…ՈՒԶՈՒՄ ԷՐ ՔԱՄԱՆՉԱ ՆՎԱԳԵԼ
1940թ. հոկտեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանի եւ բժշկական ինստիտուտի մի խումբ ուսանողներ զորակոչվեցին բանակ։ Նրանց մեջ էր համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանող Կառլոսը, որը զինկոմիսարիատ էր ներկայացել… քամանչայով։ Արդեն ճանապարհին, գնացքի վագոնում նրան խնդրում են մի բան նվագել։ Պարզվում է՝ չգիտի։ «Հապա ինչո՞ւ ես գործիքը հետդ վերցրել»,- հարցնում են զարմացած։ «Որ նվագել սովորեմ, ժամանակ շատ կունենամ»,- հանգիստ պատասխանում է նա։
Հազիվ թե Կառլոսը քամանչա նվագել սովորելու ժամանակ ունենար։ Նորակոչիկների խումբը հասնում է Ուկրաինայի Նովոգրադ-Վոլինսկ քաղաք, այստեղից ոտքով ճանապարհ ընկնում դեպի Բարանովկա, որտեղ սերժանտական դպրոց էր գործում։ Պայմաններն այստեղ խիստ էին, եւ տղաները գրեթե ամբողջ օրը պարապմունքների մեջ էին՝ վազել, սողալ, հրացան ու գնդացիր կրակել, շարային քայլք սովորել եւ այլն, հետո հոգնած պառկել քնելու։ Էլ ի՞նչ քամանչա, ի՞նչ բան։
Շուտով, սերժանտական դպրոցը չավարտած, Կառլոսին ուղարկում են հարեւան գյուղաքաղաք, որտեղ զորամաս էր տեղակայված, եւ հայտնի չէ՝ նա, ի վերջո, սովորե՞ց քամանչա նվագել, բայց հայտնի է նրա ողբերգական վախճանի պատմությունը, որն այսպես եղավ։
♦♦♦
Բանակ զորակոչվածների խմբում էր համալսարանի բանասիրական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Ռաֆայել Իշխանյանը, որը հետագայում դարձավ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայտնի լեզվաբանը սրտառուչ տողեր ունի գրած Կառլոսի մասին։ Բանակ մեկնած ուսանող տղաներն այլեւս չեն զորացրվում, որովհետեւ ամիսներ անց սկսվում է պատերազմը, որի առաջին հարվածներն իր վրա է զգում նաեւ նրանց զորամասը։ Ծանր, դաժան մարտեր։ Գունդը, որտեղ ծառայում էին տղաները, կորուստներ տալով նահանջում եւ դիրքեր է բռնում Սլուչ գետի ափին ամրացված կրակակետերում։ Թշնամին, փորձելով ճեղքել դիմադրությունը, կրակ է թափում օդից ու ցամաքից, բայց գունդը չի լքում դիրքերը։ Ռմբակոծումների ժամանակ ընդհատվում է կապը գնդի հրամանատարի հետ, եւ Ռաֆայելին հրամայվում է կենդանի կապի դեր խաղալ՝ հասնել հրամկետ եւ զեկուցել իրավիճակի մասին, այնտեղից բերել վաշտի հետագա գործողությունների մասին հրամանը։ Ռաֆայելը դժոխային ճանապարհ է անցնում՝ չորս կողմը սպանվածներ են, տնքացող վիրավորներ, հողը, թվում է, վառվում է ոտքերիդ տակ, եւ ծխի միջից Ռաֆայելը հանկարծ նկատում է Կառլոսին, որին չէր տեսել սերժանտական դպրոցից հեռանալուց եւ այլ զորամաս տեղափոխվելու օրից։ Դժվար է ճանաչում՝ Կառլոսի դեմքն ամբողջովին մրոտված էր, շորերը՝ կեղտոտ, պատառոտված, բայց չէր հեռանում կրակային դիտանցքից, եւ նրա գնդացիրը ճարճատում էր անընդհատ։ Դա երկու մարտական ընկերների՝ Կառլոսի եւ Ռաֆայելի վերջին հանդիպումն էր…
Պատերազմից հետո Ռաֆայելը փորձում է գտնել այն տղաներին, որոնց հետ նույն խմբով մեկնել էր բանակ՝ ժամկետային ծառայության, ու այդպես էլ չէր զորացրվել՝ սկսվել էր պատերազմը։ Գտնում է միայն մեկին՝ լոռեցի Շավարշ Դանիելյանին, հենց նրան, որի մասին դեռ բանակում լուր էր առել, թե սպանվել է։ Հանդիպումը 1946-ի գարնանն էր, Երեւանում։ Ռաֆայելը, որ այդպես էլ երկար ժամանակ չէր փոխում զինվորական շորերը, մի օր անցնում է Աբովյան փողոցով եւ տեսնում, որ դեպի իրեն է գալիս մեկը՝ դարձյալ զինվորական շորերով։ Շատ նման Շավարշ Դանիելյանին։ «Երեւի եղբայրն է»,- մտածում է Ռաֆայելը եւ… գրկախառնություն. ինքն էր՝ Շավարշը…
Իսկ ի՞նչ եղավ Կառլոսը։ Նրանից էլ Ռաֆայելը ոչ մի լուր չէր առնի, եթե չլիներ զարմանալի, միեւնույն ժամանակ տխուր մի զուգադիպություն։
Պատերազմից հետո տարիներ էին անցել, Ռաֆայել Իշխանյանը սովորում էր եւ պատրաստվում լեզվաբան դառնալ։ Անցել էր պատերազմի ծանր փորձությունների միջով, վիրավորվել, գերի էր ընկել, նորից վերադարձել շարք, բայց սովորելու տենչը չէր մարել։ Մի անգամ, մտքերով տարված, անցնում էր փողոցով, երբ մեկն անսպասելիորեն առաջը կտրեց։ Իր դպրոցական ընկերն էր, որը նույնպես անցել էր պատերազմի դաժան ճանապարհներով։ Պարզվեց՝ նա Ռաֆայելին մի լուսանկար ունի փոխանցելու, երկար ժամանակ պահել է գրպանում, որ հանդիպելիս հանձնի իրեն։ Ռաֆայելը զարմանքով տեսավ, որ լուսանկարում ինքն է՝ զինվորական շորերով, իսկ նկարի հետեւում գրված է՝ «Սիրելի Կառլոսին, 1941թ., հունվար»։ Հիշեց՝ դեռ պատերազմը չէր սկսվել, սերժանտական դպրոցում տղաներն առանձին-առանձին լուսանկարվեցին, եւ ինքն իր լուսանկարը Կառլոսին նվիրեց՝ ի հիշատակ։
Ինչպե՞ս էր լուսանկարը հայտնվել Ռաֆայել Իշխանյանի դպրոցական ընկերոջ մոտ, որին ռազմաճակատում ոչ մի անգամ չէր հանդիպել, չգիտեր էլ, որ նա էլ է կռվում։ Ահա թե ինչպես։ Պարզվեց, որ ընկերն այդ լուսանկարը հանել է Ուկրաինայում գերիների մի ճամբարում սպանված հայի գրպանից։ «Ձեռքի մեկը ջարդված, մի աչքը բոլորովին չկար, կրծքից էլ էր վիրավոր, երեւի թոքն էր ծակվել, որովհետեւ խոսելիս բերանից արյուն էր գալիս,- պատմում է ընկերը,- գիշերը մեռավ։ Գրպանից մի քանի թուղթ ու նկար հանեցի։ Քեզ ճանաչեցի ու պահեցի այս մեկը, վերցրո՛ւ»։
Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Պատմության էջերից