Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՆՁ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ՄԱՐԴՈՒ՝ ԻՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ»



Զրույց ՊՆ ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական ՎԱՂԱՐՇԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ

-Պարոն Ավետիսյան, «Հայ զինվորը» իր և ընթերցողների անունից շնորհավորում է Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում, որ Ձեր գալիք տարիները լինեն է՛լ ավելի բեղմնավոր, լի ձեռքբերումներով, նվաճումներով… թող հաջողությունը լինի Ձեր մշտական ուղեկիցը և՛ անձնական կյանքում, և՛ աշխատանքում։ Ծննդյան տարեդարձի կապակցությամբ այս զրույցը պատեհ առիթ է ներկայանալու հասարակությանը, պատմելու ապրած կյանքի առավել հիշարժան դրվագները… Գոնե մի քանի ժամով դուրս գալու գործնական-աշխատանքային ռիթմից ու… կերպարից, վերադառնալու անցյալ, մոտենալու սեփական հույզերին, ապրումներին…

-Իմ վաղ մանկությունն անցել է գյուղական միջավայրում, շփվել եմ հողի, բուսականության, կենդանական աշխարհի հետ… Ես այդպես էլ չկարողացա կտրվել բնությունից՝ ո՛չ գործնականում, ո՛չ հոգեբանորեն։

Մանկության ամենավառ հիշողությունը տատիս ու պապիս անսահման սերն էր իմ հանդեպ։ Դա սիրո ամենամեծ ու ինքնանվեր դրսևորումն է, որ զգացել եմ իմ ամբողջ կյանքում։

-Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Դուք սակավախոս էիք։ Հուսամ, այս զրույցը կտարբերվի նախորդից իր անմիջականությամբ:

-Ես ինքնամփոփ մարդ եմ։ Չեմ սիրում մեծ շփումներ, աղմկոտ հասարակություն։ Ես հռետոր չեմ ։ Ավելի շատ ներհայաց մարդ եմ ու շատ հազվադեպ եմ խոսում իմ ապրումների ու զգացումների մասին։ Թերևս ամենամտերիմ մարդկանց հետ։ Շատ մեծ վարպետություն է պետք դիպչելու իմ սրտին և ստեղծելու այնպիսի մթնոլորտ ու կոլորիտ, որ ես խոսեմ իմ ապրումների մասին։ Իսկ մանկության տարիներին չափազանց ամոթխած էի ու երկչոտ։

Ես 8 տարեկան էի, երբ իմ ընտանիքը գյուղից տեղափոխվեց Երևան։ Գիտեք, դա ինձ համար դժվարին փորձություն էր՝ նոր միջավայր, նոր դասընկերներ, նոր ուսուցիչներ… առաջադիմությունս միանգամից ընկավ։ Գաղտնիք ասեմ… ես հիմա էլ եմ այդպիսին։ Զգացմունքի մարդ եմ… Հնարավոր է շատ հեշտորեն կասեցնել իմ խանդավառությունը, ներշնչանքը։

-Ձեր թշնամիներին չասեք այդ մասին…

-Ես թշնամիներ չունեմ։ Գիտեք, ինձ համար ինչն է ամենաանտանելին, որն ինձ կարող է թևաթափ անել, երբ մտածում եմ, որ ինչ-որ մեկին նեղացրել եմ, կամ ինչ-որ մեկը վատ է տրամադրված իմ հանդեպ… Ես չեմ կարող տանել որևէ մեկի հակակրանքը…

-Ես էլ… ու Ձեզ շատ լավ եմ հասկանում։

-Իսկ Դուք ասում եք՝ թշնամիներ։ Ես երբեք չեմ ձգտել մեծ նվաճումների, այս աշխատանքը (պաշտոնը), որ հիմա ունեմ, նույնիսկ ամենահամարձակ երազանքներիս շրջանակում չի եղել։ Ինձ համար ամենակարևորը հոգեկան «կոմֆորտն է»…

