությունդ, գիտելիքներդ: Ես, օրինակ, իրավագիտությունից զատ, այլ մասնագիտության չէի տիրապետում: Այսօր ինձ համար կապավորի աշխատանքը դարձել է երկրորդ մասնագիտություն, որը ես ուսանում եմ մեծ սիրով, հետաքրքրությամբ և այն հպարտ գիտակցությամբ, որ արածս գործը կարևոր է հայրենիքի համար;

Այն հարցին, թե զորամասում արդյոք անցանկալի միջադեպեր, վեճեր չե՞ն լինում, և ինչպե՞ս կարելի է խուսափել դրանցից, Տիգրանը պատասխանում է.

– Մինչ օրս, փառք Աստծո, որևէ միջադեպ կամ վեճ չի ծագել, իսկ ընդհանրապես դրանցից խուսափելու համար, կարծում եմ, պետք է լինել համբերատար, ամեն չնչին առիթով չբռնկվել, խուսափել փողոցային կեցվածքից և ենթարկվել զինվորական կարգուկանոնին: Փոխադարձ հարգանքը և ընկերասիրությունը պարտադիր պայման են` բանակում նորմալ ծառայության համար:

Զորամասի հրամանատարությունը շնորհակալական նամակներ է հղել Տիգրան Դադունցի ծնողներին, ԵՊՀ ղեկավարությանը, որոնցում մասնավորապես գրված է. «Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ` Տիգրան Դադունցին հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու, բազմակողմանիորեն զարգացնելու համար: Դուք կարող եք հպարտանալ, որ դաստիարակել եք նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված մի մարդու, ով ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայելու իր ժողովրդին, պաշտպանելու հայրենիքը…»:

Շարքային Տիգրան Դադունցը նաև ստեղծագործում է: Ներկայացնում ենք ծառայության ընթացքում գրած նրա բանաստեղծություններից մեկը:

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ

Մանուկ օրերն անդարձ անցան,

Քաջ հայորդիք զինվոր դարձան,

Եվ մեծ հույսով, ուժ-եռանդով

Բանակ եկան մեր հայկական:

Ուժեղ դարձան, դարձան հզոր,

Չընկճվեցին և ոչ մի օր,

Ու մեծ հայի արիությամբ,

Կյանքի գնով ու ցնծությամբ`

Մեր կռիվը թշնամու դեմ

Պսակեցին մեծ հաղթությամբ:

Եվ տուն դարձան հաղթանակած,

Զենքերն իրենց ուսին գցած…

Ու պատմեցին Արցախ երկրից,

Պատերազմից, չար ոսոխից…

Իսկ որդիքը նրանց փոքրիկ

Գոչում էին` ասես մարտիկ.

-Զինվո՛ր եմ ես ուզում դառնալ…

Եվ հայ հայրերն առնական

Խոսքն են ասում հայրական.

-Որդի՛ս, կգա օրն այդ սպասված,

Կտեսնենք քեզ զինվոր դարձած:

…Զինվոր դարձանք, ի՛մ Հայաստան,

Հայոց երկրի, հայրենիքի,

Հայ բանակի` հաղթանակած:

Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Ազգային բանակ


11/04/2012