Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

20-ՐԴ ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ



Պելեին ձոնված են բազմաթիվ բանաստեղծություններ ու երգեր, իսկ միլիոնավոր բրազիլացի երեխաներ տառաճանաչ են դարձել, որպեսզի կարողանան կարդալ «Ես Պելեն եմ» ինքնակենսագրական գիրքը։

Նրա իսկական անունը Էդսոն Արանտիս դո Նասիմենտո է, որը քչերը գիտեն, սակայն ողջ աշխարհում դժվար թե գտնվի մեկը, որ չիմանա Պելե անունը. բավական է միայն հարցնել, թե ով է ֆուտբոլի արքան…

Պելեն յոթ տարեկանում կայարանում կոշիկ էր մաքրում, որպեսզի կարողանար օգնել ընտանիքին։ Ամեն օր նա վերջին գնացքից անմիջապես հետո վազում էր փողոց և իր նման ոտաբոբիկ տղաների հետ մինչև մութն ընկնելը ֆուտբոլ խաղում գուլպայից պատրաստված գնդակով։ Անդրանիկ առաջնությունը, որում նա հաղթեց, բակային թիմերի քաղաքային առաջնությունն էր, որից հետո տասնամյա ֆուտբոլիստը հայտնվեց «Բաուրու» ակումբի մանկական թիմում։ Պելեի ճանապարհը բացվեց, երբ «Բաուրուի» մանկական թիմի ղեկավարը դարձավ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դո Բրիտոն։ 1956 թվականին, երբ դեռ չէր լրացել նրա տասնհինգ տարին, Բրիտոյի շնորհիվ տեղափոխվեց Սան Պաուլոյի «Սանթոս» ակումբ։ Այստեղ Պելեն աստիճանաբար վերածվում էր աստղի` խաղադաշտում ցուցադրելով իր անզուգական վարպետությունը։ Նա տիրապետում էր գեղեցիկ և արագ դրիբլինգի, ակնթարթային արագությամբ շրջանցում էր մի քանի պաշտպանի, կարողանում էր անսպասելի, ուժեղ և ճշգրիտ հարվածներ կատարել դարպասին։

Պելեն 16 տարեկան էր, երբ նշեց իր նորամուտը Բրազիլիայի հավաքականի կազմում: Մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր։ 0:1 հաշվի ժամանակ նա փոխարինման մտնելով` հավասարեցրեց հաշիվը։ Ճիշտ է, արդյունքում բրազիլացիները պարտվեցին 1:2 հաշվով, սակայն Պելեի համար նորամուտը անկասկած ստացվեց։ Այդ ժամանակ արդեն Վիսենտե Ֆեոլոյի գլխավորած թիմն արդեն պատրաստվում էր 1958թ. Շվեդիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Թիմում կային հիանալի ֆուտբոլիստներ` Գարինչա, Դիդի, Վավա, Զագալո, Զիտո, Օրլանդո և այլք, բայց շվեդական առաջնությունից հետո բոլորը առանձնացրին հենց Պելեին։ Առաջնությունում նա առաջին գոլը խփեց քառորդ եզրափակիչի Ուելսի հավաքականի հետ խաղում։ Պելեի գոլը միակն էր այդ խաղում, որի շնորհիվ բրազիլացիները անցան կիսաեզրափակիչ, որտեղ 5:2 հաշվով առավելության հասան ֆրանսիացիների նկատմամբ։ Այդ խաղի երկրորդ խաղակեսը Պելեի անհատական ելույթն էր։ Նա մեկը մյուսի հետևից երեք գոլ խփելով` դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը հանդիպեց տանտերերի` Շվեդիայի հավաքականի հետ։ Երբ շվեդները չորրորդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, բոլորը սպասում էին հրաշքի, սակայն այդ տարի Բրազիլիայի հավաքականի դեմ ոչինչ անել հնարավոր չէր։ Վեց րոպե հետո Գարինչայի հիանալի փոխանցումից հետո Վավան հավասարեցրեց հաշիվը։ Այնուհետև Պելեի հարվածից հետո գնդակը, դիպչելով դարպասաձողին, հայտնվեց Զագալոյի մոտ, որը մի քանի հնարքներով շրջանցելով պաշտպաններին, դարձավ բրազիլացիների երկրորդ գոլի հեղինակը։ Իսկ երրորդ գոլը հեղինակեց Պելեն։ Այդ գլուխգործոցը մինչև հիմա հիշում են ֆուտբոլասերներն ու մարզիչները։ Ապագա «Ֆուտբոլի արքան», շրջապատված լինելով մի քանի պաշտպաններով և թիկունքով դեպի դարպասը կանգնած լինելով, կրծքով կասեցրեց գնդակը և իր վրայով նետելով այն` պտտվեց և ընթացքից գեղեցիկ հարվածով գրավեց Սվենսոնի դարպասը։ Երկրորդ խաղակեսում Զագալոն և Պելեն շվեդների դարպասը գրավեցին ևս մեկական անգամ, իսկ խաղավերջում բրազիլացիները բաց թողեցին ոչինչ չորոշող մեկ գոլ։ Խաղն ավարտվեց 5:2 հաշվով։ Սկսվեց Պելեի հեղինակության գլխապտույտ աճը, որը զուգակցվեց մի շարք ֆուտբոլային ռեկորդներով, որոնք մինչ օրս գերազանցված չեն։ Առաջին ռեկորդը նա հեղինակեց արդեն մեկ տարի անց` 1959 թվականին, «Սանթոսի» կազմում անցկացրած հարյուր խաղերում խփելով 126 գոլ։

