ՆԱՅԵԼՈՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում ոչ միայն մարդկության պատմության անբաժանելի մասն է, այլև նրա թերևս ամենաողբերգական էջերից մեկը։ Եվ հենց անհատական ու ընտանեկան պատմությունների այս անվերջանալի շարանի, ողբերգական ճակատագրերի հերթագայությունների լույսի ներքո կենդանանում, իրական կերպարանք է առնում Հայոց Մեծ եղեռնը։ Բայցև միաժամանակ այն կայացած ճակատագրերի հերթագայություն է։ Նրանք, ովքեր կարողացան հաղթահարել հոգեկան խոր դրաման ու սեփական ձեռքերով ոչնչից կառուցել սեփական նոր կյանքի ուղին՝ անտեսելով ցանկացած խոչընդոտ ու հանգամանք։
…Դեռ ողջ է, ապրում է 1923 թվականին ծնված իմ մեծ հայրիկը՝ Գրիգորի (Հրայր) Զաքարի Առաքելովը, որի ծնողները տեսել, վերապրել են Հայոց ցեղասպանությունը։ Եղեռնը նրա համար ավելի քան իրական, կենդանի ընտանեկան մի պատմություն է, որի մանրամասները նա բազմիցս լսել է հարազատների շուրթերից։
Այս լուսանկարում իմ մեծ հայրիկի ծնողներն են՝ Զաքար և Մարի Առաքելյանները, որոնք հայրենիքից զրկվել են տարբեր ժամանակ։ Զաքարի ընտանիքն ստիպված է եղել Կարսը թողնել ու փախչել 1896-ին։ Նյութապես ապահով նրանց ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել և բնակություն հաստատել Սև ծովի ափամերձ շրջաններից մեկում՝ շարունակելով և հաջողությամբ զարգացնելով ընտանեկան գործը։
Թուրքական յաթաղանից փրկված պապիս և նրա եղբոր՝ Գրիգորի մտքով անգամ չէր կարող անցնել, որ իրական ողբերգությունը դեռ առջևում է՝ Մեծ Պատմության մեկ այլ ջրապտույտի հորձանուտում, որտեղ մարդու կյանքն ու մարդկային ճակատագիրը գրոշի արժեք չունեին։ Ընդամենը մեկ տարի անց Զաքարն աքսորվում է Սոլովկի, և իր հարազատներին այլևս չի հաջողվում ոչ միայն նրա գերեզմանի տեղը գտնել, այլև գոնե անունը՝ գնդակահարվածների ցուցակներում կարդալ։
Գրիգորը, որը հոգևորական էր ձեռնադրվել, գնդակահարվում է 20-ական թվականներին (թաղված է Ադիգեյում)։
Մարին (օրիորդական ազգանունը՝ Պապիկյան), որի ընտանիքը 1915թ. Մեծ եղեռնի տարում Տրապիզոնում էր ապրում, կոտորածների ժամանակ կորցնում է ծնողներին, եղբորն ու երկու քույրերին։ Հրաշքով փրկված Մարին և նրա ավագ քույրը՝ Վիկտորիան, իրենց նման որբ երիտասարդ աղջիկների ու մի խումբ երեխաների հետ հայտնվում են բաց ծովում՝ բախտի քմահաճույքին թողնված ինչ-որ նավակում։ Փրկում է ֆրանսիական առաքելությունը, որը հետագայում նաև օգնում է նրանց Ֆրանսիայից Ռուսաստան տեղափոխվել՝ հարազատների մոտ։ Մարին հենց այստեղ էլ ծանոթանում է Զաքարի հետ։
Նրանց սպասում էր ընտանեկան երջանիկ մի կյանք, սակայն ճակատագիրը, ավաղ, համատեղ կյանքի կարճատև մի ժամանակահատված, այն էլ թերևս այն պատճառով, որ մենք՝ աշխարհով մեկ ցրված իրենց ժառանգները, այսօր նայելով նրանց լուսանկարներին, ոչ միայն մեր արյունակցական հարազատությունն զգանք, այլև ամենից առաջ մտածենք Աստծո կողմից մարդուն տրված թեկուզ վաղանցիկ ու դժվարին այս կյանքի մասին։Նրանց լուսանկարներին նայելով՝ պատկերացրեք, ես բոլորովին էլ չեմ մտածում Եղեռնի մասին։ Նայելով նախնիներիս նրբաոճ հագուստին, պապիս զինվորական, ձգված կեցվածքին, նրա պայծառ աչքերի կրակոտ փայլին, հակառակ տեսած և վերապրած սարսափների, ապա և տատիս վեհորեն խաղաղ ու արժանապատիվ դիմագծերին, ակամա մտածում եմ այն մշակույթի և քաղաքակրթության մասին, որ ծնել ու սնել է նրանց ֆենոմենը։
Մտածում եմ 19-րդ դարի Կարսի՝ այն քաղաքի մասին, որ մնալով սահմանից անդին՝ թերևս հարաբերականորեն կամ ձևականորեն էր պատկանում Արևմտյան Հայաստանի մշակութային դաշտին… Մտածում եմ այն քաղաքի մասին, որը թերևս մի հսկայական մշակութային տարածքի սիրտն էր… Քաղաք, որի հետ են կապված մեր մշակույթի այնպիսի նշանավոր անուններ, ինչպիսիք են հանճարեղ Չարենցն ու խարիզմատիկ Գյուրջիևը… Այն քաղաքի, որ հայտնի էր ոչ միայն իր պատմությամբ և հայկական ինքնատիպ մշակույթով, այլև բարձրաշխարհիկ կյանքով, ակումբներով, բանաստեղծական խմբակներով, նորաձև հագնվողներով…
…Եվ այս մետաքսահյուս շղարշի վրա, ինչպես ձեռագործ ասեղնանկար, տեսնում եմ իմ նախնյաց խորապես ավանդական և ոչնչի առջև չխոնարհվող կերպարը։
ՎԻԿՏՈՐԻԱ ԱՌԱՔԵԼՈՎԱ
բանասիրական գիտությունների
թեկնածու