Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐ ԿԳՏՆՎԻ՞



Ռուս զինվորական փորձագետ, պահեստի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկու կարծիքով, հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի շուրջ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև փոխզիջում հնարավոր է միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները վերանայի ՀՀՊ համակարգերի տեղակայման շրջանները, իսկ եթե այդպիսիք շարունակեն մնալ Լեհաստանի տարածքն ու Բալթիկ ծովում գտնվող ռազմանավերը, ապա փոխզիջման մասին խոսք անգամ չի կարող լինել:

Գեներալ-լեյտենանտը հիշեցրել է՝ թեև Ռուսաստանը խստորեն առարկում է, Միացյալ Նահանգները, այդուհանդերձ, չհրաժարվեց Լեհաստանի տարածքում հորային բազավորման հակահրթիռներ տեղակայելու գաղափարից, և որ նման յուրաքանչյուր միավոր ինքնին անորոշության լրացուցիչ գործոն է, քանի որ այդ հորում հակահրթիռի փոխարեն կարելի է միանգամայն այլ նշանակության հրթիռ տեղադրել: Այն դեպքում, որ ԵվրոՀՀՊ-ին առնչվող խնդիրներում անորոշությունն առավել քան շատ է. Վաշինգտոնը սկզբնապես պնդելով, թե ԵվրոՀՀՊ-ն ծավալվում է Իրանից պաշտպանվելու համար, այժմ էլ հայտարարում է, թե իրանական սպառնալիքի վերացման դեպքում էլ համակարգը, միևնուն է, ծավալվելու է:

Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեեվի համոզմամբ, «Եվրոպայի նկատմամբ իրական հրթիռային սպառնալիքների վերլուծությունը վկայում է, որ այդպիսիք ուղղակի չկան», քանի որ ո՜չ Իրանը, և ո՜չ էլ Հյուսիսային Կորեան չունեն Եվրոպա ու առավել ևս Միացյալ Նահանգներ հասնելու ունակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծելու հնարավորություններ: Եվսեեվի կարծիքով, ոչ մի փոխզիջում էլ չի լինի, քանի որ Միացյալ Նահանգների հնարավորությունները բոլոր առումներով գերազանցում են Ռուսաստանին և Վաշինգտոնը, ուստի կշարունակի իր կամքը թելադրել:

Նրա հետ համակարծիք է նաև աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի աշխարհառազմավարության բաժանմունքի ղեկավար Պյոտր Բելովը. «Հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ստեղծման միջոցով Միացյալ Նահանգները փորձում է պահպանել կյանքի որակի բարձր մակարդակը, ինչը, սակայն, պահանջում է ռեսուրսների վերաբաշխում: Իսկ այդ վերաբաշխման նկատմամբ վերահսկողությունը պահանջում է աշխարհում ունենալ ռազմական լիակատար գերակշռություն»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


16/05/2012