Հերթական հրաշքը նա ցուցադրեց 1961թ. «Մարականա» մարզադաշտում «Ֆլումինենսեյի» հետ կայացած խաղում։ Դարպասապահից ստանալով գնդակը` նա իր կիսադաշտից շարժվեց դեպի հակառակորդի դարպասը` ճանապարհին շրջանցելով «Ֆլումինենսեյի» բոլոր ֆուտբոլիստներին։ Այդ անհավանական գոլի պատվին մարզադաշտում հուշատախտակ է տեղադրվել։ «Սանթոսի» շրջագայության ժամանակ նա գրավեց «Յուվենթուսի» դարպասը` շրջանցելով չորս պաշտպանների ու դարպասապահին։ Անհավանականն այն է, որ այդ ընթացքում գնդակը ոչ մի անգամ չի դիպել խոտածածկույթին։

1964թ. «Բուտաֆուգոյի» հետ խաղում Պելեն մրցակցի դարպասը գրավել է ութ անգամ, չորս անգամ հինգական գոլ է խփել մեկ խաղի ընթացքում։ 30 անգամ` չորս գոլ և 90 անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Պելեն օժտված էր ֆուտբոլիստին անհրաժեշտ բոլոր հատկանիշներով։ Իդեալական էին առաջին հերթին նրա ֆիզիկական տվյալները` ունենալով 170 սմ-ից քիչ բարձր հասակ, նա ցատկում էր 2 մետր բարձրություն և 100 մետրը վազում էր 11 վայրկյանում։ Բացի ֆիզիկական տվյալներից, մեծ ֆուտբոլիստն ուներ անզուգական ֆուտբոլային հոտառություն և ինտելեկտ։ Համակարգչի ճշգրտությամբ նա գրանցում էր գնդակի և հակառակորդի բոլոր տեղաշարժերը` հայտնվելով ճիշտ պահին ճիշտ տեղում։

1969թ. նոյեմբերին, «Մարականա» մարզադաշտում, հարազատ «Սանթոսի» կազմում նա խփեց իր 1000-րդ գոլը։ Այն ժամանակ նա արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն էր։

Բայց Պելեի համար 1962թ. աշխարհի առաջնությունն անհաջող էր։ Առաջին իսկ խաղում նա վնասվածք ստացավ և այլևս չմասնակցեց մյուս խաղերին։ Դա Մեքսիկայի հավաքականի հետ խաղն էր, որում բրազիլացիները հաղթեցին 2։0 հաշվով։ Հավաքականի առաջնորդի դերն իր վրա վերցրեց Գարինչան, և եզրափակիչում Բրազիլիան հաղթեց Չեխոսլովակիայի հավաքականին` 3։1 հաշվով։

Երեք անգամ անընդմեջ աշխարհի չեմպիոն դառնալ բրազիլացիներին չհաջողվեց։ 1966թ. Անգլիայում նրանք դուրս մնացին արդեն խմբային փուլից հետո։ Պորտուգալիայի հետ խաղը բրազիլացիները տանուլ տվեցին 1։3 հաշվով, իսկ Պելեն կրկին ծանր վնասվածք ստացավ։ Միլիոնավոր ֆուտբոլասերներ ականատես եղան, թե ինչպես Պելեն դաշտից հեռանալիս արտասվեց։

Սակայն 1970թ. Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունը հաղթական եղավ և՛ Բրազիլիայի հավաքականի, և՛ Պելեի համար։ Բրազիլիան 3-րդ անգամ հաղթեց, իսկ Պելեն դարձավ աշխարհում միակ եռակի չեմպիոնը։ Բարեբախտաբար Մեքսիկայում Պելեն վնասվածք չստացավ, և այդ առաջնությունը լավագույնը դարձավ մեծ ֆուտբոլիստի կարիերայում։ Առաջին խաղում բրազիլացիները հաղթեցին չեխերին 4։1 հաշվով։ Հաջորդ խաղում հաղթեցին անգլիացիներին` 1։0։ Երրորդ խաղը ռումինացիների հետ էր։ Այն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով` 3։2։ Երկու գոլերի հեղինակը Պելեն էր։ Առաջինը նա խփեց տուգանայինից, երկրորդը` գեղեցկությամբ ցնցեց բոլորին. Տոստաոն փոխանցում կատարեց Պելեին, և վերջինս վայր ընկնելով` մկրատաձև հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Դուրս գալով խմբային փուլից, Բրազիլիայի հավաքականն առանց բարդության հասավ եզրափակիչ` հաղթելով Պերուի (4։2) և Ուրուգվայի (3։1) հավաքականներին։ Իտալիայի հավաքականի հետ եզրափակիչ խաղը բրազիլական ֆուտբոլի պատմության փառավոր էջերից մեկը դարձավ։ Այդ խաղի առաջին գոլը հեղինակեց Պելեն. փոխանցում ստանալով Ռիվելինոյից` նա գլխի գեղեցիկ հարվածով խոցեց մրցակցի դարպասը։ Հաղթելով 4։1 հաշվով` Բրազիլիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն։

