Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…«ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՒԺԵՂՆԵՐԻՆ»



«Միշտ ընտրեք ամենաբարդ ուղին, այդժամ կհանդիպեք մրցակիցների»:
Շառլ դը Գոլլ

Շառլ դը Գոլլը չի դասվում այն առաջնորդների շարքը, որոնք ապրել են ծայրահեղ դժվարին մանկություն և հետագայում բարձունքներ են նվաճել` քայլելով ճակատագրին հակառակ: Նա ծնվել է կաթոլիկների ընտանիքում, ապրել է բավականին ապահով կյանքով: Իրենց 5 երեխաներին ծնողները դաստիարակում էին հայրենասիրական ոգով` նրանց մանրամասն ծանոթացնելով Ֆրանսիայի պատմությանը և մշակույթին: Նրա հայրը` Անրի դը Գոլլը, ճիզվիտական քոլեջում դասավանդում էր պատմություն և փիլիսոփայություն: Բացի այն, որ Շառլն իր ուսումն սկսում է հենց այս քոլեջում` ստանալով կրոնական կրթություն, հայրը իր լուրջ ազդեցությունն է թողնում որդու կայացման ճանապարհին՝ սերմանելով հպարտություն իր երկրի պատմության, իր արմատների, ինչպես նաև իր նախնիների հերոսական անցյալի նկատմամբ: Ըստ ընտանեկան լեգենդներից մեկի` նրա նախնիները մասնակցել են Ժաննա դ’Արկի ռազմարշավին: Փոքրիկ Շառլը աչքերի փայլով ու մեծ եռանդով էր լսում անցյալի մասին հոր պատմությունները: Գուցե հենց այդ է պատճառը, որ մի առումով Ուինսթոն Չերչիլը հետագայում ասել է, որ Գոլլը տառապում է Ժաննա դ’Արկի ախտանիշով: Գոլլը ինքն է նաեւ խոստովանել, որ մանուկ ժամանակ երազում էր հանդիպել Ժաննա դ’Արկին, նրա հետ միասին կռվել պատերազմի դաշտում:

Դեռ մանկուց նրա բնավորության մեջ առանձնանում են համառությունն ու մարդկանց կառավարելու ունակությունը: Նման որակների շնորհիվ է, որ նա ինքը սովորել է, ապա՝ իր քույրերին և եղբայրներին ստիպել սովորել այն գաղտնագիր լեզուն, որում բառերը կարդացվում են հետուառաջ: Նա առանց դժվարության խոսում էր այդ լեզվով` երկար ու բարդ բառակապակցություններ օգտագործելով: Նա դեռ մանկուց կարդում էր, մարզում հիշողությունը և արդեն հասուն տարիքում ընդունակ էր անգիր և առանց որևէ բառ փոխելու վերարտադրել իր ելույթների տեքստերը, որոնք հասնում էին միչև 40-50 էջի:

Ավելի երիտասարդ տարիքում նա հետաքրքրություն էր ցուցաբերում հետևյալ չորս բնագավառների հանդեպ` գրականություն, պատմություն, փիլիսոփայություն և ռազմական արվեստ: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա իր լուրջ կնիքն է թողել ինտուիտիվիզմի և կյանքի փիլիսոփայության ներկայացուցիչ, 20-րդ դարի հզոր փիլիսոփաներից Անրի Բերգսոնը: Նրա ուսմունքի ազդեցությունն անժխտելի է Գոլլի ոչ միայն աշխարհընկալման, այլև ռազմարվեստի և առհասարակ գործունեության վրա, հատկապես ինտուիցիայի փիլիսոփայությունը` որպես մարդու բնազդի և գիտակցության փոխհամակցում:

Նա գիտեր իր գործի անունը, հստակ գիտակցում էր և կազմակերպում իր քայլերը: Առաջին լուրջ քայլը Սեն-Սիրի ռազմական ուսումնարան ընդունվելն էր և ռազմական գործին նվիրվելը` հակառակ բոլոր այն կարծիքների, թե ռազմական ծառայությունը սահմանափակում է մարդուն` զրկելով նրան ինքնուրույն մտածելու ընդունակությունից և ստիպելով միմիայն ենթարկվել հրամաններին: Նա համարձակություն ունեցավ դեմ գնալ նման կարծրատիպերին: Գոլլը տեսությունը վերածում է իրականության` մշտապես կարդալով, զարգանալով, ծառայության ամեն օրը նա իմաստալից էր անցկացնում` մանրամասն ու հետևողականորեն ուսումնասիրելով ֆրանսիական բանակի ներքին խոհանոցը, նրա թերություններն ու ուժեղ կողմերը: Եվ հատկապես նկատի ունենալով այդ տարիներին նրա դրսևորած ծայրահեղ նպատակաուղղվածությունը, Սեն-Սիրում դը Գոլլի համակուրսեցին մի օր ասաց. «Շառլ, ես նախազգում եմ, որ քեզ համար մեծ ճակատագիր է նախանշված»: Շառլը ինքնաբավ ժպիտով նրան ասաց՝ «Այո՛, ես էլ եմ այդպես մտածում»:

