Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ



Զորամասում ուսումնական գործընթացը բարձր մակարդակով անցկացնելու մասին են վկայում փոխգնդապետ Ռ. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող գումարտակի ցուցանիշները, 2011թ. արդյունքներով՝ գումարտակը լավագույնն է ճանաչվել զորամիավորման կազմում, իսկ այս տարի երրորդ ամիսն անընդմեջ ստանում է զորամասի լավագույն գումարտակի համար նախատեսված փոխանցիկ դրոշը: Գումարտակի անձնակազմի հետ ծանոթանալով, համոզվում ես` ձեռքբերումները պատահական չեն, քանի որ հիմնված են երկարատև ու տքնաջան աշխատանքի վրա:

Գումարտակի հրամանատարի համոզմամբ, ամեն ինչի գաղտնիքը ստորաբաժանման ներսում տիրող ջերմ, կառուցողական մթնոլորտն է, ինչպես ինքն է ասում` ես սիրում եմ իմ զինվորներին, նրանք էլ` ինձ: Փոխգնդապետը խստապահանջ է նաև մյուս սպաների նկատմամբ. ամեն ոք պետք է զարգացնի իր գիտելիքները, յուրաքանչյուր զինվորի հետ աշխատանքում էլ ցուցաբերի անհատական մոտեցում:

♦♦♦

…Գումարտակի մոտոհրաձգային ստորաբաժանումների մի մասը` հրամանատարներ և նշանառու-օպերատորներ, զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում մասնակցում էր հավաքների: Բազմաբնույթ տեսական պարապմունքներից զատ, նրանք հմտանում են գործնական մեքենավարման և կրակային պատրաստության մեջ: Մյուս զինծառայողներն էլ զբաղված էին ներզորամասային առօրյա պարապմունքներով և խնդիրների կատարմամբ: Ընդմիջումների ժամանակ փոխգնդապետ Պետրոսյանը մեզ ներկայացրեց գումարտակի լավագույն զինծառայողներից մի քանիսին:

Կրտսեր սերժանտ Հարություն Թովմասյանը կապավոր է: Հարությունը զորակոչվել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հեռակա ուսուցման դասընթացներից: Ազատ ժամերին հրամանատարությունը նրան հնարավորություն է տվել զբաղվելու ինքնակրթությամբ, նախապատրաստվելու հերթական քննություններին: Այս փուլում նա արդեն հաջողությամբ հանձնել է երկու քննություն:

Շարքային Վարդան Սաֆարյանը զինվորականի ընտանիքից է, հայրը զորամասերից մեկում գումարտակի հրամանատար է: Բնական է, որ Վարդանը աչքի է ընկնում և՛ բարձր կարգապահությամբ, և՛ մասնագիտական պատրաստվածությամբ: Կապի ճյուղի ինժեներ-տնտեսագետ Վարդանը հրաձգային դասակի գնդացրորդ է: Երբ հարցրի՝ արդյոք լա՞վ է տիրապետում զենքին, ժպտաց՝ ասելով. «Գերազանցից բացի, այլ գնահատական ինձնից սպասել պետք չէ»:

Սերժանտ Կարեն Փափազյանը հրետանավոր է, հաշվարկի ավագ օպերատոր: Զինատեսակին վաղուց է ընտելացել: Նրա ստորաբաժանումն ամեն տարի մասնակցում է ճամբարային հավաքների: Նախորդ տարվա վերջին նմանատիպ հավաքներից մեկի ժամանակ նա հրաձգության ընթացքում իր զենքով խոցել է բոլոր թիրախները, բոլոր առաջադրանքները կատարել սահմանված նորմատիվների համաձայն` ճիշտ ժամանակին, ինչի համար արժանացել է լավագույն հաշվարկի հրամանատարի կոչմանը և զորամիավորման հրետանու պետի կողմից խրախուսվել է արտահերթ արձակուրդով:

Ամենակարևոր գործը թերեւս շարքային Սարգիս Երիցյանինն է: Նա մարտական հենակետում, իր հիմնական պարտականություններից բացի, նաև խոհարարությամբ է զբաղված: Ինչպես ասում է Սարգիսը, իրեն պարզապես դուր է գալիս ընկերների համար օգտակար գործ անել: Հատկապես հաճելի է, երբ հերթափոխից եկած զինվորը համտեսում է իր եփած ճաշը և գոհանում:

Տղաները բնավորությամբ տարբեր են, բայց նրանց միավորող շատ ընդհանրություններ կան: Բոլորն էլ գիտակցում են իրենց կատարած գործի կարևորությունը և այն մեծ պատասխանատվությունը, որ ընկած է իրենց ուսերին: Նրանցից երեքը մշտապես մասնակցում են մարտական հերթապահության: Խոստովանում են` եթե գումարտակում պարապմունքները պատշաճ մակարդակով չանցնեին, շատ դժվար կլիներ իրականացնել հերթապահությունը: Ծառայության ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել վերլուծելու սպաների փոխանցած գիտելիքների, ծառայական դժվարությունները դիմագրավելու նշանակությունը: Կարողացել են նաեւ իրենց հաջորդներին փոխանցել սեփական մաշկի վրա զգացածը` անվտանգության համապատասխան միջոցառումների պահպանումը դիրքերում առաջնահերթ խնդիր է…

♦♦♦

Ծառայությունից տղաները շատ բան են տուն տանելու: Օրինակ` Կարենը երբեք չի մոռանա այն հուզմունքն ու ուրախությունը, որ ապրեց կոչումը ստանալիս: Չէ՞ որ իր ծառայությունը գնահատվել է, իրեն վստահել են ավելի պատասխանատու և դժվարին գործ` անձնակազմ ղեկավարել: Մեկ ուրիշի համար խիստ թանկ է այն զգացումը, որ ապրել է առաջին անգամ դիտակետում միայնակ հերթապահելիս: Սարգիսն ու Հարությունը հիշում են, թե ինչպես դիրքում կանգնած կարողացան հաղթահարել սկզբնական վախն ու անվստահությունը, ինչն աստիճանաբար վերածվեց վճռականության եւ անկոտրում համոզման` իրենցից է կախված սահմանագոտու տվյալ հատվածի անվտանգությունը, և այն պետք է պահպանել ցանկացած գնով:

Տղաների հետ երկար զրուցեցինք, նրանց հասցեին գովեստի բազում խոսքեր ասաց հրամանատարը: Համոզված ենք, որ ծառայության ընթացքում իրենց գերազանց դրսևորած այս երիտասարդները, ինչպես և բանակի բովով անցած հազարավոր այլ երիտասարդներ, նույն վստահությամբ և ոգով կառաջնորդվեն նաև քաղաքացիական կյանքում` բազում պիտանի գործեր կատարելով մեր պետության և ժողովրդի համար:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Ազգային բանակ


11/04/2012