1971թ. Պելեն, որը դեռ 31 տարեկան էլ չկար, վճռեց թողնել Բրազիլիայի հավաքականը։ Ողջ երկիրը ցնցված էր։ Նա բացատրեց, թե ուզում է հեռանալ` գտնվելով փառքի գագաթնակետին։ Երկու տարի անց Պելեն լքեց նաև իր հարազատ «Սանթոսը»։

1975թ. աշխարհով մեկ տարածվեց սենսացիոն նորությունը։ Պելեն վերադառնում է ֆուտբոլ, սակայն ոչ թե Բրազիլիա, այլ ամերիկյան «Կոսմոս» թիմ։ ԱՄՆ-ում այդ ժամանակ բարձրանում էր «սոքերի» հեղինակությունը (ամերիկացիներն այդպես են անվանում եվրոպական ֆուտբոլը), և ամերիկացիները մեծ գումար էին ծախսում Եվրոպայից և Հարավային Ամերիկայից աստղեր հրավիրելու համար։ Երկար ժամանակ «արքան» հրաժարվում էր, չնայած առաջարկվող խոշոր գումարին։ Բայց, ի վերջո, համաձայնեց, որպեսզի «ամերիկացիներին ցույց տա այդ խաղը, իսկ վերջինները թող որոշեն, պետք է այն իրենց, թե` ոչ»։ Երեք տարի շարունակ «Կոսմոսը» դարձավ հյուսիսամերիկյան լիգայի չեմպիոն։ ԱՄՆ-ում Պելեի անունը մեծ հեղինակություն հաղորդեց ֆուտբոլին։

1977թ. Պելեն վճռեց վերջնականապես հրաժեշտ տալ ֆուտբոլին։ Վերջին` հրաժեշտի խաղին, նա Նյու Յորք հրավիրեց հարազատ «Սանթոս» թիմին։ Հոկտեմբերի 1-ին, չնայած հորդառատ անձրևին, նյույորքյան մարզադաշտում էր հավաքվել ավելի քան 75000 ֆուտբոլասեր։ Պելեն առաջին խաղակեսն անցկացրեց «Կոսմոսի», իսկ երկրորդը` «Սանթոսի» կազմում։ Առաջին խաղակեսում բրազիլացիներին հաջողվեց բացել հաշիվը, բայց Պելեն հիանալի իրացրեց տուգանայինը և խփեց իր վերջին` 1281-րդ գոլը` 1363 խաղում։ Խաղից հետո լրագրողներին ասաց. «Այս հրաժեշտն իմ կյանքի ամենից վեհ ու տխուր օրն է։ Ավաղ, հնարավոր չէ անվերջ ֆուտբոլ խաղալ, և գալիս է ժամանակը, երբ պետք է կանգ առնել։ Եվ քանի որ չեմ կարող կյանքս սկզբից սկսել, գերադասում եմ ասել` ցտեսություն»։

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան Պելեին հռչակել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԺՊԻՏ

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Մրցավարը կանգնեցնում է հանդիպումն ու տուգանային նշանակում։ Պաշտպանը գոռում է.

– Լսի՛ր, քո՞ռ ես…

Մրցավարը արդեն մի անգամ նրան դեղին քարտ է ցույց տված լինում, խղճում է ու մեղմ հարցնում.

– Ինչ-որ բան ասացի՞ր, թե՞ ինձ թվաց։

Պաշտպան.

– Համ էլ քյառ է։

♦♦♦

Ֆուտբոլային խաղի ժամանակ կինը հարցնում է ամուսնուն.

– Էն մեկին ինչո՞ւ են բոլորը հայհոյում։

– Մրցավարի վրա շիշ է գցել։

– Բայց չի՛ կպել։

– Դրա համար էլ հայհոյում են։

ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐԻՑ.

♦ Քարամյանը փոխանցում է ստանում հակառակորդից։ Գեղեցիկ փոխանցում էր. մերոնցից նման փոխանցում չես ստանա։

♦ Բեքհեմն այսօր ամենուր է. քիչ առաջ հակառակորդի դարպասի մոտ էր, իսկ հիմա ընկած է սեփական դարպասի դիմաց։

♦ Շովկովսկին փոխանցում է ստանում ընկերոջից` Վաշչուկից։ Ի դեպ` նրանք ամուսնացած են։

♦ Հարձակվողն ընկնում է, տեսնենք, թե ինչ կասի մրցավարը։ Իսկ մրցավարն ասում է, որ այսօր ցուրտ է և պետք է բարձրանալ սառը հողի վրայից։

ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում


18/04/2012