-Գիտե՞ք, ինչ եմ մտածում, մարդու այդ տեսակը լա՞վ պաշտոնյա է դառնում։

-Այո՛… իր ապրումների, հույզերի հաշվին։ Ես հաստատուն տեսակ եմ, մինչ օրս դավանում եմ նույն արժեքները, գաղափարները, բարոյական նորմերը, որ ունեի պատանեկության ու երիտասարդության տարիներին։ Ես կարծում եմ, որ դրանք մշտնջենական արժեքներ են, որոնք կապ չունեն ժամանակի, հասարակարգի ու այլ արտաքին ազդակների հետ։

-Որոնք են այն արժեքները, որոնք Դուք մշտնջենական եք անվանում։

-Հայրենիքը… սեփական անձիդ արժանապատվությունը… Կարեկցանքը մարդու հանդեպ, կողքինիդ օգնելու պատրաստակամությունը։ Սերը։ Բարությունը։ Եթե հարցնեք, թերևս չկարողանամ լիարժեք պատասխանել, թե ովքեր և ինչպես էին այդ արժեքները արմատավորում իմ սերնդի հոգեբանության մեջ։

-Փորձեք պատասխանել։

-Մի տեսակ, այդ արժեքները ամենուր էին, ասես դրանք շնչում էինք օդի հետ։ Մեր ուսուցիչները, դասախոսները… նրանք հեղինակություն էին: Նրանք դասարան ու լսարան էին մտնում առաջին հերթին իրենց սաներին դաստիարակելու, հետո միայն գիտելիք տալու համար։ Մենք սովորում էինք նրանցից… ակամա սովորում էինք։

Մտավորականները… Նրանք չափանիշ էին։ Ազգասեր, խրոխտ, անկաշկանդ մարդիկ՝ առաջնորդներ, որոնք անսահման սեր ու հարգանք էին վայելում հասարակության մեջ, ու ժողովուրդը նրանց հավատում էր։ Նրանք անքննարկելի արժեք էին։ Նրանք չափանիշներ էին հուշում, նրանց ապրած կյանքը, ամեն մի բառը բարոյական օրենքի ուժ ունեին։

-Այսօր կա՞ն նման մտավորականներ։

-Կան, բայց քիչ են… Սոս Սարգսյանին լսեցի մի քանի օր առաջ։ Հետո Վարդուհի Վարդերեսյանին… Ես մտածում եմ, եթե նրանց նմանները շատ լինեին, ժողովուրդը կհամախմբվեր նրանց շուրջը ու կվերանայեր իր արժեքներն ու գաղափարները։

-Ըստ իս, իշխանավորներն ավելի շատ ունեն իրենց արժեքներն ու գաղափարները վերանայելու կարիք։ Ձեր կենսագրությանը ծանոթանալիս, իմացա, որ խորհրդային բանակում ծառայելուց առաջ ամուսնացել եք։ Հետաքրքիր է լսել Ձեր սիրո պատմությունը։ Ի դեպ, Դուք հաճա՞խ եք սիրահարվում։

-Երևի, պիտի հարցնեիք՝ հաճա՞խ էիք սիրահարվում։ Այո՝ հաճախ, բայց ինքս իմ մեջ։ Շարունակություն չէր լինում, չէի համարձակվում: Միշտ սիրել եմ գեղեցիկ, խելացի, կենսուրախ կանանց։ Ես կարգապահ եմ ու տանել չեմ կարող թափթփվածությունը։ Տանը պետք է լիակատար կարգուկանոն լինի՝ շնորհիվ կնոջ։ Կինը պետք է լավ տնտեսուհի լինի, իմ բախտը բերել է այդ առումով։

-Իսկ մյուս «առումներով» (գեղեցիկ, խելացի, կենսուրախ)։

-Ընդհանուր առմամբ՝ բախտս բերել է։ Ես բծախնդիր մարդ եմ, ու ընտանեկան հարմարավետությունը կենսական նշանակություն ունի ինձ համար։