1913 թվականին կրտսեր լեյտենանտ Գոլլը ծառայում է փոխգնդապետ Ֆիլիպ Պետենի հետևակային գնդում, մասնակցում Առաջին համաշխարհային պատերազմին, հետագայում գերի է ընկնում եւ 5 անգամ փախուստի փորձ է անում, սակայն միայն պատերազմի ավարտից հետո է վերադառնում Ֆրանսիա: Բացառվում է, որ գերության ծանր ժամանակահատվածը Գոլլին ընկճող կամ իր նվիրական նպատակներից հետ պահող գործոն լիներ. Ֆրանսիա գալուց անմիջապես հետո նա Փարիզի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունում ևս 5 տարի մասնագիտանում է ռազմական գործում, որից հետո մի քանի գիրք է հրատարակում, իսկ արդեն 20-ական թվականներին հանդես է գալիս բազմաթիվ հոդվածներով ու ելույթներով, որոնցում հիմնականում վերլուծում է Առաջին համաշխարհայինի հետեւանքները:

Այն իդեալն ու բարձունքը, որին ձգտում էր Գոլլը, իրական առաջնորդի, ուժեղ մարդու կերպարն էր, որը նրա մեջ միս ու արյուն էր առել բացառապես գերմանացի հայտնի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի հայացքների ազդեցությամբ: Նիցշեն խոսում էր «ազատ ուղեղների» մասին, մարդկանց, ովքեր իրենց առջև գիտակցաբար դնում են մարդկության «կատարելագործմանն» ուղղված նպատակներ, որոնց համար ոչ մի սահմանափակում չկա, նրանք են ստեղծում իրենց բարոյականությունը եւ պատասխանատու են իրենց քայլերի ու դրանց հետևանքների համար: «Վերբարոյականին», «բարուց և չարից անդին գտնվող» մարդուն Նիցշեն անվանեց «գերմարդ»: Հենց նման գաղափարախոսությամբ և նման կենսակերպով ու ինքնակատարելագործման նկրտումով էլ Շառլ դը Գոլլն անցնում է ևս մի համաշխարհային պատերազմի բոցերով, հանրությանն արթնացնում է ֆաշիզմի դեմ, հիմնում «Ազատ ֆրանսիացիների» («Պատիվ և հայրենիք» կարգախոսով) կուսակցությունը, աջակցում ապագաղութացման շարժմանը և վերջապես հիմնում և նախագահում Ֆրանսիայի 5-րդ հանրապետությունը:

Հետաքրքրական են նրա և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հարաբերությունները, ով ի դեպ Երկրորդ համաշխարհայինի տարիներին աջակցում էր Գոլլին` նպատակ ունենալով վերջինիս միջոցով ճնշել ներքին դիմադրությունը, իշխանություն ձեռք բերել ազատ գաղութների նկատմամբ: Սակայն նրա համառությունը նույնիսկ երբեմն ափերից հանում էր Չերչիլին, ուստի նրանց համատեղ գործունեությունը լավ էր ընթանում մինչև առաջին չնչին անհամաձայնության պահը, որից հետո նրանք երկար վիճում էին: Հետագայում, սակայն, ԱՄՆ 32-րդ նախագահ Ռուզվելտին հաջողվեց իր իսկ շահերից ելնելով Չերչիլին տրամադրել դը Գոլլի դեմ: Ինքը` դը Գոլլը` «բռնապետի սովորություններով անգլոֆոբը» (Չերչիլի արտահայտությունն է), միմիայն հարգանքով է արտահայտվել Չերչիլի մասին և միայն մի անգամ վիրավորված ասել է Էյզենհաուերին. «Չերչիլը կարծում է, թե ես ինձ Ժաննա դ’Արկ եմ երևակայում, նա սխալվում է: Ես ինձ միայն որպես գեներալ դը Գոլլ եմ ընդունում», «Ես սովորաբար զայրանում եմ, երբ իրավացի եմ: Իսկ Չերչիլը զայրանում է, երբ իրավացի չէ: Այդ պատճառով է, որ մենք հաճախ ենք բարկանում միմյանց վրա»:

Նա հմուտ քաղաքագետ էր եւ իր գործունեության մեջ ու կյանքում միշտ պահում էր խորհրդավորության և հուզականության շղարշը` երբեք իր ծրագրերը այլոց առաջ չբացելով: Հնարավորինս չեզոք մնալու գերազանց որակ, երբ միանշանակորեն ինչ-որ մեկի կողմը չէր անցնում, բացարձակ չէր քննադատում, դրան զուգահեռ էլ փորձում էր աջակցություն ստանալ բոլոր հնարավոր կողմերից:

Որպես առեղծվածային առաջնորդ թեև շրջապատված էր տարբեր մարդկանցով, միշտ ասում էր. «Ես միայնակ մարդ եմ…ես պատկանում եմ բոլորին և ոչ ոքի»: Իր կյանքի 80 տարում նա կարողացավ երկրորդ մեծագույն մարդը դառնալ Ֆրանսիայում` ժաննա դ’Արկից հետո, նա հայրենասեր և օրինապաշտ մարդու օրինակ էր ֆրանսիացի ժողովրդի համար: Հասցրեց երկու անգամ ընտրվել երկրի նախագահ՝ իշխանությունն ստանձնելով ազգի համար ծայրահեղ լարված և ճգնաժամային պահերին, բայց և երկու դեպքում էլ իր ժողովրդին ժառանգելով տնտեսապես կայուն և միջազգային հեղինակության հասած երկիր:

1970թ. գեներալ Շառլ դը Գոլլի սիրտը դադարեց բաբախել: Ժամանակը հաղթեց նրան, ինչպես ինքն էր ասում. «Դուք կապրեք, ժամանակը սպանում է միայն ուժեղներին»:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #15 (931) 19.04.2012 – 25.04.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


25/04/2012