Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՏԵՍԻԼՔ ԱՆԱՊԱՏՈՒՄ»



«Ասոցիատիվ թեստը» բառային ասոցիացիաների համախումբ է, որը որպես մեթոդ առաջարկել և գործածել է հոգեվերլուծության կարկառուն ներկայացուցիչներից մեկը` Զ. Ֆրոյդի աշակերտ Կարլ Յունգը: Ասոցիատիվ թեստի միջոցով Յունգը բացահայտում էր անգիտակցական բարդույթները: Հետագայում ասոցիատիվ թեստի ձևերն ու օգտագործման շրջանակներն ընդլայնվեցին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ առավել ևս՝ ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:

2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:

3. Թեստն արտացոլում է Ձեր ինքնըմբռնման «այսօրվա» պատկերը և հետագայում կարող է այլ արդյունք տալ:

ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ ԱՅՍՊԻՍԻ ՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ

1. Դուք կանգնած եք, և Ձեր առջև բացվում է անտառը: Ինչպե՞ս եք այն պատկերացնում` բարձր, թե ցածր, մեծ, թե փոքր:

2. Այժմ մտեք անտառ: Բնութագրեք այն, ի՞նչ ծառեր կան, Դուք ի՞նչ ներքին զգացողություններ ունեք:

3. Դուք քայլում եք անտառում և հանկարծակի հայտնվում եք անապատում: Ծայրահեղ շոգ է, սով, ու ծարավ եք զգում. չէ՞ որ առաջին օրը չէ՝ գտնվում եք այդտեղ: Հոգնածությունն զգացնել է տալիս, Դուք հազիվ եք քայլում և հանկարծ ավազի մեջ թաղված բանալի եք տեսնում: Ուշադիր զննեք այն, բնութագրեք, ի՞նչ նյութից է պատրաստված: Ի՞նչ կանեք, կթողնե՞ք, թե կվերցնեք:

4. Հիմա շարունակում եք Ձեր ուղին, շուրջը շիկացած ավազն է, հյուծող շոգը, իսկ Դուք արդեն երկար ժամանակ չեք հանգստացել: Եվ հանկարծ ավազի այդ «թագավորության» մեջ Ձեր առջև բացվում է ջրային ավազան: Չեք հավատում Ձեր աչքերին… Գուցե տեսի՞լք է: Ի՞նչ չափի է այն, օվկիանո՞ս է, լի՞ճ, թե՞ աղբյուր, կամ այլ բան: Ի՞նչ եք զգում: Ի՞նչ եք անում: Նախընտրում եք մնա՞լ ջրային ավազանի կողքին, թե՞ շարունակել ճանապարհը:

5. Այնուամենայնիվ, շարունակում եք, հիմա Դուք կրկին անապատում եք` դանդաղ քայլելով դեպի Ձեր նպատակը: Հանկարծ Ձեր առջև ընկած սափոր եք տեսնում: Նկարագրեք այն, թե ի՞նչ տեսք ունի, ի՞նչ նյութից է: Ձեզ հետաքրքի՞ր է արդյոք՝ ի՞նչ կա սափորի մեջ: Եթե այո՝ նայում եք եւ ի՞նչ եք տեսնում:

6. Շարունակում եք Ձեր ճանապարհը անապատում: Շոգը Ձեզ տանջում է, բայց Դուք չեք կանգնում: Հանկարծ Ձեր առջև հայտնվում է պատ: Նկարագրեք՝ ի՞նչ զգացողություններ ունեցաք դրան հանդիպելիս: Իսկ ինչպիսի՞ն է այն` բարձր, ցածր, քանդված, կիսաքանդ և այլն: Ձեզնից պահանջվում է անցնել այն: Ինչպե՞ս կանցնեք մյուս կողմ:

7. Այժմ Դուք պատի հակառակ կողմում եք, այստեղ Ձեր դրախտն է երկրի վրա: Դուք այնտեղ ունեք բոլոր հնարավորությունները և, կարելի է ասել, ուղղակի վայելում եք կյանքը:

8. Սակայն մի գեղեցիկ օր հորիզոնում Ձեր աչքին է ընկնում անցնող քարավանը: Ինչպիսի՞ն են Ձեր գործողությունները այս դեպքում. Դուք կգնա՞ք քարավանին ընդառաջ, թե՞ կմնաք Ձեր «դրախտում», գուցե ուղղակի խոսեք և տեղեկանաք, թե ի՞նչ է կատարվում հեռավոր երկրներում և վերադառնաք Ձեր «դրա՞խտը»:

ԱՅԺՄ ՏԵՍՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՁԵՐ ՄԱՍԻՆ

1-ին և 2-րդ հարցերը` անտառը և ծառերը, կապված են ինտելեկտի հետ: Անտառի բարձրությունը և չափը համապատասխանում է Ձեր ինտելեկտի ուժին և ճանաչողությանը: Եթե անտառը հիմնականում բաղկացած է սոճիներից, ապա մարդու մտածողությունը տրամաբանական է, իսկ եթե նուրբ տերևներով ծառերից` զգայական: Եղևնիների գերակշռումը նշանակում է, որ մարդու մեջ տրամաբանականն ու զգայականը խառը վիճակում են, այսինքն՝ մտածողության տիպը հստակ չէ:

