ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՎՐԱՑԻ ԳԵՆԵՐԱԼ Է ՍՊԱՆՎԵԼ
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում, Ռուբլյովյան խճուղում սպանվել է Վրաստանի զինված ուժերի 25-րդ մոտոհրաձգային բրիգադի նախկին հրամանատար, 48-ամյա գեներալ Ռոման Դումբաձեն: Մարդասպանները նրան են մոտեցել մոտոցիկլետով և մի քանի բառ փոխանակելուց հետո կրակել գլխին ու փորին: Գեներալը ստացած վերքերից տեղում մահացել է:
2004 թվականին Վրաստանի իշխանությունների ու Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեի միջև հակամարտության ժամանակ գեներալը հրապարակավ հայտարարել էր, որ Բաթումում տեղակայված իր դիվիզիան կենթարկվի միայն Աբաշիձեի հրամաններին: Խռովարար գեներալը մի քանի ամիս անց ձերբակալվել էր և մինչ 2008 թվականը գտնվում էր բանտում, իսկ 2010 թվականից բնակվում էր Մոսկվայում:
Խորագիր՝ Նորություններ