-Դուք 20 տարի աշխատում եք ՊՆ համակարգի ֆինանսական ծառայությունում, սկսել եք որպես վարչության պետի տեղակալ, այնուհետև ղեկավարել եք կառույցը։ Ձեր վիճակը աննախանձելի է այն առումով, որ անմիջականորեն պատասխանատվություն եք կրում բոլոր թերացումների ու ձախողումների համար։

-Նաև՝ հաջողությունների ու ձեռքբերումների։

-Իհարկե… Ուրեմն, պատասխանեք խնդրեմ, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ նվաճումը ու ամենալուրջ բացթողումը անցած 20 տարիների ընթացքում։

-Ես անմիջականորեն մասնակցել եմ ՊՆ ֆինանսական տնտեսության ձևավորմանը, ինչը հնարավորություն է ընձեռել ապահովելու ՊՆ տնտեսական համակարգի գործունեությունը։ Կարեւոր է անձնակազմի մասնագիտական կարողությունները ժամանակի պահանջներին համահունչ զարգացնելու հարցը, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Կարևորում եմ նաև տնտեսական գործունեություն ապահովող ոլորտային ծրագրերի մշակումն ու ներդրումը, ինչը կդառնա երաշխիք՝ բարձրացնելու մեր գործունեության արդյունավետությունը։

-Պարոն Ավետիսյան, Դուք 20 տարվա ղեկավար աշխատանքի փորձ ունեք։ Որո՞նք են արդյունավետ ղեկավարման կարևորագույն նախադրյալները։

-Ի տարբերություն շատերի, ես խուսափում եմ անձնակազմի հետ անմիջական շփումներից։ Ես կարիք չունեմ լինելու համակարգի ներքին օղակներում… հարցնելու ենթականերիս որպիսությունը… կամ բացատրելու իմ աշխատանքի սկզբունքները։ Եվ պարտադիր չէ, որ ես և իմ ենթակաները ընկերներ լինենք… Ես ունեմ աշխատանքի այլ մոդել։ Մենք համախոհներ ենք, նույն գաղափարի ու նույն նպատակի համար աշխատող մարդիկ։ Եվ այդ դեպքում խիստ հրատապ է ղեկավարի նպատակի և աշխատաոճի արդյունավետության հիմնավորումը։ Ես շատ քիչ նշանակություն եմ տալիս անհատական գործոնին և կարծում եմ պետք է նվազեցնել անհատի յուրահատկությունների դերը պետական ծառայության ոլորտում։ Ենթակայի հանդեպ սրտացավությունը պաշտոնյայի՝ օրենքով սահմանված պարտականությունն է։ Ընդամենը՝ պաշտոնյան պետք է կատարի իր պարտականությունը՝ գնահատի ենթակայի աշխատանքը, խրախուսի, ապահովի առաջխաղացումը և այլն։ Ես ջանում եմ, որ իմ ղեկավարած կառույցում բոլորը կատարեն իրենց՝ օրենքով սահմանված պարտկանությունները։

-Որպես քաղաքացի՝ ի՞նչն է Ձեզ հուզում այսօր, և ի՞նչն է ոգևորում։

-Ինձ հուզում է կենսամակարդակի բևեռացումը, որը տարամիտում է մեր ուժը, գաղափարական միասնականությունը, մենք-ի զգացողությունը։ Ինձ ոգևորում է հայ մարդու՝ իր երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը։ Ապագայի հանդեպ հույսի ամենամեծ երաշխիքը հայ մարդն է՝ իր երկիրը կառուցելու, հողը անառիկ պահելու ինքնազոհ մղումով։

-Շնորհակալ եմ անկեղծ ու անմիջական զրույցի համար։ Ձեզ հոգու անդորր ու հարմարավետություն եմ մաղթում։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Ազգային բանակ


02/05/2012