3-րդ հարցը ցույց է տալիս, թե Դուք ինչպես եք վերաբերվում ընկերությանը: Եթե բանալին նման է Բուրատինոյի բանալուն` մեծ, գեղեցիկ և ոսկեզօծ, ապա համապատասխանաբար իրականանում է Ձեր ընկերների ընտրությունը: Նրանք պետք է լավը լինեն, միշտ պատրաստ Ձեզ օգնություն ցուցաբերելու` այդ թվում նյութական: Ձեզ համար ընկերությունը որոշակի արարողակարգ է: Հաճախ էլ Ձեր ընկերները Ձեզ պետք են սեփական նշանակալիության զգացումը պահպանելու համար: Եթե բանալին հասարակ է, փոքրիկ և մետաղյա, ապա Ձեր ընկերների առջև Դուք մեծ պահանջներ եք դնում, ինչպես նաև Ձեր համոզմամբ ընկերը պետք է հասարակ լինի և ընկերությունը չլցնի ավելորդ ծեսերով: Եթե դա կախովի կողպեքի բանալի է, ապա Դուք Ձեր ընկերության մեջ կայունության եք ձգտում: Իսկ եթե դա ինչ-որ հին արկղի բանալի է, ապա ընկերների ընտրությանը Դուք վերաբերվում եք ինչպես հնաոճ իրերի գնմանը` նրանք պետք է հետաքրքիր լինեն Ձեզ և հաճախ էլ անհրաժեշտ՝ ինքնահաստատման համար: Եթե դուք բանալուն հատուկ ուշադրություն չդարձրիք, ապա շփման մեջ փակ մարդ եք, կասկածող եք և խուսափում եք որևէ մեկին Ձեզ մոտ թողնելուց: Եթե զննեցիք բանալին և թողեցիք այն` շարունակելով Ձեր ուղին, ապա Դուք հետաքրքրություն եք ցուցաբերում շրջապատող մարդկանց հանդեպ, սակայն հակված չեք ընկերական հարաբերությունները դարձնել չափազանց մտերմիկ, փորձում եք «չներխուժել ընկերոջ հոգին» և պահպանել սեփական հոգեբանական կոմֆորտը: Եթե Դուք վերցնում եք բանալին, ապա ինքներդ լրջությամբ եք վերաբերվում ընկերությանը և, ինչ էլ որ լինի, պատրաստ եք ընկերական պարտքը կատարել: Եթե դրեցիք բանալին գրպանը, ուրեմն հատկապես հին ընկերներին չեք ուզում կորցնել:

Ջրավազանն արտահայտում է Ձեր վերաբերմունքն ինտիմ կյանքին: Եթե Ձեզ թվաց, որ ջուրը տեսլիք է և իրականում չկա, ապա Դուք իրական կյանքում այդ հարաբերությունները ևս համարում եք երևակայական և մտացածին, որի պատճառով երբեմն հիասթափվում եք: Որքան ջուրը մաքուր է, այնքան մաքուր և հստակ եք պատկերացնում իրական ինտիմ կյանքը: Վերջինիս Ձեր տված նշանակությունը այնքան մեծ է, որքան մեծ է ավազանը, և որքան շատ եք ջուր խմում կամ թրջվում: Իսկ եթե Դուք գերադասում եք մնալ ավազանի մոտ և հանգստանալ` չշարունակելով ուղին, ուրեմն ներկայումս այդ հարաբերություններում ձգտում եք կայունության:

Սափորն արտահայտում է Ձեր ինքնագնահատականը: Եթե այն կավից է, ապա Դուք ունեք չափի զգացողություն, եթե երկաթյա է, պղնձյա կամ խեցուց` ուրեմն ինչ-ինչ պատճառներով Դուք հաճախ եք կորցնում չափի զգացողությունը: Եթե դուք նայում եք սափորի մեջ, ուրեմն ձգտում եք ինքնաճանաչման, իսկ եթե ոչ, ուրեմն հիմա Դուք հակված չեք ինքներդ Ձեր մասին ճիշտն իմանալուն: Եթե սափորը դատարկ է կամ ավազով է լցված, ինքնագնահատականն այնքան էլ բարձր չէ, եթե թանկարժեք քարերով կամ ոսկով` ինքնագնահատականը բարձր է և ավելիի մշտական ձգտում կա, իսկ եթե լեցուն է ջրով` ապա Ձեր ինքնագնահատականը հավասարակշիռ է, հակված եք ինքնազարգացման:

Պատը խորհրդանշում է Ձեր անձնական խնդիրներն ու դրանց լուծումը: Եթե այն շատ բարձր է, ուրեմն Դուք գերագնահատում եք Ձեր դժվարությունները` կարծելով, որ դրանք անհաղթահարելի են: Եթե քանդված է, թերահավատությամբ եք վերաբերվում դժվարություններին: Թե ինչպես կհաղթահարեք պատը, ցույց է տալիս, թե ինչպես եք հաղթահարում Ձեր կյանքի խոչընդոտները:

Իսկ վերջին հարցի պատասխանը ցույց է տալիս, թե հակվա՞ծ եք արդյոք գայթակղվելու և առաջ շարժվելու, երբ ամեն ինչ արդեն ունեք: Եթե Դուք լքում եք Ձեր դրախտը և շարունակում եք ուղին, ուրեմն ձգտում եք աճի և զարգացման, եթե մնում եք այնտեղ, ուրեմն գերադասում եք հոգեբանական պաշտպանվածությունը, ապահովությունը և կայունությունը: Իսկ եթե գնում եք քարավանի հետ, ուրեմն բնույթով փնտրող եք և աստանդական:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Ռազմական


18/04/2012